Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանս»

Սեպտեմբեր 10,2005 00:00

«Ֆինանս» բառը փոխարինենք «դժվարությունով» Խնդրեց աշխարհի ցանկացած պետության համար թանկ հաճույք համարվող օպերայի ու բալետի Երեւանի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը այսօր կբացի 72-րդ թատերաշրջանը: Ըստ ձեւավորված ավանդույթի, այս թատերաշրջանն էլ կբացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Նախօրեին հանդիպեցինք թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին: Նա զրույցի սկզբում տեղեկացրեց, որ այսուհետեւ կառավարությունից տարեկան մեկ ներկայացման համար նախատեսված գումարը (18 մլն դրամ) որոշել են տրամադրել որեւէ հայ կոմպոզիտորի օպերա կամ բալետ բեմադրելուն. «2006-ին կիրականացնենք հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը: Թատրոնի գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանը ձեռնամուխ կլինի Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացման աշխատանքներին»: Մեր դիտարկմանը, թե մեկ օպերա եւ մեկ բալետ՝ 18 մլն դրամով, հաստատ չի իրականացվի, պարոն Հովհաննիսյանը խնդրեց չխոսել ֆինանսից. «Արդեն անհարմար եմ զգում արտահայտելու այն միտքը, որ ամեն ինչ կախված է ֆինանսից: Փառք Աստծո, գիտեք արդեն, որ թատրոնի ներսում անցկացված մրցույթների արդյունքում բարձրակարգ արվեստագետներով համալրվել են բալետի արտիստների, մեներգիչների խմբերը, նվագախումբը: Մի խոսքով, ամեն ինչ ընկել է իր տեղը: Եկեք զրույցի ընթացքում «ֆինանս» բառի փոխարեն օգտագործենք «դժվարություն» բառը: Թատերաշրջանի բացումից մի քանի օր հետո կմեկնենք Տավուշի մարզ: Այս միջոցառումն արդեն ավանդական է՝ հիմնադրված Թատերական գործիչների միության կողմից»: Սեպտեմբերի 27-ից մեկնարկելիք «Համերգներ հայ-գերմանական հանդիպման շրջանակներում» շարքը կեզրափակվի հոկտեմբերի 4-ին, Ազգային օպերային թատրոնում: «Մեր թատրոնի երգչախմբի, նվագախմբի, մենակատարների եւ Հայդելբերգի համալսարանի երաժշտական բաժնի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանց Վասերմանի ղեկավարած հիշյալ համալսարանի «Կապելլա Կարոլինա» երգչախմբի կամերային կազմի մեկնաբանմամբ կհնչի Բրամսի «Գերմանական ռեքվիեմը»: Ահա այսպիսի միացյալ ծրագրով հանդես կգանք»,- ներկայացրեց տնօրենը: Հիշեցնենք, որ Երեւանի օպերային թատրոնում անցյալ թատերաշրջանում դիրիժոր Ֆրանց Վասերմանը ղեկավարեց Վերդիի «Տրավիատա» օպերան: Այս թատերաշրջանում օպերային թատրոնը ունի երկու փառատոնային հրավեր՝ Հունաստանից եւ Բանգկոկից: Թեեւ պարոն Հովհաննիսյանը զգուշացրել էր, որ «ֆինանս» բառը չօգտագործենք, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ֆինանսական ի՞նչ ծախսերով պետք է իրականացվի Երեւանի օպերային թատրոնի մասնակցությունը հիշյալ փառատոներին: Տնօրենը հայտնեց, որ մինչեւ հրավիրող կողմը իր պայմանները պաշտոնապես չտեղեկացնի իրենց, ինքն այսօր ոչինչ ասել չի կարող. «Նման հեղինակավոր փառատոներին մասնակցելու համար, հավատացնում եմ, կանենք ամեն ինչ: Ինչո՞ւ չէ, կդիմենք նաեւ մշակույթի նախարարության օգնությանը»: Կ. Հովհաննիսյանը նշեց, որ Բանգկոկի փառատոնային հանձնաժողովի ներկայացուցիչը Երեւանում դիտել է «Տրավիատան», հետեւաբար. «Վերդիի այս օպերան են ցանկանում տեսնել փառատոնում: Իսկ հույների ցանկությունը միանշանակ է՝ տեսնել Խաչատրյանի «Գայանեն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել