Շեքսպիրյան
գործերի աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան Երեւանում է Նա «Արմմոնո»
մոնոներկայացումների Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրն է: Վրաց բեմադրիչի նախորդ
այցելությունը Հայաստան՝ շուրջ 10 տարի առաջ էր: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում լրագրողների
հետ հանդիպման ժամանակ նա սեր խոստովանեց Հայաստանին ու հայ ժողովրդին: «Այս երկիրն
ինձ հոգեհարազատ է… ես բախտ եմ ունեցել ճանաչել հայ ականավոր կոմպոզիտորների, մտերիմ
եմ եղել Աճեմյանի ու Ղափլանյանի հետ, իսկ Ռոբերտ Էլիբեկյանի հետ նույն կուրսում ենք
սովորել»,- ասաց Ստուրուան: Նաեւ տեղեկացրեց, որ քեռին ամուսնացել է հայուհու հետ,
որը փորձում էր կայանալ իբրեւ դերասանուհի. «Բայց քեռիս, որպես իսկական կովկասցի
տղամարդ, կնոջը թույլ չտվեց աշխատել թատրոնում եւ պահանջեց, որ ազատվի աշխատանքից
ու տանը նստի»: Բեմադրիչն ասաց, որ մոտիկից ճանաչել է նաեւ Սերգեյ Փարաջանովին,
հատկապես տպավորված է նրա «Մոռացված նախնիների ստվերները» հանրահայտ ֆիլմից: Ռոբերտ
Ստուրուան աշխարհի 5 երկրում (նաեւ Թուրքիայում) բեմադրել է Շեքսպիրի «Համլետը» ու,
մասնագետների կարծիքով, ամեն անգամ նորովի: Տաղանդավոր արվեստագետն իր մասին համեստորեն
է արտահայտվում. «Ես սովորական ռեժիսոր եմ, տաղանդ չունեմ, ընդամենը փորձում եմ»:
Լոնդոնում նրա բեմադրած «Համլետը» հայտնվել է 50 տարվա ընթացքում այդ երկրում լավագույնս
բեմադրված շեքսպիրյան գործերի տասնյակում: Ստուրուան ասում է, որ շեքսպիրյան ամեն
հերոսի մեջ իր մասնիկն է տեսնում, իսկ ավելի շատ իրեն նմանեցնում է Ռիչարդ 3-րդին:
Նա խոստովանեց, որ ռեժիսոր է դարձել ակամա: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո՝
չգիտեր՝ ֆիզիկոսի՞, թե՞ ռեժիսորի մասնագիտությունն ընտրել: Ու երբ իր համադասարանցին
ասել է, որ դիմել է ֆիզմաթ ֆակուլտետ, ի հեճուկս վերջինիս՝ ինքն էլ թատրոնն է ընտրել:
Բեմադրիչը փաստեց, որ ներկայումս համաշխարհային թատրոնը ճգնաժամ է ապրում,
մի վիճակ, որ միշտ էլ բնորոշ է թատրոնին: «Թատրոններն ասես վերածվել են ռեժիսորի
թատրոնի, դրամատուրգներն ու արտիստներն էլ դարձել են վերջիններիս «զոհը»: Ցավոք,
մարդիկ հիմա թատրոն են գալիս ոչ թե ներկայացում, այլ ռեժիսորի աշխարհը դիտելու»,-
ասաց նա: Իսկ սկսնակներին փորձառու ռեժիսորը խորհուրդ տվեց նախ փորձել իրենց ճանաչել,
հետո՝ ուրիշներին, նաեւ ձերբազատվել բոլոր բարդույթներից ու կարծրացած ավանդույթներից:
Հարցին՝ Ստանիսլավսկո՞ւ, թե՞ Բրեխտի մեթոդով է աշխատում, Ռ. Ստուրուան պատասխանեց.
«Ստանիսլավսկու մեթոդը ստալինյան ռեժիմի ծնունդ էր, որը բոլոր թատրոններին պարտադրում
էր անպայման լինել ռեալիստ…Խեղճ Ստանիսլավսկին հեռացավ թատրոնից, որովհետեւ նույն
ռեժիմը նրանից խրտվիլակ էր սարքել: Ես կոնկրետ մեթոդ չեմ ընդունում, սիրում եմ եւ
Վախթանգովին, եւ Ստանիսլավսկուն, եւ Բրեխտին»: Ստուրուան նորմալ է վերաբերվում թատերական
քննադատներին, սակայն գտնում է, որ վերջին շրջանում նրանցից ոմանք ոտնահարում են
տարրական քաղաքավարության նորմերը. «Պատահում են այնպիսիները, որ ուղղակի ցեխ են
շպրտում մարդկանց վրա: Նման դեպքերում քիչ է մնում դրանց մռութին մի լավ հասցնես»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ