Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ

Սեպտեմբեր 14,2005 00:00

«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԷԻՆ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՉԷԻՆ ԳԱԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ» Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը ընդդիմության վերադարձն ԱԺ համեմատել էր աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձի» հետ: – Ընդդիմության տեղը կա՛մ խորհրդարանն է, կա՛մ հրապարակը, կա՛մ էլ «լուսանցքը»: Հրապարակային պայքարը հետընտրական փուլում անարդյունավետ էր: Եվ կշտամբելով ընդդիմությանը բոյկոտը դադարեցնելու համար՝ հարկադրում եք նրանց մնալ «լուսանցքո՞ւմ»: – Եթե իմ հարկադրանքն ազդեր նրանց վրա՝ կասեի ավելի լուրջ բաներ: Բայց, ցավոք, նրանք չեն ազդվում դրանից: Տվյալ դեպքում՝ ինձ հավասարապես չի հետաքրքրում ընդդիմության գործունեությունը ե՛ւ հրապարակում, ե՛ւ խորհրդարանում: Ինձ հետաքրքրում է մեկ այլ բան՝ երբ քաղաքական գործիչները որոշում են կայացնում, ասենք, բոյկոտ հայտարարելու վերաբերյալ, նախօրոք մտածո՞ւմ են, թե ինչ նպատակ ունի այն, եւ պիտի՞ ունենա արդյունքներ: Այդ նպատակն իրականացա՞վ: Եթե հասել են ակնկալված արդյունքներին՝ ուրեմն, իրենք հաղթել են եւ կարող են այսուհետ գնալ Ազգային ժողով կամ մեկ ուրիշ տեղ: Բայց եթե չեն հասել իրենց նպատակին, ուրեմն՝ ձախողված են որպես քաղաքական գործիչներ: Ընդհանրապես՝ ով ձախողվել է, պիտի հեռանա: Ձախողված իշխանություն պետք չէ Հայաստանին: Բայց պետք չէ նաեւ ձախողված ընդդիմություն: Եվ ոչ թե դեմ եմ խորհրդարան նրանց վերադարձին, այլ ուզում եմ, որ հայտարարեն, թե ձախողվել են: Մի ճանապարհ կա շտկելու, մաքրվելու համար՝ ներողություն խնդրելը գործունեության սխալ ծրագիր ընտրելու, սխալ քայլեր անելու համար: Իսկ վերադառնալու պատճառաբանությո՜ւնը… «մեզ զանգել, ասում են՝ գնացեք մերկացրեք ռեժիմի դեմքը, եւ կոչ են անում վերադառնալ խորհրդարան»: Իսկ դրանից առաջ, երբ ձեզ ընտրում էին՝ կոչ չէի՞ն անում մնալ Ազգային ժողովում, աշխատել, ընդունել օրենքներ, ստեղծել քաղաքական մթնոլորտ: – Կան նաեւ այլ պատճառաբանություններ: Ասենք, որ այն պայմաններում, երբ ընդդիմությունը խիստ սահմանափակ հնարավորություն ունի էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղ հասցնելու իր ասելիքը՝ խորհրդարանական ամբիոնը փաստորեն դառնում է ժողովրդի հետ հաղորդակցման եզակի միջոց: Սա բավարար պատճա՞ռ չէ: – Բավարար հիմնավորում է, եթե մե՜ծ ցանկություն կա վերադառնալու խորհրդարան եւ ստեղծելու որոշակի հարմարություններ: Երբ ընդդիմությունը սրանից շուրջ 2 տարի առաջ հայտարարում էր այդ բոյկոտը՝ չգիտե՞ր, որ զրկվելու է այն հնարավորություններից, որոնք տալիս է խորհրդարանական ամբիոնը՝ այն պայմաններում, երբ արդեն իսկ չէին կարողանում իրենց գաղափարները քարոզել զանգվածային լրատվամիջոցներով: Փաստորեն՝ հիմա իմացա՞ն, որ այն ժամանակ սխալվել են: Ստացվում է, որ այն ժամանակ նրանք ոչ թե բոյկոտ են հայտարարել, (քանի որ չեն իմացել, թե ինչ են անում), այլ ուղղակի գործալքություն՝ «պռագուլ», առանց հասկանալու հեռացել են իրենց աշխատանքի վայրից: – Ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց 2004-ի փետրվարին, երբ նորից էին փորձում հասնել իշխանափոխության հանրահավաքային պայքարի միջոցով: Այդ ժամանակ կար ասելիքը տեղ հասցնելու միջոց՝ Մատենադարանի հարթակը: Հիմա են փոխվել պայմանները: – Թվաբանությունը «կատաստրոֆիկ» գիտություն է: Ընդդիմադիր ուժերն այժմ միասին արդարադատության նախարարությանը ներկայացրել են, թե ունեն 100 հազարից ավելի կուսակցականներ: Այդքան թվաքանակով Հայաստանում կարելի է ոչ միայն իշխանափոխություն անել… Բայց չեն կարողանո՞ւմ գոնե միայն իրենց կուսակցականներին մեկ անգամ հրավիրել Երեւան կամ հավաքվել որեւէ այլ տեղ: 100 հազար մարդ ունենալով, ստացվում է, ոչինչ չեն անում հրապարակում ու պիտի հեռուստատեսությա՞մբ ելույթ ունենան, որ հասնեն որեւէ արդյունքի: Բայց ո՞վ ասաց, թե իրենց՝ այդ վարքագիծն ունեցող եւ հրապարակում ձախողված մարդկանց ենք նախընտրելու դիտել հեռուստատեսությամբ: Սիրուշոն ավելի լավ է ելույթ է ունենում ՝ «Շորորա՜, թառլան ջան, շորորա՜»… Հետո, նրանք այդ ժամանակ հրապարակ եկան, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը բավարար չէր իրենց ծրագրերն իրականացնելու համար: Հիմա էլ հրապարակից հրաժարվում՝ խորհրդարան են վերադառնում: Այս ամենում ինձ անհանգստացնում է, որ չկա պատասխանատվություն՝ ընդդիմությունից որեւէ քաղաքական գործիչ իրեն պատասխանատու չի համարում սեփական արարքների համար: Նրանց համար գոյություն չունի պատճառահետեւանքային կապ, մինչդեռ քաղաքական գործիչը պիտի իմանա՝ «եթե… ապա»: – Այս գնահատականները թերեւս վերաբերում են միայն բոյկոտը լիարժեք դադարեցրած «Ազգային միաբանությա՞նը», քանի որ «Արդարությունը» չփոխեց որոշումը: Խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Բոյկոտի պատճառները վերացված չեն, մեր հարցադրումներն ու պահանջները ուժի մեջ են, եւ բնականաբար խոսք չի կարող լինել բոյկոտի դադարեցման մասին»: «Արդարությունը» շարունակելու է մասնակցել միայն կարեւորագույն հարցերի քննարկմանը: – ԱԺ-ում քննարկվող բոլոր հարցերն էլ կարեւոր են: «Արդարությունն» ավելի վատ վարվեց: «Ազգային միաբանությունը» գոնե ազնվորեն վերադարձավ, ճանաչեց իր պարտությունը՝ առանց դա ասելու: Ընդունեց, որ ձախողվել է բոյկոտի ծրագիրը եւ գլուխը կախ վերադարձավ: Իսկ այս մյուսները դա էլ չեն ուզում անել ու շատ ավելի վատ վիճակում են: Դեռ չեն էլ կողմնորոշվում ու հասկանում, թե ինչ պիտի անեն՝ աշխատե՞ն, թե՞ չաշխատեն: – Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Դուք առաջարկում եք, որ եթե ընդդիմությունը չի կարողացել անել անհնարինը՝ փոխել «Հանրաքվեի մասին» օրենքը, ուրեմն՝ թող չփորձի օգտվել նաեւ նվազագո՞ւյն հնարավորություններից: – Այո՛, քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Եվ մեր ընդդիմությունը տեղյակ չէ սեփական հնարավորություններին՝ գերագնահատել է դրանք. չի մշակում իրատեսական ծրագրեր, ուստի եւ չի կարողանում իրականացնել դրանք: Սա՛ պիտի արձանագրվի հիմա: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել