Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ»

Սեպտեմբեր 14,2005 00:00

«ԱՐՄԱՏԱԽԻԼ
ԱՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ» Երեկ Սոց. ուժերի քաղաքական քարտուղար Աշոտ
Մանուչարյանը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց մեր այն տեղեկությունը, որ որոշ քաղաքական
ուժեր, անհատ գործիչներ եւ մտավորականներ բանակցում են՝ միավորվելու եւ գործող իշխանություններից
օր առաջ ազատվելու շուրջ: «Սահմանադրական բարեփոխումների մասին Հայաստանում խոսում
են վաղուց: Կա երկու մոտեցում՝ մի մասը կարծում է, որ խնդիրներ կան Սահմանադրության
տեքստի մեջ, որոնցով էլ պայմանավորված է այսօրվա տխուր վիճակը: Մյուսներն ասում են,
որ Սահմանադրության տեքստը միշտ կատարելագործման ենթակա է եւ առաջարկվող տեքստն էլ
կատարյալ չէ, սակայն խնդիրը Սահմանադրության տեքստին համապատասխան գործողությունների
մեջ է: Այսինքն, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներն ընդունում եւ հարգում են Սահմանադրությունը,
որով էլ պայմանավորված է երկրի սահմանադրական կարգը: Այն ուժերը, անհատները, հասարակական
կազմակերպությունները, ովքեր համարում են, որ չկա այդպիսի հարգանք Սահմանադրության
նկատմամբ՝ նախեւառաջ իշխանության լծակներն իրենց ձեռքը վերցրած մարդկանց կողմից,
համարում են, որ կարեւորագույն խնդիրն այսօր մեր երկրում սահմանադրական կարգի հաստատումն
է»,- ասաց Ա. Մանուչարյանը: Չմանրամասնելով ներկայիս գործընթացի մասնակիցների
ցանկը, պարոն Մանուչարյանը միայն ասաց, որ ներառնված են եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական
ուժեր, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ: «Առավոտի» ենթադրությանը,
որ դրանք սահմանադրական բարեփոխումները բոյկոտող ուժերն են, Աշոտ Մանուչարյանը նկատեց.
«Բոյկոտելը մի հարց է, որը քննարկվում է դաշտում: Մի մասը պասսիվ բոյկոտի կողմնակից
է (ընդհանրապես տեղամասեր չներկայանալ- Ն. Գ.), մյուսները՝ ակտիվ (տեղամասերում հետեւել,
որ խախտումներ չլինեն- Ն.Գ.): Ամեն դեպքում, երկու կողմերն էլ համաձայն են, որ հիմնական
գործողությունները կծավալվեն մինչեւ քվեարկությունը»: Պրն Մանուչարյանը նաեւ ավելացրեց.
«Իհարկե, ճիշտ են այն մարդիկ, ովքեր գտնում են, որ եթե ողջ ժողովուրդը, բոլոր հայ
մարդիկ չհիշեն, որ իրենք քաղաքացի են եւ համապատասխան գործողություններ չձեռնարկեն,
անընդհատ իշխանափոխություն կարող է լինել, բայց սահմանադրական կարգ չի հաստատվի:
Քանի այս համակարգն արմատախիլ արված չէ, այն ստեղծողները բանտում չեն, Հայաստանում
ընտրություններ հնարավոր չեն»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել