Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակույթը պահպանեցին Հրազդանում

Սեպտեմբեր 13,2005 00:00

Մարզերում փառատոնը պահանջարկ ունի

Սեպտեմբերի 10-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական փառատոնը հյուրընկալվել էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Ի դեպ, հանրապետական նշանակության այս միջոցառմանը ներկա չէին ոչ Կոտայքի մարզպետը, ոչ էլ Հրազդանի քաղաքապետը:

Ինչպես լինում է նման միջոցառումների ժամանակ, նախ տեղի մանկական ստեղծագործության կենտրոնում ներկայացվեցին կոտայքցի գրողների գրքերը եւ արվեստի դպրոցների սաների աշխատանքները: Այնուհետեւ հաջորդեցին բուն միջոցառումները: Կոտայք էին մեկնել Կոմիտասի անվան լարային քառյակը, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, Արամոն, էմման եւ ուրիշներ: Կոտայքի փոխմարզպետ Լեւոն Միքայելյանը նշեց, որ մարզում գործում են գրեթե բոլոր մշակութային կենտրոնները. «Վերջին տարիներին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գյուղերում գործող մշակութային տների զարգացմանը եւ մի քանի ծրագրերի միջոցով որոշ գյուղերում վերանորոգվել են նման կառույցները»: Փոխմարզպետը անդրադարձավ նաեւ մարզի երաժշտական դպրոցների խնդրին. «Մեր մարզի գյուղերում 50 տոկոսով գործում են երաժշտական խմբակները, քաղաքներում՝ երաժշտական դպրոցները»:

Ի դեպ, Երեւանում գործող «Գեղարդ» պարային համույթը ներկայացվեց որպես Կոտայքի համույթ: «Գեղարդի» գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանից տեղեկացանք, որ խումբն այժմ միմիայն իր սեփական ուժերով է գոյատեւում ու թեեւ փառատոնին ներկայացնում է Կոտայքի մարզը, սակայն մարզը իրենց ոչինչ չի տալիս. «Մենք 3-4-րդ տարին է, որ Կոտայքի հետ կապ չունենք, նման ենք վտարված զավակների: Մեր փորձերը Երեւանում ենք անցկացնում, մեր պարողները ստիպված են Աբովյանից հասնել Երեւան՝ փորձերին մասնակցելու»:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանը, անդրադառնալով մարզերում գործող մշակութային օջախների խնդիրներին, ասաց, որ այս կառույցներն աջակցության խնդիր ունեն. «Արդեն ժամանակն է, որ պետական մակարդակով աջակցություն ցույց տանք մարզային ինքնագործ խմբերին: Ի վերջո, ազգային մշակույթը ծնվում է մարզերում, որքան մոտ ենք ժողովրդին՝ այնքան զուլալ է մեր մշակույթը»: Նրա կարծիքով՝ այս միջոցառման շնորհիվ կվերանան երեւանցիների հանդեպ մարզային բնակչության տածած խանդի տեսարանները: Տիկ. Պողոսյանի կարծիքով՝ «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը մարզերում պահանջարկ ունի»:

Հիշեցնենք, որ փառատոնի մասնակիցները այցելել էին նաեւ Արմավիր, Արարատ եւ Սյունիք: «Փառատոնի թալիսման» կոչմանը արժանացած Վանուշ Խանամիրյանից պարզեցինք, թե ո՞ր մարզում է «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնն ավելի լավ ընդունվել: «Բոլոր 4 մարզերում էլ մեզ շատ լավ են ընդունել: Քանի որ վերջին շրջանում օտարամուտ տարրեր են ներխուժել մեր մշակութային կյանք՝ հատկապես երգի ասպարեզ, ուրեմն առավել նախանձախնդրորեն պիտի վերաբերվենք մեր մշակույթին: Կոնկրետ ես յուրաքանչյուր մարզ մտնելիս՝ ուղղակի պարտադրում եմ, որ անպայման մեր ազգային պարերը պարեն»: Ըստ Վ. Խանամիրյանի՝ փառատոնն ամենալավն անցել է Արմավիրում: «Իհարկե այստեղ մեծ դեր խաղաց նաեւ վարչապետի այցելությունը: Քաղաքական գործիչների ներկայությունը միշտ էլ ոգեւորում է ելույթ ունեցողներին»,- ասաց նա:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել