Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԷԻՆ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՉԷԻՆ ԳԱԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ»

Սեպտեմբեր 14,2005 00:00

Նախկին
քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը ընդդիմության վերադարձն ԱԺ համեմատել էր աստվածաշնչյան
«Անառակ որդու վերադարձի» հետ: – Ընդդիմության տեղը կա՛մ խորհրդարանն է, կա՛մ
հրապարակը, կա՛մ էլ «լուսանցքը»: Հրապարակային պայքարը հետընտրական փուլում անարդյունավետ
էր: Եվ կշտամբելով ընդդիմությանը բոյկոտը դադարեցնելու համար՝ հարկադրում եք նրանց
մնալ «լուսանցքո՞ւմ»: – Եթե իմ հարկադրանքն ազդեր նրանց վրա՝ կասեի ավելի
լուրջ բաներ: Բայց, ցավոք, նրանք չեն ազդվում դրանից: Տվյալ դեպքում՝ ինձ
հավասարապես չի հետաքրքրում ընդդիմության գործունեությունը ե՛ւ հրապարակում, ե՛ւ
խորհրդարանում: Ինձ հետաքրքրում է մեկ այլ բան՝ երբ քաղաքական գործիչները որոշում
են կայացնում, ասենք, բոյկոտ հայտարարելու վերաբերյալ, նախօրոք մտածո՞ւմ են, թե ինչ
նպատակ ունի այն, եւ պիտի՞ ունենա արդյունքներ: Այդ նպատակն իրականացա՞վ: Եթե հասել
են ակնկալված արդյունքներին՝ ուրեմն, իրենք հաղթել են եւ կարող են այսուհետ գնալ
Ազգային ժողով կամ մեկ ուրիշ տեղ: Բայց եթե չեն հասել իրենց նպատակին, ուրեմն՝ ձախողված
են որպես քաղաքական գործիչներ: Ընդհանրապես՝ ով ձախողվել է, պիտի հեռանա: Ձախողված
իշխանություն պետք չէ Հայաստանին: Բայց պետք չէ նաեւ ձախողված ընդդիմություն: Եվ
ոչ թե դեմ եմ խորհրդարան նրանց վերադարձին, այլ ուզում եմ, որ հայտարարեն, թե ձախողվել
են: Մի ճանապարհ կա շտկելու, մաքրվելու համար՝ ներողություն խնդրելը գործունեության
սխալ ծրագիր ընտրելու, սխալ քայլեր անելու համար: Իսկ վերադառնալու պատճառաբանությո՜ւնը…
«մեզ զանգել, ասում են՝ գնացեք մերկացրեք ռեժիմի դեմքը, եւ կոչ են անում վերադառնալ
խորհրդարան»: Իսկ դրանից առաջ, երբ ձեզ ընտրում էին՝ կոչ չէի՞ն անում մնալ Ազգային
ժողովում, աշխատել, ընդունել օրենքներ, ստեղծել քաղաքական մթնոլորտ: – Կան
նաեւ այլ պատճառաբանություններ: Ասենք, որ այն պայմաններում, երբ ընդդիմությունը
խիստ սահմանափակ հնարավորություն ունի էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղ հասցնելու
իր ասելիքը՝ խորհրդարանական ամբիոնը փաստորեն դառնում է ժողովրդի հետ հաղորդակցման
եզակի միջոց: Սա բավարար պատճա՞ռ չէ: – Բավարար հիմնավորում է, եթե մե՜ծ ցանկություն
կա վերադառնալու խորհրդարան եւ ստեղծելու որոշակի հարմարություններ: Երբ ընդդիմությունը
սրանից շուրջ 2 տարի առաջ հայտարարում էր այդ բոյկոտը՝ չգիտե՞ր, որ զրկվելու է այն
հնարավորություններից, որոնք տալիս է խորհրդարանական ամբիոնը՝ այն պայմաններում,
երբ արդեն իսկ չէին կարողանում իրենց գաղափարները քարոզել զանգվածային լրատվամիջոցներով:
Փաստորեն՝ հիմա իմացա՞ն, որ այն ժամանակ սխալվել են: Ստացվում է, որ այն ժամանակ
նրանք ոչ թե բոյկոտ են հայտարարել, (քանի որ չեն իմացել, թե ինչ են անում), այլ ուղղակի
գործալքություն՝ «պռագուլ», առանց հասկանալու հեռացել են իրենց աշխատանքի վայրից:
– Ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց 2004-ի փետրվարին, երբ նորից էին փորձում
հասնել իշխանափոխության հանրահավաքային պայքարի միջոցով: Այդ ժամանակ կար ասելիքը
տեղ հասցնելու միջոց՝ Մատենադարանի հարթակը: Հիմա են փոխվել պայմանները: –
Թվաբանությունը «կատաստրոֆիկ» գիտություն է: Ընդդիմադիր ուժերն այժմ միասին արդարադատության
նախարարությանը ներկայացրել են, թե ունեն 100 հազարից ավելի կուսակցականներ: Այդքան
թվաքանակով Հայաստանում կարելի է ոչ միայն իշխանափոխություն անել… Բայց չեն կարողանո՞ւմ
գոնե միայն իրենց կուսակցականներին մեկ անգամ հրավիրել Երեւան կամ հավաքվել որեւէ
այլ տեղ: 100 հազար մարդ ունենալով, ստացվում է, ոչինչ չեն անում հրապարակում ու
պիտի հեռուստատեսությա՞մբ ելույթ ունենան, որ հասնեն որեւէ արդյունքի: Բայց ո՞վ ասաց,
թե իրենց՝ այդ վարքագիծն ունեցող եւ հրապարակում ձախողված մարդկանց ենք նախընտրելու
դիտել հեռուստատեսությամբ: Սիրուշոն ավելի լավ է ելույթ է ունենում ՝ «Շորորա՜, թառլան
ջան, շորորա՜»… Հետո, նրանք այդ ժամանակ հրապարակ եկան, քանի որ Ազգային
ժողովի ամբիոնը բավարար չէր իրենց ծրագրերն իրականացնելու համար: Հիմա էլ հրապարակից
հրաժարվում՝ խորհրդարան են վերադառնում: Այս ամենում ինձ անհանգստացնում է, որ չկա
պատասխանատվություն՝ ընդդիմությունից որեւէ քաղաքական գործիչ իրեն պատասխանատու չի
համարում սեփական արարքների համար: Նրանց համար գոյություն չունի պատճառահետեւանքային
կապ, մինչդեռ քաղաքական գործիչը պիտի իմանա՝ «եթե… ապա»: – Այս գնահատականները
թերեւս վերաբերում են միայն բոյկոտը լիարժեք դադարեցրած «Ազգային միաբանությա՞նը»,
քանի որ «Արդարությունը» չփոխեց որոշումը: Խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն
ասաց. «Բոյկոտի պատճառները վերացված չեն, մեր հարցադրումներն ու պահանջները ուժի
մեջ են, եւ բնականաբար խոսք չի կարող լինել բոյկոտի դադարեցման մասին»: «Արդարությունը»
շարունակելու է մասնակցել միայն կարեւորագույն հարցերի քննարկմանը: – ԱԺ-ում
քննարկվող բոլոր հարցերն էլ կարեւոր են: «Արդարությունն» ավելի վատ վարվեց: «Ազգային
միաբանությունը» գոնե ազնվորեն վերադարձավ, ճանաչեց իր պարտությունը՝ առանց դա ասելու:
Ընդունեց, որ ձախողվել է բոյկոտի ծրագիրը եւ գլուխը կախ վերադարձավ: Իսկ այս մյուսները
դա էլ չեն ուզում անել ու շատ ավելի վատ վիճակում են: Դեռ չեն էլ կողմնորոշվում ու
հասկանում, թե ինչ պիտի անեն՝ աշխատե՞ն, թե՞ չաշխատեն: – Հայտնի ճշմարտություն
է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Դուք առաջարկում եք, որ եթե ընդդիմությունը
չի կարողացել անել անհնարինը՝ փոխել «Հանրաքվեի մասին» օրենքը, ուրեմն՝ թող չփորձի
օգտվել նաեւ նվազագո՞ւյն հնարավորություններից: – Այո՛, քաղաքականությունը
հնարավորի արվեստ է: Եվ մեր ընդդիմությունը տեղյակ չէ սեփական հնարավորություններին՝
գերագնահատել է դրանք. չի մշակում իրատեսական ծրագրեր, ուստի եւ չի կարողանում իրականացնել
դրանք: Սա՛ պիտի արձանագրվի հիմա: Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել