Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ

Սեպտեմբեր 13,2005 00:00

ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՐՑԱՆԱԿԻ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվեց ձյուդոյի աշխարհի 24-րդ առաջնությունը, որն առաջին անգամ էր անցկացվում աֆրիկյան աշխարհամասում: 89 երկրների ավելի քան 500 մարզիկների մեջ էին նաեւ մեր հանրապետության երեք ներկայացուցիչներ՝ Եվրոպայի չեմպիոն, մինչեւ 60 կգ քաշային Արմեն Նազարյանը, Հովհաննես Մալխասյանը՝ մինչեւ 66 կգ եւ մինչեւ 73 կգ քաշային Լեւոն Գալստյանը: Ցավոք, տատամիի հայ վարպետներն այս անգամ ոչնչով չկարողացան ուրախացնել իրենց երկրպագուներին: Երեկ առավոտյան ՀՀ սպորտպետկոմի լրատվական բաժնում ասացին, որ մեր պատվիրակությունը դեռ տուն չի վերադարձել եւ առաջնության ընթացքի ու մերոնց մասնակցության մասին եղած տեղեկությունները թերի են ու չճշգրտված: («Առավոտը» բազմիցս գրել է արտագնա մրցումներից օպերատիվ ինֆորմացիայի գրեթե իսպառ բացակայության մասին, առավել եւս, եթե մեր մարզիկներն անհաջողության են մատնվում, սակայն խնդիրը համառորեն լուծում չի ստանում): Ըստ եղած տեղեկությունների, մեր ձյուդոիստներից երկուսը տարել են երկուական հաղթանակ, իսկ մեկը հենց առաջինում պարտություն է կրել: Փորձեցինք հնարավորին չափ մանրամասն ինֆորմացիա ձեռք բերել այլ աղբյուրներից, սակայն դա էլ լիարժեք չեղավ: Հաստատ հայտնի է, որ Լեւոն Գալստյանը «յուկոյով» պարտվել է Ասլան Անաեւին (Ռուսաստան) ու դուրս է մնացել պայքարից: Մեր գլխավոր հույսը՝ Եվրոպայի գործող չեմպիոն Արմեն Նազարյանը, մեկնարկային գոտեմարտում 3:1 հաշվով հաղթելով ռուսաստանցի Եվգենի Ստանեւին, այնուհետեւ հանդիպել է կորեացի Ջին Կյոնգ Կիմի հետ: Եվ եթե երկու հաղթանակ տոնած ձյուդոիստներ ենք ունեցել, ուրեմն Արմենը պարտության է մատնել նաեւ կորեացուն: Իր անվան դիմաց երկու հաղթանակ պետք է գրանցած լինի նաեւ Հովհաննես Մալխասյանը, որի մրցակիցները մեկնարկային երկու գոտեմարտերում եղել են ֆինն Տատու Աարե Պիտկանենը եւ սիրիացի Բախիր Հրետանին: Կահիրեում ամենից շատ մեդալ նվաճել է Ճապոնիան՝ 3 «ոսկի», 5 «արծաթ», 3 «բրոնզ»: Երկրորդը Հոլանդիան է՝ 3,0,3, երրորդը՝ Կուբան՝ 2, 0, 1: Աշխարհի առաջնությանը զուգահեռ՝ կայացել է նաեւ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որում անցկացվել են նաեւ նախագահի ընտրություններ: Այդ պաշտոնին հավակնել են երկու հոգի՝ ներկայիս նախագահ, կորեացի Սունգ Յոնգ Պարկը ու մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Մարիուս Վիզերը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, եվրոպացիներն այս անգամ անչափ միասնական են եղել իրենց թեկնածուին պաշտպանելու հարցում: Սակայն ընտրություններն անցել են կեղծիքներով ու ձայների 100:85 հարաբերակցությամբ Պարկը պահպանել է աթոռը: Սակայն եվրոպացիները մտադիր են բողոքարկել ընտրությունների արդյունքները: Աշխարհի հաջորդ առաջնությունը կայանալու է 2007 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել