Երկու
երիտասարդ նկարահանում են նախընտրական հանդիպումները, բայց չեն ասում, թե որտեղից
են Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի մամլո
խոսնակ Ռուզան Խաչատրյանի քարոզարշավը, որ սկսվել է սեպտեմբերի 6-ից՝ Բուզանդի փողոցի
եւ Գլխավոր պողոտայի հարակից տարածքների բնակիչների հետ հանդիպումներով, անհայտ անձանց
կողմից տեսագրվում է սկզբից մինչեւ վերջ: «Առաջին մի քանի հանդիպումների ընթացքում
այդ նկարահանումներն իրականացնող օպերատորները դեմքով ինձ ծանոթ էին ասուլիսներից
եւ, իրենց ասելով, ներկայացնում էին «Արմնյուս» եւ «Ավետիս» հեռուստաընկերությունները:
Բնականաբար, այդ ընկերությունների որեւէ հաղորդաշարով կամ տեղեկատվական ծրագրերով
երբեւէ ոչ մի խոսք չի եղել իմ քարոզարշավի մասին: Հասկանալի էր, որ նկարահանման պատվերն
իջեցված էր այլ մարդկանց կողմից: Մենք ստիպված էինք հաջորդ հանդիպումների ժամանակ
արգելել նկարահանումները»,- պատմեց Ռ. Խաչատրյանը: Բայց պատմությունը դրանով չէր
ավարտվել: Հաջորդ հանդիպումները, ինչպես նաեւ Զաքյան փողոցի բնակիչների հետ երեկվա
հանդիպումը, դարձյալ ծայրից ծայր նկարահանելու էին եկել երկու երիտասարդներ՝ Արսեն
եւ Արթուր անուններով (Ռ. Խաչատրյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներին նրանք
այդպես են ներկայացել): Ովքե՞ր են, ինչո՞ւ են նկարահանում, այդպես էլ պարզ չէր ոչ
նախորդ, ոչ երեկվա հանդիպման ժամանակ: Նախորդ՝ չորեքշաբթի օրը, նրանցից մեկը ներկայացել
էր որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից, բայց վկայականը «տանն էր
մոռացել», հետո արդեն Ռ. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե ԱԱԾ-ից չեն,
բայց նման մի տեղից են: Նույն օրը, երբ թեկնածուն արգելել էր նրանց նկարահանել, երիտասարդներից
մեկը հռետորական հարցադրում էր արել՝ «եթե մենք չնկարենք՝ կզրկվենք աշխատանքից, դուք
ուզում եք իմ երեխային առանց հացի՞ թողնել»: Երեկ էլ, երբ մենք թաղապետի թեկնածուի
հետ եղանք Զաքյան փողոցի վրա գտնվող զբոսայգում, նույն այդ երիտասարդները դարձյալ
եկել էին նկարահանումներ անելու եւ «Առավոտի» թղթակցին էլ հորդորեցին իրենց չնկարել
(իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ): Մեր այն հարցադրումներին, թե ովքե՞ր են իրենք, ոչ մի
պատասխան չհետեւեց: Փոխարենը նրանք նկարահանում էին թեկնածուի հետ զրույցի բռնված
քաղաքացիներին: Ռ. Խաչատրյանը երեկ մեզ ասաց, թե մտադիր է դիմել ԱԱԾ-ին եւ
ոստիկանությանը, նաեւ Կենտրոնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ կատարվածին
արձագանքելու պահանջով: Ն. Մ.