«Միջազգային» պատրվակն այլեւս չկա Միջազգային շուկայում բենզինի գները, սկսած սեպտեմբերի 9-ից, արդեն սկսել են իջնել: Իսկ Հայաստանի բենզինի շուկայում դեռեւս գների փոփոխություն չի սպասվում: Երեկվա դրությամբ, «Ռեգուլյար» բենզինի 1 լիտրն արժեր 360-390 դրամ, «Պրեմիումը»՝ 370-380, իսկ «Սուպերը»՝ 400-410 դրամ: Համաշխարհային շուկայում բենզինի գների իջեցումը մեր շուկայի վրա կանդրադառնա միայն սեպտեմբերի 15-ից հետո, իսկ մինչ այդ՝ տարբեր մասնագետներ դեռ շարունակում են քննարկել, թե ինչով է պայմանավորված բենզինի գների կտրուկ աճը, այն ինչքանո՞վ կանդրադառնա սպառողական գների վրա եւ այլն: Նախ, ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2005 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բենզինը թանկացել է շուրջ 2.5 տոկոսով, իսկ օգոստոսին՝ հուլիսի համեմատ՝ 3.3 տոկոսով: Ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, Հայաստանում բենզինի գների կտրուկ աճի վրա համաշխարհային գործընթացների ազդեցությունն էական չէ, եւ այն համամասնական չէ նավթի համաշխարհային գների աճի տեմպերին: Նա «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում չէր բացառել, որ «բենզինի գների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել քաղաքային տրանսպորտի գների ակնկալվող բարձրացման հետ»: Ա. Պողոսյանը նաեւ նշել էր, որ ստեղծված պայմաններում քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը ձեւականորեն հիմնավորված կլինի: «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը Հայաստանում բենզինի գների աճը նույնպես կապել էր ավելի շատ ներքաղաքական, քան արտաքին տնտեսական զարգացումների հետ: Պարոն Արիստակեսյանի հավաստմամբ՝ լրացուցիչ ֆինանսների ներգրավման խնդիր էլ կա՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի հետ: Նա, համակարծիք լինելով Արմեն Պողոսյանի հետ՝ հավատացած է, որ նավթի եւ բենզինի համաշխարհային գների աճը չի կարող այդքան էական դեր խաղալ ներքին շուկայում գների կտրուկ բարձրացման վրա: Մովսես Արիստակեսյանը նաեւ կարծում է, որ բենզինի թանկացումը կարող է հարմար առիթ դառնալ երթուղային տաքսիների սակագները բարձրացնելու համար, չնայած դրանց մեծ մասն աշխատում է գազով: Բնակչության կողմից մեծ մտավախություն կար, որ վառելիքի թանկացումը կբերի հացի ու հացամթերքի թանկացմանը: Վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ կանխատեսել էր, որ «անշուշտ, ապրանքների բոլոր խմբերը կթանկանան, եթե վառելիքի գները շարունակեն բարձրանալ»: Գների մակարդակի վրա էական ազդեցություն ունեն հատկապես որոշ ապրանքատեսակներ. Հայաստանում դա առաջին հերթին հացն ու հացամթերքն է, որոնց տեսակարար կշիռը սպառողական զամբյուղի վրա մեծ է: Չնայած մասնագետների մտավախություններին, փաստորեն, մինչ օրս ոչ հացի, ոչ էլ այլ ապրանքատեսակների գների աճ չի նկատվում: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ