«Ոչը» սխալ է, ճիշտը բոյկոտն է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին կարծիք է հայտնում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ինչպիսի՞ն է ԱԺՄ կուսակցության վերաբերմունքն առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, նաեւ ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու առնչությամբ: Սրանք այն հիմնական հարցադրումներն էին, որոնց, երեկ իր հրավիրած ասուլիսում, անդրադարձավ ԱԺՄ կուսակցության նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վազգեն Մանուկյանը: Նրա համոզմամբ, այսօր Հայաստանը հիվանդ պետություն է եւ այդ հիվանդության աղբյուրն, ըստ նրա, անվերահսկելի ու ինքնասիրահարված իշխանությունն է: «Կարո՞ղ է այդ իշխանությունը, որը մեզ տանում է անդունդ, որոշի, որ սրանից հետո պետք է գնա նոր ճանապարհով»,- իր այս հռետորական հարցադրմանը հենց Վ. Մանուկյանի պատասխանը բացասական էր: «Մեր բարեփոխումները իշխանությունը պահելու համար են,- նկատեց ԱԺՄ նախագահն ու անմիջապես էլ հավելեց,- երբեմն ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն ուզում է երրորդ ժամկետում էլ առաջադրվել: Ինձ բացարձակապես հետաքրքիր չէ նախագահ կլինի Ռոբերտ Քոչարյա՞նը, Լիսկա՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյանը»: Վ. Մանուկյանը ոչ թե անձերի կամ սահմանադրական բարեփոխումների, այլ՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Ի՞նչ է պետք անել այդ դեպքում՝ առաջիկա հանրաքվեի հետ կապված: «Գնալ սահմանադրական հանրաքվեի՝ կնշանակի ներքաշվել իշխանությունների խաղի մեջ: «Ոչ» ասելը՝ ճիշտ չէ, որովհետեւ դա կնշանակի կարծիք հայտնել փաստաթղթի վերաբերյալ: Ես գտնում եմ, որ այդ խաղի մեջ պետք չէ մտնել: Ճիշտ է հանրաքվեն բոյկոտելը: Ավելի հեշտ է վերահսկել եւ կազմակերպել բոյկոտը, քան՝ գնալն ու «ոչ» ասելը»,- իր մտորումները բարձրաձայնեց կուսակցության նախագահը: Նրա դիտարկմամբ, սահմանադրական բարեփոխումները կարող են նպատակին հասնել միայն այն դեպքում, երբ դրանք զուգորդվեն ավելի լավ ու ազնիվ իշխանություններ ձեւավորելու հետ: Բայց, Վ. Մանուկյանի ասելով, այդ փոփոխություններն էլի կարող էին դրական դեր կատարել մեր երկրի առաջխաղացման համար, եթե դրանցում արձանագրված լիներ քաղաքացիների կողմից հանրաքվեներ նախաձեռնելու իրավունքը. «Բայց դա չկա. «բարեփոխիչները» Ջինին շշից բաց չեն թողել»: Ի՞նչ անել, եթե իշխանությունները կեղծեն հանրաքվեի արդյունքները: «Կեղծիքի դեպքում պետք է ապստամբություն բարձրացնել»,- համոզված է Վ. Մանուկյանը, որն այդ նպատակով առաջարկում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ հասարակության հետ համատեղ միասնական ճակատ ձեւավորել: Ըստ նրա, հասարակությունը հիմա չպետք է նստի տանն ու սպասի, որ սասունցիդավիթները գան իրեն փրկելու: Հասարակությունն ինքը պետք է համախմբվի: Ապստամբությունից հետո Վ. Մանուկյանը զարգացումների երկու հնարավոր տարբերակ է տեսնում. իշխանափոխություն, կամ հասարակական այնպիսի ճակատի ձեւավորում, որի դեմ իշխանություններն իրենց հետագա գործողություններում, ընդհուպ մինչեւ՝ 2007-ի ընտրությունները, դառնան անզոր, իսկ ընտրությունները՝ իշխանափոխություն արձանագրող իրավաբանական ակտ: Բայց արդյո՞ք հանրաքվեի տապալումը կհանգեցնի իշխանափոխության: Իսկ եթե հանրաքվեն տապալվի, բայց իշխանափոխություն չլինի, դա ընդդիմության համար մահ չի՞ նշանակի: «Թե ընդդիմությունն ինչ վիճակում կլինի՝ ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, թե պետությունն ի՞նչ վիճակում կլինի: Եթե հանրաքվեն տապալվի հատկապես բոյկոտի միջոցով, դա որոշակիորեն կնշանակի, որ այդ ակցիայի համար հսկայական ջանք է գործադրվել: Իսկ եթե այդպես է, ուրեմն՝ ստեղծվել է այն ճակատը, որի մասին ես ասում եմ, եւ այդ ճակատն արդեն տուն չի գնա, կշարունակի պայքարել, ինչը բերում է կենսունակ ուժերի ձեւավորման, որը երբեմն ավելի կարեւոր է, քան՝ պայքարի որոշակի պահի արդյունքը»: Վազգեն Մանուկյանը երեկ կարծիք հայտնեց, թե առաջիկա սահմանադրական հանրաքվեն կեղծելու դեպքում երկրում պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դրանից հետո իշխանությունների գործունեության շարունակությունն անհնարին դառնա: ԱԺՄ նախագահը ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին կոչ արեց պատգամավորական մանդատները վայր դնել եւ դուրս գալ կոալիցիայից: Ինչո՞ւ է այդ կոչն ուղղվում հատկապես այդ կուսակցություններին եւ ոչ ՀՀԿ-ին: «Կարծում եմ, իշխանությունը հիմնականում կենտրոնացված է ՀՀԿ-ի ձեռքում եւ այս իշխանության հիմնական կրողն ու դրան սատարողն այդ կուսակցությունն է: Իսկ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանությանն օժանդակող ու նրանց համար վարագույր հանդիսացող ուժեր են»,- պարզաբանեց ԱԺՄ նախագահը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ