«Ժողովուրդն էլ առաջվանը չէ» Հարցազրույց նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի հետ – Պարոն Ավագյան, Դուք զբաղվում եք տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային հարցերով: Ի՞նչն է, որ չի հաղթահարվում, որո՞նք են տեղական ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները։ – Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը սկսվել է 1996 թվականից։ Ղեկավարման նման փորձ առաջին անգամ էր մեր հանրապետությունում իրականացվում եւ այն իր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ ուներ՝ կադրային, մասնագիտական։ Սա իշխանության այլ տեսակ է, ավելի ինքնուրույն եւ չի կրկնօրինակում պետական կառավարումը։ 2005թ կարողացանք օրենքով համակարգել տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական իշխանության փոխհարաբերությունները, կանոնակարգել յուրաքանչյուրի գործունեության ոլորտը եւ լուծելիք խնդիրները։ – Այսինքն ապակենտրոնացու՞մ: Տեղական ինքնակառավարման մարմինները ավելի ինքնուրո՞ւյն են դառնում։ – Անշուշտ: Համայնքն է լուծելու իր սոցիալ172տնտեսական խնդիրները։ Ծույլ, չաշխատող ընտանիքի վիճակը ի՞նչ է լինում: Պատկերացրեք, որ նույնը եւ համայնքներն են, չաշխատող համայնքապետն ու ավագանին շատ շուտ ժողովրդի վստահությունը կորցնում են։ Շուտով ՏԻՄ չորրորդ ընտրություններն են լինելու: Համայնքները որոշակի կադրային պրոցես ապրել են, եւ այդ անցած ժամանակաշրջանը որոշակի հիմք տալիս է գնահատելու տեղական ինքնակառավարման մարմինների դերը մեր կյանքում։ Ժողովուրդն էլ առաջվանը չէ՝ քաղաքականապես հասունացել է եւ կարծում եմ առաջիկա ընտրություններում ավելի հստակ կկողմնորոշվի։ – ՏԻմ172ը կայացե՞լ է Հայաստանում: – Շատ եմ կարեւորում ՏԻՄ172ի կայացումը։ Այսօր Հայաստանում մենք ունենք ՏԻՄ 930 սուբյեկտ։ Այսպիսի տարածված եւ կազմակերպված երկրորդ ցանց Հայաստանում չեմ տեսնում: Այն այլընտրանք չունի, որեւէ համապետական հիմնախնդրի լուծման գործում այս ցանցի մոբիլիզացիոն հնարավորությունը անփոխարինելի է։ Տարիների աշխատանքը արդեն տվել է ցանկալի արդյունք, մենք այսօր մի շարք համայնքներում ունենք բանիմաց, փորձառու, ժողովրդի կողմից հարգված համայնքապետեր, որոնք ընտրվում են երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ։ Ինչ ունենք՝ չպիտի կորցնենք։ Վերջապես չմոռանանք. կադրե՛րն են որոշում ամեն ինչ: – Ձեր կուսակցությունը շատ է կարեւորում փոքր եւ միջին բիզնեսը, միջին խավի ձեւավորումը։ – Հայաստանի տնտեսության ողնաշարը փոքր եւ միջին բիզնեսն է։ Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ առաջավոր երկրներում պետության զարգացման, հանրային ֆինանսների ձեւավորման գործում խոշոր բիզնեսը միայն 15-20 տոկոս մասնակցություն ունի։ Այսինքն այնտեղ վճռորոշ դերակատարումը ծանրանում է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Այսօր համայնքները դրա կարիքը շատ ունեն։ Շատերը դեռ չեն կարողանում ազատվել խորհրդային ստերեոտիպից. մի գործ տան, գնանք անենք, փոխանակ մի գործ էլ իրենք նախաձեռնեն: Այս ակտիվությունն է պակասում մեր հասարակությանը: Իսկ նախաձեռնող անձն էլ դեռ ինչպես հարկն է գնահատված չէ։ Նախաձեռնությունը գնահատելի արարմունք է։ – Դուք նաեւ ՀՀ Նախագահին առընթեր մշակութային հարցերի խորհուրդն եք համակարգում։ Տեղական ինքնակառավարման մարմինները որքանո՞վ են մասնակից մշակութային խնդիրներին եւ հարցերին։ – Ցանկացած բարձր մշակույթ սնվում է ժողովրդական մշակույթից։ Ժողովրդական մշակույթից կտրված մշակույթը օդից կախված է մնում։ Համայնքները պետք է տեր կանգնեն իրենց մշակութային ողջ ներուժին։ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ