Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համերաշխություն,

Սեպտեմբեր 13,2005 00:00

«Համերաշխություն, ազատություն եւ առաջընթաց» ԱՄՆ-ից վերադառնալով՝ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը Աժ նստաշրջանի սկզբին արդեն ավանդական են դարձել Աժ նախագահի մամուլի ասուլիսները: Երեկ հրավիրած ասուլիսում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզաբանելով ԱՄՆ կատարած իր այցի որոշ մանրամասներ՝ ասաց, որ Միացյալ Նահանգներում ուշադիր հետեւում են Հայաստանում կատարվող իրադարձություններին. «ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ես դա զգացել եմ իմ այցի ընթացքում, այս բարեփոխումների առնչությամբ մենք ունենք նաեւ միջազգային հանրության դրական տեսակետը, պետք է կարողանանք իրականացնել ճիշտ եւ արդյունավետ քարոզչություն»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը անցած շաբաթվա վերջին հրավիրած իր ասուլիսում հայտարարել էր, որ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից ճիշտ քայլ կլինի ընդդիմության հետ միանալը: Այս կապակցությամբ հնչած հարցին պատասխանելով՝ ՕԵԿ նախագահն ասաց. «Վազգեն Մանուկյանին միանալու խնդիր չկա, ավելին, մենք հայտարարել ենք «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական հավատամքը՝ քաղաքական խաղաղություն եւ ոչ քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական ատելություն, եւ մենք կողմնակից ենք քաղաքական մրցակցության եւ ոչ քաղաքական ատելության եւ մենք կողմնակից ենք քաղաքական հանդուրժողականության հաստատմանը երկրում: Դրա համար ես ինքս հռչակել եմ երեք կարեւորագույն սկզբունքներ՝ ազատություն, համերաշխություն եւ առաջընթաց: Դրանք այն կարեւորագույն սկզբունքներն են, որ այսօր մեր ազգին անհրաժեշտ են»: Ի՞նչ պատասխան է տրվելու նույն միջազգային կառույցներին եւ ընդհանրապես՝ սահմանադրական հանրաքվեի հնարավոր տապալման դեպքում: Այս հարցին ի պատասխան՝ Աժ նախագահն ասաց, որ ինքը միշտ բոլոր իրավիճակներում ներկայացնում է իր սկզբունքային դիրքորոշումը. «Պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի երկրում իրականանան ազատ, թափանցիկ, մեր ժողովրդի համար վստահելի սահմանադրական բարեփոխումներ: Եթե խոսում ենք երկրում ժողովրդավարություն հաստատելու, ամրապնդելու մասին, ապա դա պետք է սկսել երկրի հիմնական օրենքից, եթե Սահմանադրությամբ իշխանության որեւէ թեւ ունի գերլիազորություններ, ապա պետք է գիտակցել, որ այդ գերլիազորությունները կարող են կիրառվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով: Կարեւոր է իշխանության թեւերի իրական բալանսի առկայությունը: Պետք է հետեւողական լինենք, որ լավ օրենքները մեր իրականության մեջ լավ կիրառում ստանան»: ԱԺ նախագահն ասաց, որ պետք է գնալ խորհրդարանական ինստիտուտն ուժեղացնելու ճանապարհով, եւ չպետք է վախենալ, երբ ուժեղացվում են խորհրդարանի լիազորությունները. «Միանշանակ հայտարարում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով ակնհայտ է խորհրդարանի լիազորությունները մեծացնելու միտում, մենք չպետք է վախենանք, որ խորհրդարանը ունենում է մեծ լիազորություններ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել