Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 13,2005 00:00

ԱՆԿԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ է խոստանում բուհերին կառավարության որոշումը Հունիսին ընդունված բուհական խորհուրդների մասին կառավարության որոշումը շարունակում է դժգոհություններ առաջացնել բուհերում, առաջին հերթին՝ ԵՊՀ-ում: «Բավական լուրջ դժգոհություններ են սկսվել ֆակուլտետներում, ուսխորհրդի նախագահն էլ մեզ տեղեկացրեց, որ ուսանողության շրջանում էլ դժգոհություններ կան, նրանք մտահոգված են,- վերոնշյալ փաստը հաստատեց ԵՊՀ գիտքարտուղար Սերգեյ Առաքելյանը՝ մեզ հետ զրույցում:- Իրավական ակտերի մասին օրենքով՝ նման դեպքերում շահագրգիռ անձանց պետք է տեղյակ պահել եւ քննարկել, մենք էլ ժամանակին կհայտնեինք մեր մտահոգությունները»: «Այս օրենքի ընդունվելուց հետո կ ոշտ արձագանքներ, հակասություններ չարձանագրվեցին ո՛չ բուհերի, ո՛չ էլ ռեկտորների կողմից, եւ կառավարող լիազոր մարմինը (ԿԳՆ-ն- Հ. Բ.) պետք է ապահովեր ենթաօրենսդրական դաշտի վերաձեւակերպումը, որպեսզի օրենքը կիրարկելի դառնար։ Այս կարգը մշակվեց, մշակման նախնական փուլում քննարկվեցին նաեւ սկզբունքները բուհերի ռեկտորների հետ (խոսակցություններ են գնում, որ չի քննարկվել), քննարկումներից մեկը հենց անցկացվել է ԵՊՀ-ում՝ ռեկտորների խորհրդի նիստում, որը նախագահում էր ռեկտորների խորհրդի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, փորձագետ-իրավաբանները օրենքից բխող մեկնաբանություններ, պարզաբանումներ էին տալիս։ Այդ ժամանակ քննարկվեցին նաեւ մոտեցումները՝ խորհրդի թվակազմի, բաղադրիչների համամասնության հարցերը։ Հետագայում խորհրդի ձեւավորման կարգը սահմանված ձեւով շրջանառության դրվեց համապատասխան նախարարություններում: Այս փուլում առարկություններ, գրավոր մտահոգություն հայտնվեց ռեկտորների խորհրդի կողմից, որը քննարկվեց մանրամասնորեն, գտան, որ առարկություններն անհիմն են, եւ խորհրդի ձեւավորման կարգը վավերացվեց»,- ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։ «Ես չգիտեմ՝ նախարարի տեղակալը ինչ տեղեկատվություն է տվել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեզ տեղեկացրել են այդ մասին օգոստոսի 5-ին՝ ի կատարումն ուղարկելով այս կարգը»,- պնդում է ԵՊՀ գիտքարտուղարը։ Նա բերում է խորհրդի ձեւավորման կարգի եւ մի շարք օրենքների կետերի հակասությունների օրինակներ: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում նշվում է, որ խորհրդում բուհի ներկայացուցիչների թիվը 20-ից պակաս լինել չի կարող, իսկ կարգում տրվում են սահմաններ, որոնցից դուրս չես կարող գալ,- ասում է պարոն Առաքելյանը:- Առավելագույնի մասին օրենքում ասված չէ, իսկ կարգում ասվում է առավելագույնը՝ 32։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ 16 հազարանոց կոլեկտիվի պայմաններում ունենալ ընդամենը 32 հոգանոց կառավարման բարձրագույն մարմին՝ ես դա ասում եմ առավելագույնի դեպքում»։ Բացի այդ, «բոլոնյան սկզբունքը բուհերի ինքնավարությանը մեծ նշանակություն է տալիս, այստեղ լուրջ հակասություններ են առաջանում, եւ լրջորեն ոտնահարվում է բուհի ինքնավարությունը: Բուհն անկախ պետք է լինի, պետական վերահսկողություն պետք է, բայց դա չի նշանակում, որ պետք է ուսման գործընթացի, գիտահետազոտական աշխատանքներին պետությունը խառնվի»: «Կառավարության որոշումից հետո եւ նախագահի աշխատակազմ գնալուց առաջ համապատասխան վարչություններում նորից շրջանառության մեջ է դրվում, նրանց եզրակացություններից հետո է նախագահը վավերացնում։ Այսինքն՝ այսպիսի փաստաթղթերում, ես համոզված եմ, որ օրենքների հակասություն չի լինում,- պարզաբանում է Ա. Ավետիսյանը:- Բուհը պետությանն է, եւ եթե բուհը ուզում է իրեն դուրս տեսնել պետությունից եւ ասում է անկախ պետությունից՝ զավեշտի հասնող հարցադրում է։ Իսկ ինքնուրույնությունը, ինքնավարությունը ինչքանո՞վ է պահպանվում. եթե ներբուհական գործադիր իշխանության շրջանակներում, ուրեմն հասնում է գրեթե 100 տոկոսի։ Ոչ մի կառավարման ձեւ այստեղ չի փոխվում։ Նախորդ կանոնադրությամբ էլ սահմանված է, որ բուհն ունի կոլեկտիվ կառավարման մարմին՝ բուհի խորհուրդը կամ մեծ խորհուրդ, եւ գործադիր մարմին, որ ռեկտորն էր։ Ռեկտորն էր իրականացնում բուհի ողջ գործադիր կառավարումը՝ ռեկտորատի ու գիտխորհրդի հետ»։ Պրն Ավետիսյանը կարծում է, որ հիմա պետությունը նույնիսկ բարեհոգություն է ցուցաբերել, եւ իր կողմից պետական կառավարման մարմնում ուղիղ կես մասնակցություն է թողնում նորից բուհի աշխատակիցներին եւ ուսանողությանը: «Պետությունը, իր ներկայացուցիչը չունենալով, բացի ռեկտորից, չէր կարողանում ռեալ մասնակցեր ու վերահսկողական մեխանիզմներ օգտագործել»։ «Իսկ որքանո՞վ պետության ներկայացուցիչը կկարողանա արդարացի եւ օբյեկտիվ վերահսկող լինել» մեր հարցին պրն Ավետիսյանը պատասխանեց։ «Նրանք ուղիղ կապված չեն լինում եւ ենթակա չեն բուհում ընտրված ռեկտորից, դա անհամեմատ ավելի շատ երաշխիք է ապահովում, քան նախորդ ձեւում։ Որքանո՞վ էր արդյունավետ մինչեւ 240 հոգանոց խորհուրդների աշխատանքը։ Ես ներկա եմ եղել բուհերի ժողովներին, երբ խորհուրդները հավաքվում են, ռեկտորի տարեկան հաշվետվությունն են լսում. դա հաստատ ոչ աշխատանքային ներկայացում էր, երբ ռեկտորը 40 րոպեի կամ 1.5 ժամվա ընթացքում կարդում էր արդեն տպագրված հաշվետվությունը, բոլորը լսելուց հետո ելույթներ կամ լինում էին կամ ոչ, հետո հավանություն էին տալիս: Աշխատանքով կապված եւ ենթակա մարդիկ, համաձայնեք, որ ավելի քիչ են ազատ, քան արվեստագետ, ճանաչված մտավորականը, կրթության, գիտության ներկայացուցիչը, որ սրտացավ է բուհի համար։ (Խորհրդի մի բաղադրիչը պատկանում է գիտության, արվեստի, մշակույթի ոլորտի ճանաչված մարդկանց- Հ. Բ.): Համալսարանում այսօր աշխատող ոչ մեկը թող իրեն չձեւացնի ավելի սրտացավ, քան մտավորականը, որ հասարակության, ոլորտի ցավերով մտահոգ է»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել