Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐԻԺՈՐԸ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Սեպտեմբեր 13,2005 00:00

ԴԻՐԻԺՈՐԸ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀՀ պետական մրցանակի է ներկայացված Էկվադորում ապրող ու ստեղծագործող դիրիժոր Զ. Վարդանյանը: Սեպտեմբերի 1-ին ավարտվել է 2005թ. Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակների համար աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը: Ըստ մեզանում գործող «կարգի», արվեստագետների շրջանում սկսվել են «քննարկումները»՝ տարբեր տեսակի ու բնույթի ասեկոսեներ այս կամ այն արվեստագետի շուրջ: Նման խոսակցությունների թիրախ է ճանաչված դիրիժոր Զավեն Վարդանյանը: Նա ներկայացված է կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանի, Ռուբեն Սարգսյանի եւ Ստեփան Բաբաթորոսյանի հետ: Հանդիպեցինք ՀՀ պետական մրցանակների երաժշտարվեստի հանձնաժողովի նախագահ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանին: Նախ խնդրեցինք տեղեկացնել, թե ինչպես է կատարվում աշխատանքների ընտրությունը եւ ճի՞շտ է, արդյոք, «Առավոտին» հասած այն տեղեկությունը, որ ցանկացած արվեստագետ կարող է ներկայացնել իր թեկնածությունը: Տիկին Սարյանը նախ կարեւորեց պետական մրցանակների վերականգնման իրողությունը, նշելով, որ դա շատ կարեւոր երեւույթ է. «Սա նշանակում է, որ կառավարությունը, պետությունը գնում է մշակույթ հովանավորելու ուղղությամբ, ինչը մեր ժամանակների համար պարզապես անհրաժեշտություն է, քանի որ մարդկային կյանքով է ապացուցված, հատկապես մեր ժողովրդի պատմությամբ, որ մշակույթը իր անգնահատելի դերն ունի առողջ, կենսունակ հասարակություն ստեղծելու գործում, մանավանդ մեր օրերում, երբ, փաստորեն, նորանկախ Հայաստանում ձեւավորվում է նոր հասարակություն»: Ըստ Ա. Սարյանի, ի տարբերություն նախկին ժամանակների, ամրագրված է նոր կետ, որի համաձայն՝ պետական մրցանակների թեկնածու-ստեղծագործությունները կարող են ներկայացնել ոչ միայն ստեղծագործական միությունները, այլեւ ինքը՝ անհատը: Ճանաչված երաժշտագետի կարծիքով, սակայն, գուցե այնքան էլ նպատակահարմար չէ դա. «Վերջին հաշվով, պետական մրցանակը տրվում է ոչ միայն երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, արվեստագետին ավելի ճիշտ ու ամբողջական կարող է ներկայացնել ստեղծագործական միությունը»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ իր ղեկավարած 9 անդամից բաղկացած հանձնաժողովը գումարում է նիստեր, որտեղ լսվում են ստեղծագործությունները, անցկացվում է դրանց քննարկում. «Մենք մեկառմեկ ելույթ ենք ունենում՝ բարձրաձայնելով այս կամ այն արվեստագետ անհատի ստեղծագործական դիմանկարը, բայց վերջնական կարծիքը տվյալ ստեղծագործության կամ անհատի շուրջ տալիս է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ՝ փակ քվեարկությամբ: Իմ՝ որպես նախագահի կարեւոր խնդիրն այն է, որպեսզի ընտրությունը տեղի ունենա ամենաբարձր չափորոշիչներով, որպեսզի պետական մրցանակը ծառայի իր խնդրին՝ ճիշտ գնահատումից դեպի ստեղծագործական նոր առաջընթաց, մի խոսքով՝ վերելքի ազդակ հանդիսանա»: Ինչ վերաբերում է դիրիժոր Զավեն Վարդանյանի թեկնածությանը, ինչպես ասաց տիկին Սարյանը, իրեն էլ են հասել «կուլիսային» խոսակցություններ: «Ես անձամբ այն կարծիքին եմ, որ այստեղ ոչ մի կրիմինալ չկա: Նա մեր հայ կոմպոզիտորների հաճախ նոր ստեղծագործությունների առաջին կատարողն ու մեկնաբանն է: Իսկ այն, որ վերջին շրջանում նա Հայաստանում չի ապրում, այլ աշխատում ու ստեղծագործում է Էկվադորում, դա լավ կյանքից չէ: Նա այնտեղ շարունակում է ներկայացնել մեր՝ հայկական մշակույթը: Եվ որպեսզի շոշափելի ներկայանա դիրիժորի՝ արտերկրում կատարած աշխատանքը, ես խնդրել եմ նրա գործերին անպայման կցվեն Էկվադորում կայացած համերգների ծրագրերն ու հայտագրերը»,- պարզաբանեց տիկին Սարյանը: Հանձնաժողովի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արեւշատյանն էլ հավելեց, որ եթե պետական մրցանակի հավակնող կոմպոզիտորները իրենք են իրենց ներկայացրել, ապա դիրիժոր Զավեն Վարդանյանի թեկնածությունը առաջադրել է կոմպոզիտորների միությունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել