ԳՅՈՒՄՐԻԻ ԽԱՅՏԱԲՂԵՏ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ Գյումրիի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանի գրասենյակում ոստիկաններ են հերթապահում այն օրից, երբ նա «Մայիսիկի գործով» ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում տեղի ունեցավ սպանություն, եւ շրջանառության մեջ էին այն լուրերը, թե դրա հետ ինչ-որ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Այս գործով չնայած 14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը, սակայն հենց նույն Սպարտակն էր իր 8 ընկերներով 45-007 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով նույն «Դուետ» սրճարանի մոտ կանգնեցրել իրավապաշտպան Աշոտ Աթոյանին եւ սպառնացել՝ պահանջելով հրաժարվել այդ գործից: Իրավապաշտպանի հեռագիրը ուղարկվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ պրն Բարսեղյանին. «Հազիվ եմ շրջանցել ու փրկվել վթարային իրավիճակից: Նա կրում է զենք»: Այսօր Գյումրին զբաղված է մարզային ոստիկանապետի՝ Խաչիկ Ասատրյանի եւ քաղաքի ոստիկանապետի՝ Շիրակ Շահնազարյանի միջեւ ծագած վեճով, երբ առաջինը «ապացուցում» է, որ նա «նստել-ելել» է «օրենքով գողերի» հետ: Ի դեպ, ըստ «Առավոտի», ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանի անունն է շրջանառվում որպես «խորհրդավոր խնջույքի» մասնակից: Խոսվում է նաեւ Գյումրիի թիվ մեկ հեղինակության՝ «Սուրոյի»՝ Սուրո Ավետիսյանի մասին: Գյումրիում թերթերը շատ լավ են «սպառվում» (այսինքն՝ հավաքվում), երբ ինչ-որ բան է գրվում քաղաքապետի մասին: Օրինակ, օգոստոսի 31-ին, երբ, մասնավորապես, թերթի առաջին էջում լուր տպագրվեց Գյումրիի քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանի ատրճանակից կրակոցների մասին՝ «Օազիս» սրճարանում: Գյումրիի իրավապաշտպան կառույցի ղեկավար Աշոտ Աթոյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ քաղաքապետը թոզ է փչում, ասելով, թե տեղի ունեցածը զինվորականների մեղքով է եղել: «Օազիսը» մարդաշատ վայր է, եւ մի կրակոցը բավարար էր շատերի կյանքին վտանգավոր իրավիճակ ստեղծելու»: Նրա կարծիքով, թերթի լուրը բավարար էր, որ համաձայն Քրդատօրենսգրքի 181 եւ 182 հոդվածներով հարուցվեր քրգործ եւ կատարվեր քննություն: Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ «Շիրակի մարզի ոստիկանությունը հայտարարություններ է վերցրել այն զինվորականներից, որոնց վրա ապօրինի ատրճանակից կրակ է բացել Ղուկասյանը: Հայտարարություն տվողը ստորագրում է հայտարարության տակ՝ սուտ մատնություն գրելու համար կրելով պատասխանատվություն: Եթե կան հայտարարություն տվողներ, կան նաեւ սուտ հայտարարության համար քրեական պատասխանատվության ենթարկվողներ»: Ըստ Ա. Աթոյանի, հանցագործության մասին եղել է լրատվամիջոցի հաղորդումը: Հետեւաբար, քրեական գործ պետք է հարուցվեր հրապարակումից հետո, որպեսզի «օպերատիվ8211համատեղ քննչական միջոցառումների ձեռնարկմամբ հիմնավորվի կամ հերքվի արարքը»: Իրավապաշտպանը նշեց, որ «Ղուկասյան քաղաքապետի ապօրինի ատրճանակը (սեւ կոթով, արտասահմանյան) տեսել է Գյումրիի ողջ բնակչությունը: Նրանք ծածուկ են այդ մասին ակնարկում, քանի որ վախենում է, որ «աստվածավախ» քաղաքապետը ուրիշի ձեռքով կվերացնի իրենց»: Ա. Աթոյանը դատախազությունից եւ ոստիկանությունից պահանջում է բացատրություններ տալ. «Առավոտում» քաղաքապետի արդարացումը չպետք է լիներ նրա կողմից, այլ, ըստ կատարված քննության արդյունքների եւ պարզաբանումների»: Նա թերթի միջոցով դիմեց բոլոր զինվորականներին, որոնք ներկա էին եղել օգոստոսի 24-ին «Օազիսում» տեղի ունեցած միջադեպին եւ «կամ հայտարարություններ են տվել Շիրակի մարզային ոստիկանությունում՝ ներկայանան մարդու իրավունքների միջազգային կոմիտե»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ամենայն հարգանքներով վերաբերվելով իրավապաշտպանի տեսակետին, կարծում ենք, որ մենք պիտի որոշենք, թե ինչ պիտի լինի եւ ինչը չպիտի լինի «Առավոտ» թերթում: