Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրի

Սեպտեմբեր 14,2005 00:00

Շեքսպիրի բեմադրիչը՝ Շեքսպիրյան փառատոնին Շեքսպիրյան գործերի աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան Երեւանում է Նա «Արմմոնո» մոնոներկայացումների Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրն է: Վրաց բեմադրիչի նախորդ այցելությունը Հայաստան՝ շուրջ 10 տարի առաջ էր: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա սեր խոստովանեց Հայաստանին ու հայ ժողովրդին: «Այս երկիրն ինձ հոգեհարազատ է… ես բախտ եմ ունեցել ճանաչել հայ ականավոր կոմպոզիտորների, մտերիմ եմ եղել Աճեմյանի ու Ղափլանյանի հետ, իսկ Ռոբերտ Էլիբեկյանի հետ նույն կուրսում ենք սովորել»,- ասաց Ստուրուան: Նաեւ տեղեկացրեց, որ քեռին ամուսնացել է հայուհու հետ, որը փորձում էր կայանալ իբրեւ դերասանուհի. «Բայց քեռիս, որպես իսկական կովկասցի տղամարդ, կնոջը թույլ չտվեց աշխատել թատրոնում եւ պահանջեց, որ ազատվի աշխատանքից ու տանը նստի»: Բեմադրիչն ասաց, որ մոտիկից ճանաչել է նաեւ Սերգեյ Փարաջանովին, հատկապես տպավորված է նրա «Մոռացված նախնիների ստվերները» հանրահայտ ֆիլմից: Ռոբերտ Ստուրուան աշխարհի 5 երկրում (նաեւ Թուրքիայում) բեմադրել է Շեքսպիրի «Համլետը» ու, մասնագետների կարծիքով, ամեն անգամ նորովի: Տաղանդավոր արվեստագետն իր մասին համեստորեն է արտահայտվում. «Ես սովորական ռեժիսոր եմ, տաղանդ չունեմ, ընդամենը փորձում եմ»: Լոնդոնում նրա բեմադրած «Համլետը» հայտնվել է 50 տարվա ընթացքում այդ երկրում լավագույնս բեմադրված շեքսպիրյան գործերի տասնյակում: Ստուրուան ասում է, որ շեքսպիրյան ամեն հերոսի մեջ իր մասնիկն է տեսնում, իսկ ավելի շատ իրեն նմանեցնում է Ռիչարդ 3-րդին: Նա խոստովանեց, որ ռեժիսոր է դարձել ակամա: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո՝ չգիտեր՝ ֆիզիկոսի՞, թե՞ ռեժիսորի մասնագիտությունն ընտրել: Ու երբ իր համադասարանցին ասել է, որ դիմել է ֆիզմաթ ֆակուլտետ, ի հեճուկս վերջինիս՝ ինքն էլ թատրոնն է ընտրել: Բեմադրիչը փաստեց, որ ներկայումս համաշխարհային թատրոնը ճգնաժամ է ապրում, մի վիճակ, որ միշտ էլ բնորոշ է թատրոնին: «Թատրոններն ասես վերածվել են ռեժիսորի թատրոնի, դրամատուրգներն ու արտիստներն էլ դարձել են վերջիններիս «զոհը»: Ցավոք, մարդիկ հիմա թատրոն են գալիս ոչ թե ներկայացում, այլ ռեժիսորի աշխարհը դիտելու»,- ասաց նա: Իսկ սկսնակներին փորձառու ռեժիսորը խորհուրդ տվեց նախ փորձել իրենց ճանաչել, հետո՝ ուրիշներին, նաեւ ձերբազատվել բոլոր բարդույթներից ու կարծրացած ավանդույթներից: Հարցին՝ Ստանիսլավսկո՞ւ, թե՞ Բրեխտի մեթոդով է աշխատում, Ռ. Ստուրուան պատասխանեց. «Ստանիսլավսկու մեթոդը ստալինյան ռեժիմի ծնունդ էր, որը բոլոր թատրոններին պարտադրում էր անպայման լինել ռեալիստ…Խեղճ Ստանիսլավսկին հեռացավ թատրոնից, որովհետեւ նույն ռեժիմը նրանից խրտվիլակ էր սարքել: Ես կոնկրետ մեթոդ չեմ ընդունում, սիրում եմ եւ Վախթանգովին, եւ Ստանիսլավսկուն, եւ Բրեխտին»: Ստուրուան նորմալ է վերաբերվում թատերական քննադատներին, սակայն գտնում է, որ վերջին շրջանում նրանցից ոմանք ոտնահարում են տարրական քաղաքավարության նորմերը. «Պատահում են այնպիսիները, որ ուղղակի ցեխ են շպրտում մարդկանց վրա: Նման դեպքերում քիչ է մնում դրանց մռութին մի լավ հասցնես»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել