ԷՍ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷԼ «ՋՐՎԵՑ» Դեռ անցյալ տարի Միջազգային քաղաքացիական ընկերակցության համանախագահ Արզու Աբդուլաեւան հայաստանյան իր գործընկերներին առաջարկում էր ուսումնասիրել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ ժամանակին տարածքային վեճ հանդիսացած Ալանդյան կղզիների (գտնվում է Ֆինլանդիայի կազմում, բայց երբեւէ պատկանել է Շվեդիային) հակամարտության օրինակելի լուծումը եւ դրա որոշակի դրույթներ կիրառել նաեւ ԼՂ հակամարտության լուծման համատեքստում: Վերջերս Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ «փորձի փոխանակման» նպատակով այցելել էին Ալանդյան կղզիներ: Հայկական պատվիրակության կազմում է եղել նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Ալանդների հակամարտությունը, որը ծագել է շվեդախոս այդ տարածքում բացառապես լեզվի պահպանության խնդրի շուրջ՝ լուծված է համարվում 1921 թ. Ազգերի լիգայի որոշման համաձայն, որով Ալանդները թողնվեցին Ֆինլանդիայի կազմում՝ որպես ինքնավարություն, բայց երկկողմ բանակցություններում սահմանվեց ինքնավարության մոդելը: Ալանդներում սկսեց գործել մասնավորապես «բնակության իրավունքի» դրույթը, ինչն անհնար է դարձնում Ալանդների դեմոգրաֆիական փոփոխությունը: Ազգերի լիգայի որոշումների համաձայն, Ալանդները հայտարարվեցին չեզոք գոտի: Ինչ վերաբերում է կառավարման համակարգին, ապա՝ Ալանդներն ունեն ուղղակի ընտրությունների միջոցով ձեւավորվող խորհրդարան, գործադիր իշխանություն: Կա նաեւ նահանգապետ, որը նշանակվում է Ֆինլանդիայի կողմից՝ Ալանդների խորհրդարանի հետ համաձայնեցնելուց հետո: Ինքնավարությունը Սահմանադրություն չունի, փոխարենը գործում է Ալանդյան կղզիների ինքնակառավարման մասին ակտ, որի դրույթների համաձայն, եթե Ֆինլանդիայի իշխանությունները միջազգային պայմանագրեր են կնքում այլ երկրների հետ, որոնք շոշափում են Ալանդների շահերը, ապա՝ այդ պայմանագրերը վավերացվում են Ալանդների խորհրդարանի կողմից: Հայկական կողմին, Ստ. Սաֆարյանի մատուցմամբ, հակամարտության լուծման այս օրինակը դժվար թե ընդունելի լինի, որովհետեւ Ադրբեջանն իր ժողովրդավարության եւ արժեքային համակարգի իմաստով Ֆինլանդիայից շատ հեռու է, որպեսզի առանց ուժային եւ վարչական լծակների գործադրման թույլ տա ԼՂ-ին ապրել այնպես, ինչպես այսօր ապրում են Ալանդյան կղզիներում: Մյուս կողմից, ԼՂ ժողովուրդն ունի ոչ թե լեզվի պահպանման, այլ ֆիզիկական անվտանգության խնդիր: Բացի այդ, վերլուծաբանի ասելով, նույնիսկ ադրբեջանցիներն իրենք հիացած չեն եղել Ալանդների ունեցած ինքնավարության մակարդակից: Պարզվում է, ադրբեջանցիները ընդհանուր առմամբ հավանել են Ալանդների կարգավիճակի «ինքնավարություն» ձեւակերպումը եւ հենց սա էլ առաջարկում են օրինակելի դարձնել ԼՂ պարագայում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ