Ռուբեն Թովմասյանը՝ Արտեմ Հարությունյանի եւ Սահմանադրության մասին
Վերջերս մամուլում հրապարակվեց ԵՊՀ դասախոս, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունների շարքը: Այդ հրապարակումները վրդովեցրել են հայ կոմունիստներին: Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, իր բնորոշմամբ՝ «հակակոմունիստական հիստերիայի» առիթով «Առավոտին» փոխանցեց. «Այդ հիստերիան հեռանկար ունենալ չի կարող: Ցավոք, դրան միանում են սովետական տարիներին բարձրագույն կրթություն ստացած, գիտնականներ դարձած մարդիկ, ովքեր աշխատում են ռեւիզիայի ենթարկել Կոմկուսի անցած ճանապարհը կամ թմբկահարել այն առանձին թերությունները, որոնք եղել են սոցիալիստական հասարակարգ կառուցելու ճանապարհին: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ նման գործելաոճն էժանացնում է իրենց: Միեւնույն է, իրենց գրածները կարդացող չկա, այդպիսով հեղինակություն ձեռք բերել չեն կարող: Կոմունիստական գաղափարախոսությունը եղել է, կա ու մնալու է մարդկության լավագույն գաղափարախոսությունը»: Առավել դիպուկ բնութագրելու համար, ընկեր Թովմասյանը մեջբերեց Չարենցին (որին, ի դեպ, սպանեցին նույն կոմունիստները). «Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի, սխալվում է միշտ ու կարծիք փոխում: Նա ճիշտ նման է այն ծծկեր տղին, որ մատն ուզում է բերանը կոխել, բայց միշտ անհարկի տեղեր է կոխում»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ հստակեցվե՞լ է, արդյոք, կոմկուսի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Պարզվեց, որ ՀԿԿ-ն էլ է ներքեւից գալիս: Առայժմ շարունակվում են հանդիպումներն ու քննարկումները կուսակցության սկզբնական կառույցներում, որից հետո կենտրոնական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ: Բայց երկրորդ ընթերցման ժամանակ կոմունիստները մեկ անգամ եւս տեսել են «ինչպես ընդդիմության, այնպես էլ դիմության իսկական դեմքը: Այդ շոուն, որը տեղի ունեցավ աշխարհի աչքի առջեւ, մեկ անգամ եւս ժողովրդին լուրջ խորհելու տեղիք է տալիս»: Շրջանային հանդիպումներից ընկեր Թովմասյանը տպավորություն է ստացել, որ ժողովուրդը վճռական «ոչ» է ասելու բարեփոխումներին: Չնայած առաջընթացի մասին հավաստիացումներին, Ռ. Թովմասյանը փաստում է, որ «Սահմանադրության հոդվածները կռիվ են տալիս իրար դեմ»: Իբրեւ օրինակ վկայակոչում է 2004 թվականի ապրիլի 12-13-ի դեպքերը՝ «Ընդդիմության ու ժողովրդի մի հատվածը խաղաղ երթով, եռագույն դրոշներով գնացին նախագահի նստավայր՝ պահպանելով իրենց սահմանադրական իրավունքները: Իսկ նախագահը գտավ, որ դա հակասահմանադրական է: Հիմա ո՞վ է լինելու արբիտրը, ո՞վ պետք է որոշի, թե ով ճիշտ է, ով՝ սխալ: Ժողովուրդը պիտի որոշի ճիշտն ու սխալը, բայց առանց մարդկանց կարծիքը հարցնելու, արդեն քանի տարի է՝ քննարկում են եվրախորհուրդներում, վենետիկներում, չգիտեմ ում կաբինետներում, որտեղից ինչ են արտագրում, դեռ Վենետիկի ու Եվրոպայի անունից էլ ժողովրդի վրա մատ են թափ տալիս, թե պարտադիր պիտի ընդունեք, այլապես՝ էսպես կլինի, էնպես կլինի: Ո՞վ է հայ ժողովրդի վրա մատ թափ տալու իրավունք տվել: Իշխանավորները թող չկարծեն, որ եթե ընդունարանները մեծանում են, իրենց խելքն էլ է շատանում: Այնքա՜ն մարդ կա, որի բախտը խելքից առաջ է ընկել»:
Համեմատականներ անցկացնելով սովետական Սահմանադրության հետ, ՀԿԿ առաջին քարտուղարը հայտարարում է. «Մարդուն զրկել են զուգարանի իրավունքից սկսած՝ ընտրական իրավունքով վերջացրած: Գրել են՝ մարդը սեփականության իրավունք ունի, բա ինչի՞ են ջարդելով դուրս շպրտում, դատական մարմինները ինչո՞ւ օբյեկտիվ որոշումներ չեն կայացնում: Որովհետեւ այն ժամանակ դատավորներին ընտրում էին, հիմա՝ նշանակում: Ով նշանակի, նրա պատվերն էլ պիտի կատարեն»: Քանի Սահմանադրությունը սովետական չի, սոցիալիստական չի եւ չի արտահայտում ժողովրդի իղձերն ու կարիքները, ժողովրդին չի փրկում շահագործումից եւ այլն, կոմկուսը արմատական ընդդիմախոս է լինելու:
Ի դեպ, Ռուբեն Թովմասյանի կարծիքով՝ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցում ընդդիմությունն ուշացել է. «Մեկ բոյկոտում էին, մեկ՝ ոչ, իրարամերժ հայտարարություններ էին անում, քաղաքական հենքով կուսակցություն պառակտվեց եւ այլն, սրանք պատճառներ են, որոնց համար ժողովուրդը պարզաբանումներ կպահանջի: Գնում էին՝ սկզբից թող գնային, քննարկումների ժամանակ իրենց կարծիքներն ասեին, քվեարկությունը բոյկոտեին: Սա է քաղաքակիրթ ձեւը: Ուստի, այն ժամանակահատվածը, որը մնում է ընտրություններին, ընդդիմությունը կկորցնի միայն բացատրություններ տալու վրա, ոչ թե տեսակետներ արտահայտելու»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ