«ՀՂՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՕԳՆԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ» ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ասում են «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») ղեկավարները: «International Crisis Group»-ը ստեղծվել է 10 տարի առաջ նախկին արտգործնախարարների խմբի կողմից: ICG-ի Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարին, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մորտոն Աբրամովիցը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին, Բելգիայի, Հոլանդիայի նախկին վարչապետերը եւ այլք: Այս խումբն աշխարհի առաջատար կենտրոնների համար կարծիք ձեւավորելու հարցում ունի լուրջ ազդեցություն: Եվ այժմ պատրաստվում է ՄԱԿ-ին ներկայացնել երաշխավորագրեր երկրագնդի 44 հակամարտությունների շուրջ: Թե ինչ զեկույց է պատրաստվել ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ պարզ կդառնա սեպտեմբերի 14-ին, երբ «Լեռնային Ղարաբաղ. հայացք հակամարտությանը դեպքի վայրից» անվանվող այս փաստաթուղթը կտեղադրվի կազմակերպության կայքէջում: Իսկ մինչ այդ՝ զեկույցի մասին պարտադրված ենք դատողություններ անել միայն ICG-ի տարածած մամուլի հաղորդագրությունից: Ըստ այդմ՝ նշվում է, թե չնայած առաջին նշաններին, որոնք ցույց են տալիս, որ առաջընթաց կա բանակցային գործընթացում, սպառազինության համար ավելացող ծախսերը եւ հրադադարի հաճախակի դարձած խախտումները «չարագուշակ նախանշաններ են, որ սպառվում է խաղաղ կարգավորման համար հատկացված ժամանակը»: Ըստ հաղորդագրության, զեկույցում նշվում է, թե անցած 11 տարում կյանքը կանոնավորվել է ԼՂ-ում. «Սակայն ոչինչ չի արվել պատերազմից տուժածների իրավունքները վերականգնելու համար: Մոնոէթնիկ ինստիտուտների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանցիների սեփականության ավերումը եւ հողի ու ձեռնարկությունների սեփականաշնորհումը լուրջ խոչընդոտներ են հարուցում ադրբեջանցիների վերադարձի եւ ինտեգրացիայի համար»: Երեկ, երբ ICG-ի փոխնախագահ Ալեն Դելետրոզն արդեն ավարտել էր ասուլիսը, «մոնոէթնիկ ինստիտուտներ» որակման առնչությամբ հետաքրքրվեցինք՝ իսկ մի՞թե ինքն Ադրբեջանի կառավարությունում հանդիպել է հայերի: «Լավ հարց է»,- ծիծաղեց նա, սակայն չպատասխանեց: Իսկ ասուլիսի ընթացքում «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զեկույցի, անգամ մամուլի հաղորդագրությունից ակնհայտ՝ խախտված հավասարակշռությունը՝ մասնավորապես կարող է տպավորություն առաջանալ, թե պատերազմից տուժել են միայն ադրբեջանցիները: Արդյոք պատճառն այն հանգամա՞նքը չէ, որին ժամանակին անդրադարձել էր մամուլը: Հուլիսի 12-15-ը ICG-ն Թբիլիսիում փակ համաժողով էր անցկացրել. «ԼՂ հակամարտության լուծման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով, որին մասնակցել էին հայ եւ ադրբեջանցի փորձագետները: «Կազմակերպության՝ նախագծի տեսքով պատրաստած փաստաթղթերին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո՛չ ես, ո՛չ էլ Ադրբեջանի մյուս փորձագետները չհամաձայնեցինք եւ հայտնեցինք մեր բողոքը»,- ANS-ին ասել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան:- Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավոր՝ հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով իմաստ ունի լրջորեն մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը»: Արդյոք զեկույցի հեղինակները պարզապես չե՞ն ցանկացել մեղմել ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ հարցին ի պատասխան, ICG-ի կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ընդունեց, թե ադրբեջանցի տեղահանվածներին ավելի շատ են անդրադարձել, քան հայերին: Իսկ անդրադառնալով Թբիլիսիի համաժողովին, Ֆրեյզերը նշեց, թե հանդիպման մասնակիցներից մեկը (թերեւս խոսքը հենց Հաջիեւայի մասին էր) մեկնաբանություններ էր արել մամուլի համար, որը նախատեսված չէր. «Եվ կարող եմ ասել, թե տվյալ անձի կարծիքը շատ ավելի փոքր արժեք ունի մեզ համար, այն պարզ պատճառով, որ նա ոտնահարեց հանդիպման համար նախապես սահմանված կանոնները»: ICG փոխնախագահ Ալեն Դելետրոզն ասուլիսից հետո մեր ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական կողմին զեկույցում իրենց արած առաջարկները՝ հիմնավորելու համար, թե հավասարակշռությունը բնավ խախտված չէ: Մասնավորապես նշել են, թե արգելելով երկխոսությունը եւ «դեմոնիզացնելով» հայերին պետության աջակցությունը վայելող ԶԼՄ-ների ու դպրոցների միջոցով՝ «Բաքուն հասել է հասարակ քաղաքացիների մոտ հակահայկական զգացումների սրացմանը: Հայերն ու ադրբեջանցիները երբեք այնքան տարանջատված չեն եղել, որքան այժմ»: ICG-ի ներկայացուցիչները հրապարակեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ուղղված առաջարկները, որոնք տեղ են գտել զեկույցում: Նախ՝ շարունակել «Պրահայի գործընթացը», հետո՝ թույլ չտալ նոր բնակավայրերի ստեղծում «գրավյալ» տարածքներում (ավելի ուշ մասնավորեցվեց, թե ԼՂ իշխանությանն առաջարկվել է դադարեցնել Լաչինի, Քելբաջարի եւ Աղդամի բնակեցումը՝ նշելով, որ տվյալ տարածքներում չի գրանցվել զանգվածային բնակեցում), եւ վերջապես դուրս հանել զորքերը «գրավյալ» տարածքներից: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ Ալեն Դելետրոզը երկրորդեց այն առաջարկը, որն ըստ արտահոսքերի՝ այժմ քննարկվում է նաեւ բանակցությունների ընթացքում: Այն է՝ այդ հարցը հնարավոր չէ լուծել այսօր, եւ դրան պետք է անդրադառնալ 10-15 տարի անց` «ժողովրդավարական ընթացակարգերի ճանապարհով»: Ենթադրվում էր հանրաքվեի անցկացում, որին պետք է մասնակցեն ոչ միայն հայերը, այլեւ ադրբեջանցիները, որոնք մինչ այդ կվերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Այս առաջարկն արժանացավ «Դե-ֆակտո»-ի թղթակցի հեգնալից արձագանքին՝ «Ուզում եք շրջել գործընթացը հակառակ կողմը, մինչեւ ստանաք ձեզ համար ցանկալի՞ արդյունքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ