Ալբերտ
Բազեյանը բացում է փակագծերը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի
նախկին անդամներ Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը երեկ հրավիրած մամլո
ասուլիսի ժամանակ փորձեցին բացել որոշ փակագծեր՝ կապված իրենց եւ Արամ Սարգսյանի
միջեւ առաջացած հակասությունների եւ կուսակցությունից իրենց հեռանալու հետ: Փակագիծ
առաջին. «Ավելի քան մեկ տարի առաջ չգիտենք ովքեր եւ ինչ նկատառումներով Արամ Սարգսյանին
եւ մյուսներին հուշեցին եւ համոզեցին, որ իբր Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու
որոշումը Միացյալ Նահանգներում արդեն ընդունված է եւ ընտրյալ են լինելու այն քաղաքական
ուժերն ու գործիչները, ովքեր կորդեգրեն պրոամերիկյան կողմնորոշում եւ կիրականացնեն
ամերիկամետ ակտիվ քարոզչություն: Ենթադրվում էր նաեւ, որ գործող վարչախմբից ազատվելու
եւ իշխանության գալու համար Միացյալ Նահանգները ցուցաբերելու է համապատասխան դիվանագիտական,
քաղաքական եւ այլ կարգի աջակցություն: Այստեղից էլ սկսվեց ամերիկամետության մրցավազքը
եւ այս ողջ պատմությունը: Փորձեցինք բացատրել, որ այստեղ հավանաբար ինչ-որ սցենար
է խաղարկվում, որին վստահել չի կարելի, եւ Հայաստանի հասարակությունը կարող է բացասաբար
ընկալել նման գործելակերպը, բայց՝ ապարդյուն»: Ալբերտ Բազեյանը «Հանրապետություն»
կուսակցության այսօրվա գործունեությունը եւ հնչեցվող հայտարարությունները նոր ֆորմատների,
հեղափոխությունների եւ այլնի մասով կապում է վերը նշված խոստումների հետ: Փակագիծ
երկրորդ. ասվեց, որ եւ «Միասնություն» դաշինքի, եւ «Արդարության», եւ Արամ Սարգսյանի
նախագահական ծրագրում շեշտված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը:
Այսօր այլ բան ասելով՝ Արամ Սարգսյանը, ըստ Ալբերտ Բազեյանի, դավաճանում է իր իսկ
ծրագրին: Փակագիծ երրորդ. պարոն Բազեյանը ասուլիսում ընթերցեց իրեն ուղղված
Վազգեն Սարգսյանի նամակը, որը, ըստ նրա, ավելի կբացահայտի իր եւ Վազգեն Սարգսյանի
հարաբերությունների բնույթը. «Մեր հարաբերությունները եղել են զինակիցների հարաբերություններ,
մենք միասնական ենք եղել մեր գաղափարներն առաջ տանելու խնդրում, ես հարգել եմ նրա
անձը, գործունեությունը, աշխատասիրությունը եւ միշտ էլ նրա հետ եմ եղել, բայց մեր
հարաբերությունները եղել են նաեւ գործընկերային»: Որպես ապացույց, պրն Բազեյանը հրապարակեց
Վ. Սարգսյանի՝ իրեն ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն
Բազեյան, տեղյակ եմ պահում ձեզ եւ խնդրում եմ բառացի հաղորդել ԵԿՄ վարչությանը եւ
ԱԺ խմբի անդամներին հետեւյալը՝ ես եւ Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ դնելու ենք մեր
թեկնածությունը նախագահական ընտրություններում, կարծում եմ՝ ոչ ոք իրավունք չունի
կասկածել մեր ողջախոհության, հայրենասիրության վրա: Ասել է թե՝ մեզ իրավունք ենք
վերապահում յոթից ութ օրվա ընթացքում որոշել, թե մեզանից ով պետք է գնա մինչեւ վերջ:
Դա կախված է լինելու ամեն օր փոփոխվող քաղաքական հանգամանքների, ուժերի՝ մեզանից
անկախ վերադասավորությամբ, հասարակական կարծիքի լրջագույն գնահատման հանգամանքների
հանրագումարով»: Նամակում ասվել էր նաեւ. «Ներողություն եմ խնդրում ԱԺ նախագահի ընտրություններում
ձեր վրա ճնշում գործադրելու համար /խոսքը Խոսրով Հարությունյանի մասին է-Մ. Ե./,
չնայած, կարծես թե նախօրոք համաձայնեցրել էինք սկզբունքը, ինչ որ է, կներեք, այլեւս
չի կրկնվի: Միաժամանակ, իրավունք ունեմ նույնը պահանջել ձեզանից: Եթե որոշել եք ի
սկզբանե որդեգրել ՀՀՇ-Լեւոն Տեր-Պետրոսյան հարաբերությունների սկզբունքը, ես դա մերժում
եմ, քանզի տեսա, թե դա ինչի հանգեցրեց երկիրը: Բոլոր դեպքերում շարժվելու ենք համազգային
շահերից ելնելով եւ ոչ թե կուսակցական կամ խմբային»: Նամակը գրվել է 1998-ի փետրվարի
2-ին: Փակագիծ հինգերորդ՝ Արամ Սարգսյանն է առաջարկել Ալբերտ Բազեյանին եւ
Վաղարշակ Հարությունյանին՝ հաշվի առնելով առկա խորացած լարվածությունը եւ հակասությունները՝
դուրս գալ կուսակցությունից: Երեկ պատասխանելով մեր հարցին՝ այդպե՞ս է, արդյոք, Արամ
Սարգսյանն ասաց. «Ես ընդհանրապես աշխատել եմ, եւ մեր համագումարը դա ցույց տվեց,
աշխատել եմ տարիուկես արդեն, որ կուսակցությունը մնա կուռ, ամուր, եւ ցանկացած կուսակցության
խնդիրը դա է, որ կուսակցությունը մնա կուռ եւ ամուր, շարքերն ավելացվեն եւ ոչ թե
տարանջատվեն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ