Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ՝ ՄԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՈ՝ ՄԵԴԱԼՆԵՐ

Սեպտեմբեր 10,2005 00:00

ՆԱԽ՝ ՄԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՈ՝ ՄԵԴԱԼՆԵՐ Օրերս, երբ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը պատմում էր Իզմիրում անցկացված ուսանողական համաշխարհային խաղերում մեր մարզիկների հաջող մասնակցության մասին, որը տպագրվել է «Առավոտում», հետաքրքիր խոսակցություն ծավալվեց նաեւ ընդհանրապես երիտասարդության շրջանում մասսայական ֆիզկուլտուրայի ներկայիս վիճակի ու մարզական վարպետության խնդիրների շուրջ: «Մեծ սպորտի, մարզական վարպետության մասին խոսելուց առաջ հարկավոր է նախ նայել ոլորտի հիմքին,- ասաց նա:- Ի՞նչ նյութատեխնիկական բազա ունենք մենք կրթական համակարգում, ի՞նչ մակարդակով են անցկացվում ֆիզկուլտուրայի դասերը՝ սկսած դպրոցներից, վերջացրած բուհերով: Երիտասարդությունը, ուսանողությունը առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու ցանկություն ունի, սակայն շատ-շատ տեղերում նրանք այդ հնարավորությունից զրկված են: Մասնավորապես, ոչ պետական բուհերը, որտեղ մեծ քանակությամբ երիտասարդություն է սովորում, ունեն կամ վարձակալում են մասնաշենքեր, սակայն ֆիզկուլտուրայի դաս ընդհանրապես չեն անցկացնում: Պետական բուհերից շատերում էլ մարզական սեկցիաներ չեն գործում: Անչափ քիչ են ուսանողական մարզական ակումբները, եղածներն էլ լրիվ կարողությամբ չեն գործում: Նույնը վերաբերում է հանրակրթական դպրոցներին, որտեղ խայտառակ ցածր է ֆիզկուլտուրայի դասավանդման մակարդակը: Իսկ ի՞նչ վիճակում են դպրոցամերձ պարզ տիպի բացօթյա խաղահրապարակները, որտեղ այ հենց հիմա պետք է անցկացվեն ֆիզկուլտուրայի դասերը, մարզադպրոցները, որոնց մի զգալի մասը երկար տարիներ զրկված է եղել մարզադահլիճներից, գույքից: Պետությունը՝ կրթության եւ գիտության նախարարությունը, սպորտպետկոմը, ուսանողական-մարզական ֆեդերացիան, սպորտային բոլոր կազմակերպությունները լուրջ աշխատանք ունեն տանելու դպրոցականների եւ ուսանողության շրջանում՝ ֆիզիկական կուլտուրան, սպորտն արմատավորելու ուղղությամբ: Ու պետք է նաեւ ուրախությամբ նշեմ, որ հիմա այս ոլորտում բավականին աշխուժացում կա: Բերեմ մի օրինակ. տարեցտարի ավելանում են ուսանողական մարզական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերը, մասնակիցների քանակը: Մենք կարեւորություն ենք տալիս այն ձեւերին, որոնք առավել մատչելի են՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, կրոսավազքեր եւ այլն, այսինքն փորձում ենք ապահովել մասսայականությունը, որը բոլոր հարցերի հարցն է: Առանց դրա լուծման՝ առաջ քայլ չենք կարող անել: Ու այստեղ հավասարապես նպատակաուղղված պետք է աշխատեն բոլորը, այդ թվում՝ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Իմ կարծիքով՝ հիմա Հայաստանում հարկավոր է ավելի շատ մտահոգվել իսկական մասսայականության՝ նյութատեխնիկական բազա ստեղծելու, մարզագույքով ու որակյալ կադրերով ապահովելու խնդիրներով եւ նոր միայն մեծ սպորտում մեդալներ նվաճելու հարցերով»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել