Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԷԻՆ

Սեպտեմբեր 13,2005 00:00

Խոսքը
վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող միջազգային կառույցների ներկայացուցիչների
գնահատականներին Երկուշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի
հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ
նիստը: Հիշեցնենք, որ հիշյալ հանձնաժողովը, որը ձեւավորվել է ԵԽԽՎ հունիսին տեղի
ունեցած նստաշրջանում Դեւիդ Աթկինսոնի հեղինակած՝ Ղարաբաղի հարցով զեկույցի հիման
վրա ընդունված թիվ 1416 բանաձեւի շրջանակներում, ղեկավարում է բրիտանացի լորդ Ռասել
Ջոնսթոնը: Լսումների վերաբերյալ ԵԽ քարտուղարության հրապարակած ծրագրի համաձայն,
երեկ հենց նա էլ բացելու էր հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքները: Ծրագրով նախատեսված
էր նաեւ Բրիտանական ոչ կառավարական՝ «Հակամարտությունների եւ պետական շինարարության
գծով լոնդոնյան ցանց» կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութի՝ հակամարտության
պատմությանը վերաբերող ելույթը: Կողմերի դիրքորոշումները ներկայացնելու համար Փարիզ
էին մեկնել նաեւ ՀՀ ԱԳՆ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վարուժան Ներսիսյանն ու Ադրբեջանի փոխարտգործնախարար
Արազ Ազիմովը: Հակամարտության կարգավորման միջնորդների տեսակետները հանձնաժողովի
նիստում ներկայացնելու էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը,
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ
ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Եվրասիայում հակամարտությունների գծով գերատեսչության հատուկ
ներկայացուցիչ Ջոն Կրոսբին: Նախատեսված էր, որ լսումների ժամանակ հանդես կգա նաեւ
ԼՂ հակամարտության գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան
Լենմարկերը, իսկ Եվրամիության տեսակետն այդ նիստի ընթացքում ներկայացնելու էր Հարավային
Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Վերջինիս ելույթին հաջորդելու
էր բանավեճերի փուլը: ԼՂ ներկայացուցիչները հիշյալ քննարկումներին հրավիրված
չէին: Հայաստանից ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ
էին մեկնել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ «Արդարություն» խմբակցության
պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Երեկ երեկոյան, արդեն նիստի ավարտից հետո, մենք
զրուցեցինք Շ. Քոչարյանի հետ: Վերջինս արձանագրեց, որ ԵԽ ժամանակավոր հանձնաժողովի
նիստում, մասնավորապես միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից հնչեցրած
բոլոր ելույթները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԼՂ հակամարտության լուծման
կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ բավականին զգուշավոր էին: Շ. Քոչարյանի փոխանցմամբ,
այդ ելույթներում մատնանշվում էին Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու հիմնարար սկզբունքները՝
ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: «Նշվում էր, որ ԼՂ
հակամարտությունը լուծում չի գտնում, որովհետեւ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը
պնդում է այդ սկզբունքներից միայն մեկը: Այդուհանդերձ, նրանք լավատես էին, որովհետեւ
կարծում էին կա որոշակի մոդել, որն ի վիճակի է համատեղել այդ երկու սկզբունքները:
Իրենց զգուշավոր արտահայտութուններից կարելի էր հասկանալ, որ տարածքային ամբողջականության
մասին խոսելիս իրենք նկատի ունեն այն տարածքները, որոնք ԼՂ կազմում չէին, բայց հիմա
վերահսկվում են հայկական ուժերի կողմից: Խոսելով հակամարտության լուծման մյուս սկզբունքի՝
ԼՂ-ում ենթադրյալ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին, նրանք նշում էին, որ
դա պետք է տեղի ունենա փախստականների վերադարձից հետո»,- ներկայացրեց պարոն Քոչարյանը:
Ընդ որում, նրա ասելով, միջազգային կառույցների ներկայացուցիչները նշել էին, որ փախստականների
թվաքանակը, որոնք ենթադրաբար պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, շատ հստակ
ստուգվելու է մասնավորապես ԽՍՀՄ օրոք եղած անձնագրային գրանցումների համակարգի օգնությամբ:
«Տվյալ դեպքում խոսքը պետք է լինի միայն այն մարդկանց վերադարձի մասին, ովքեր մինչեւ
հակամարտության ծավալումը ապրել են հակամարտության գոտում»,- փոխանցեց ԱԺ պատգամավորը:
Ինչ վերաբերում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ելույթներին,
ապա մեր զրուցակցի մատուցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովի ելույթը, որը
հաջորդել էր ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վարուժան Ներսիսյանի եւ Դենիս Սամմութի բավականին
հավասարակշռված ելույթներին, շատ կոշտ գնահատականներ էր պարունակել հենց վերջիններիս
հասցեին: «Իմ գնահատմամբ, Ներսիսյանի ելույթը բավականին հավասարակշռված էր,
որի իմաստը կայանում էր նրանում, որ նա կոչ էր անում ծայրահեղությունների մեջ չընկնել
եւ փորձել հնարավորինս հասնել այնպիսի կարգավորման, որը չի հակասի ԼՂ ժողովրդի կամքին:
Իսկ Ա. Ազիմովի ելույթը բավական ծանր տպավորություն թողեց ներկաների վրա: Ընդհանրապես,
հայկական կողմը բավականին լավ էր պատրաստվել այդ նիստին եւ, իմ տպավորությամբ, ընդհանուր
առմամբ նիստն ի օգուտ մեզ էր»,- ասաց Շ. Քոչարյանը: Նրա փոխանցմամբ, հանձնաժողովի
նիստում «եւ եռանախագահների, եւ Ա. Կասպրչիկի ու Հ. Թալվիթիեի մոտեցումները շատ ավելի
հավասարակշռված էին, քան այն, ինչ մենք տեսանք ԵԽԽՎ-ում»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել