Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Հրաչիկ Հովհաննիսյան) սկսվեց Ռուզաննա Պետրոսյանի հայցի քննությունը:
Ռ. Պետրոսյանը աշխատել է Ազգային ժողովում որպես հավաքարար: Պատասխանող կողմ էր ճանաչվել Ազգային ժողովի աշխատակազմը:
Երեկ, սակայն, դատարան էր ներկայացել միայն հավաքարարի ներկայացուցիչը՝ ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնի իրավաբան Տաթեւ Ավետիսյանը, որը դատարանին ներկայացրեց ՀՀ փաստաբանների միության կողմից տրված արտոնագիրը: Դատավոր Հովհաննիսյանին գրություն էր ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, տեղեկացնելով, որ գործերի կառավարչի հետ միասին իրենք սեպտեմբերի 12-ից բացակայում են հանրապետությունից, հետեւաբար չեն մասնակցի նշանակված դատական նիստին, ինչը պատճառ դարձավ դատական նիստը հետաձգելուն: Սակայն իրավաբան Տ. Ավետիսյանը տեղեկանալով, որ ԱԺ-ում են գտնվում թե Հայկ Քոթանյանը, թե գործերի կառավարիչը, հեռախոսով կապվել էր նրանց գրասենյակի հետ եւ պարզել է, որ իսկապես մեկը գտնվում է ԱԺ նիստերի դահլիճում, իսկ մյուսն էլ՝ տարածքում:
Հավաքարարը դատարանում վիճարկելու էր աշխատակազմի ապօրինի գործողությունները, որոնք տեղի են ունեցել այս տարվա հուլիսի 2-ին, երբ սովորականի պես կատարել է իր ամենօրյա աշխատանքը Գալուստ Սահակյանի աշխատասենյակում եւ սակայն քիչ անց ներս են մտել գործավարները, հայտարարելով, որ «սեղանի դարակից 600 դոլար են գողացել»: Եվ քանի որ Ռ. Պետրոսյանը դուրս չէր եկել շենքից, պահանջել էր «շուն եւ ոստիկան բերել»՝ ստուգելու համար թարմ հետքը: Սակայն խուզարկությունը տեղի էր ունեցել այսպես. պարետները եւ գործավարը մերկացրել էին նրան, սակայն ոչինչ չէին հայտնաբերել: Ոչ ոք այդ պահին չի պաշտպանել հավաքարարին, որը տասը տարի աշխատել է ԱԺ-ում:
Ռ. Պետրոսյանին երեկ աջակցելու էր եկել ԱԺ-ի տասը տարվա մեկ այլ հավաքարար՝ Ռոզիտա Մանվելյանը: Նա ասաց. «Ես զարմացա, որ այս անբասիր կնոջ վրա այդպիսի հանցանք են ուզում բարդել: Տասը տարիների ընթացքում գոնե բանավոր շնորհակալ չեն եղել այդ օրենսդիրները»: Առաջին խմբի հաշմանդամ Անգին Վարդանյանը (հայցվորի մայրը) ձեռնափայտը ձեռքին երեկ «Առավոտին» հայտնեց, որ ծանր վիճակում գնացել է Գալուստ Սահակյանի կուսակցություն, դիմում գրել՝ ընդունելություն խնդրել, սակայն պրն Սահակյանը «հետեւի մուտքով փախավ»: Ռ. Պետրոսյանը գտնում է, որ իրեն աշխատանքից ազատել են առանց իր մեղքը հիմնավորելու. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ ու ինձ անվանում են գող: Ես պատիվ եմ պահանջում անմեղ տեղը ինձ գող անվանելու համար»:
Դատաքննությունն ընթանում էր դատավորի աշխատասենյակում, քանի որ 4 դահլիճները զբաղված էին ծանր քրեական գործերի քննություններով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ