Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑ «ԱՊԵՐԸ»

Սեպտեմբեր 14,2005 00:00

«Շնորհավո՛ր,
ապե՛ր»,- այսպես շնորհավորեց Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի նորընտիր
տնօրեն Մանվել Զաքարյանին՝ դպրոցական խորհրդի անդամ, մարզպետարանի ներկայացուցիչ
Ոսկան Միսակյանը: Երեկ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը հակակոռուպցիոն
նախաձեռնություններում» ծրագիրը կազմակերպել էր ծրագրի հետ մշտապես համագործակցող
մի քանի լրագրողների այցը՝ հիշյալ դպրոց: Սա ծրագրի շրջանակներում առաջին մասնակցությունն
էր տնօրենի ընտրություններին, եւ այն շարունակական կլինի, եթե այս նախադեպից հետո
խորհրդի անդամները հանդուրժեն լրագրողների մասնակցությունը: (Իսկ ՄԱԶԾ-ն իր մասնակցության
համար պայմանավորվածություն ունի տարածքային կառավարման նախարարի հետ): Հենց
սկզբից երեւում էր մարզպետարանի ներկայացուցչի անհանգստությունը. նա ակնհայտորեն
ուներ իր թեկնածուն: Այդ մասին մեր հարցին, սակայն, պրն Միսակյանը պատասխանեց, թե
«գյուղն իրեն բոլորովին անծանոթ է»: Վերջինս մինչեւ հիմա չգիտեր, որ տնօրենի ընտրություններում
հավակնորդները պետք է լրացնեին թեստ, եւ Ո. Միսակյանը ԿԳՆ փորձագետ Սամվել Պեպանյանին
շարունակ հարցեր էր ուղղում՝ «իսկ չի լինի՞, որ առանց այս հարցերի քվեարկության դնենք»,
«որքանո՞վ է արդարացի մարդուն հարցեր առաջադրել, որոնց նախապես ծանոթ չէ, այ, քաղծառայության
քննություններում նախօրոք հարցաշարը տրամադրում են» եւ այլն: Փորձագետը հիշեցրեց,
որ գոյություն ունի տնօրենի ընտրության կարգ, ըստ որի՝ որոշակի չափորոշիչներով հարցեր
են կազմվում հավակնորդների համար: Ընդ որում, դրանք ամենատարրական հարցեր են, եւ
տրված է պատասխանի 3 տարբերակ. նշում պետք է արվի 2 սխալ պատասխանի կողքին: Ի դեպ,
վերջին պայմանից էլ դժգոհեց մարզպետարանի ներկայացուցիչը. «Մեր ժողովուրդը սովոր
է ճիշտ պատասխանի կողքին նշում անել, իսկ հիմա շփոթություն է առաջանում»: «Եթե մի
պարզ առաջադրանք չի կարող կատարել տնօրենի թեկնածուն…»,- հակադարձեց ԿԳՆ փորձագետը:
Իսկ հարցերը մոտավորապես այսպիսին էին. ո՞վ է հաստատում ուսպլանը, ո՞ր տարիքից են
դադարեցվում տնօրենի լիազորությունները, ո՞վ է հաստատում ուստարվա տեւողությունը,
ո՞ր դպրոցում է իրականացվում հանրակրթական ծրագիրը եւ այլն: 15 նմանատիպ հարցերից
խորհուրդը ընտրում է իր հայեցողությամբ ոչ պակաս, քան 5-ը եւ սահմանում անցողիկ շեմ,
թե մինիմում քանի հարցի պետք է ճիշտ պատասխանի հավակնորդը: Ընտրվեց 9 հարց,
եւ անցողիկ համարվեց 4 ճիշտ պատասխանը: Հավակնորդներ Ռոզա Սարգսյանից (նույն դպրոցի
հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի) եւ Մանվել Զաքարյանից (նույն դպրոցի զինղեկ)
պահանջվեց 20 րոպե՝ պատասխանելու այդ հարցերին: Արդյունքում՝ Ռ. Սարգսյանը ճիշտ պատասխանեց
6 հարցի, Մ. Զաքարյանը՝ 3 հարցի: Ընդ որում՝ մի հարցի դեպքում 2 հավակնորդները նույնանման
սխալ էին արել՝ 3 վանդակում էլ նշում էին արել. ներկաները կատակեցին, թե իրարից արտագրել
են: Հետաքրքիր էր, որ 2 հավակնորդներն էլ, լինելով մանկավարժ, չգիտեին, որ
ուսպլանը հաստատվում է տնօրենի եւ մանկավարժական խորհրդի համատեղ որոշմամբ: Երկու
թեկնածուներն էլ, ըստ փորձագետի, անփույթ էին, եւ շատ դեպքերում նույնիսկ չէին կարողացել
հարցերի կողքին, ճիշտ վանդակում նշումներ կատարել: Փորձագետ Ս. Պեպանյանը, որ ունի
միայն խորհրդակցական ձայն, առաջարկեց քվեարկության չդնել Մ. Զաքարյանի թեկնածությունը,
քանի որ նա չէր հաղթահարել նույնիսկ ներքին շեմը: Սակայն, ինչպես եւ սպասվում էր,
մարզպետարանի ներկայացուցչի աչքերի մեջ նայելով՝ խորհրդի անդամները դրեցին Զաքարյանի
թեկնածությունը, ավելին՝ 1 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրեցին նրան: Մարզպետարանի
կրթության վարչության պետի տեղակալ, գլխավոր մասնագետ Հասմիկ Գասպարյանը մեզ հետ
զրույցում ասաց, որ թեեւ խորհրդի վրա ճնշումներ չեն լինում, սակայն «ինչպես գյուղապետերի
ընտրություններում՝ ով շատ բարեկամ ունի, նա է ընտրվում, նույնն էլ տնօրենների դեպքում
է: Չի բացառվում, որ համայնքի պետն իր գործոնն ունենում է՝ դրական, թե բացասական
առումով: Բազմաթիվ ընտրությունների եմ մասնակցել, որտեղ ընտրված տնօրենները պատահական
մարդիկ են: Խորհուրդները կայացած չեն, սխալ ձեւակերպումներ են տալիս, սխալ ընտրություն
են անում, հետո սկսվում են նոր տնօրենի հետ կապված պրոբլեմները, որի ողջ պատասխանատվությունն
ընկնում է վարչության վրա: Խորհուրդը երբեք հաշվի չի առնում՝ ով լավ կաշխատի, սիմպատիայով
են ընտրում, ով դուր է գալիս, սիրուն է՝ նրան էլ ընտրում են»: Չընտրված թեկնածուն
հավանաբար կբողոքարկի ընտրությունների արդյունքները: Երկու թեկնածուներն էլ դպրոցում
տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից գոհ չէին: Այս մասին՝ առաջիկայում: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել