ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈ՞ՒՄ Է Մեծ էր գայթակղությունը ընդհանրապես չնշել, թե ով է պառլամենտարիզմի մասին այս գնահատականների եւ դիտարկումների հեղինակը: «Ինչքան ավելի էի ես թափանցում խորհրդարանի ներքին հարաբերությունների մեջ, ինչքան ավելի անաչառությամբ էի ուսումնասիրում մարդկանց ու նրանց գործելակերպը՝ այնքան ավելի գարշելի էր իմ աչքերում պատկերանում խորհրդարանական կյանքի ընդհանուր տեսարանը: … Մենք արդեն չենք խոսում այն մասին, թե ինքնին ինչ պայմաններում են անցնում պարոնայք ժողովրդական ներկայացուցիչների ընտրությունները, ինչ միջոցներով են նրանք հասնում իրենց բարձր կոչմանը: Միայն բացառիկ աննշան քանակությամբ դեպքերում է, որ ընտրություններն իրոք ընդհանուր ցանկության արդյունք են: … Չէ՞ որ ոչ ոք չի հավատա, որ քվեատուփերում տասնյակներով կամ հարյուրակներով աճում են հիրավի պետական այրեր: Բոլորը գիտեն, որ քվեաթերթիկները մատուցվում են ընտրազանգվածի, որին կարելի է կասկածել ինչում ասես, միայն ոչ խելքի ավելցուկ ունենալու մեջ: … Ինչ խնդիր էլ ծագի՝ միեւնույն է, որոշելու է անիրազեկ եւ ոչ հմուտ մարդկանց մեծամասնությունը: Չէ՞ որ ժողովի կազմը մնում է նույնը, մինչդեռ քննարկման ենթակա հարցերը փոխվում են ամեն օր: Չէ՞ որ իրոք հնարավոր չէ ենթադրել, թե միեւնույն մարդիկ տիրապետում են բավարար տեղեկատվության, ասենք, ե՛ւ փոխադրամիջոցների, ե՛ւ բարձր արտաքին քաղաքականության ոլորտներում: Այլապես կմնար ենթադրել, թե մենք գործ ունենք միայն բացառապես ունիվերսալ տաղանդների հետ, իսկ մենք գիտենք, որ իրականում տաղանդները ծնվում են գուցե հարյուրամյակը մեկ: Իրականում խորհրդարաններում են գտնվում ոչ թե «ուղեղներ», այլ միայն ծայրահեղ սահմանափակ մարդիկ, դիլետանտների ուռճացված հավակնություններով, ցածրագույն տեսակի մտավոր սուռռոգատ: Միայն դրանով էլ կարելի է բացատրել այն չլսված թեթեւամտությունը, որով այդ պարոնները հաճախ քննարկում (եւ լուծում են) խնդիրներ, որոնք կստիպեին շատ ու շատ մտածել անգամ ամենահզոր ուղեղներին: … Հայտնի շրջանակներում ազնվությունը միշտ համարվում է հիմարություն: Այսպիսով, եթե պատգամավորների մեջ գտնվի էլ ազնիվ մարդ, նա աստիճանաբար կանցնի ստի եւ խաբեության հղկված հուն: Վերջիվերջո, նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինչ դիրք էլ գրավի իրենցից յուրաքանչյուրը՝ չի հաջողվի փոխել ոչի՛նչ: Հատկապես այս գիտակցությունն էլ սպանում է ամեն ազնիվ մղում, որը երբեմն առաջանում է նրանցից մեկի կամ մյուսի մոտ: Չէ՞ որ իբրեւ մխիթարանք նա կասի ինքն իրեն, թե անձնապես ինքը պատգամավորներից դեռ ամենավատը չէ եւ բարձրագույն պալատին իր մասնակցությունը օգնում է խուսափել առավել վատթարից: … Հենց դա էլ խնդիրն է, որ ժամանակակից ժողովրդավարական պառլամենտարիզմի իդեալը ոչ թե իմաստունների հավաքն է, այլ գաղափարապես ենթակա զրոների ամբոխը, որոնց որոշակի ուղղությամբ տանելն ու ղեկավարելը այնքան հեշտ կլինի, ինչքան ավելի սահմանափակ կլինեն այդ մարդուկները: Միայն այս ճանապարհներով է այժմ վարվում, այսպես կոչված, կուսակցական քաղաքականությունը՝ բառիս ամենավատ իմաստով: Եվ միայն դրա շնորհիվ հնարավոր դարձավ, որ իրական դիրիժորը միշտ թաքնվում է կուլիսների ետեւում եւ երբե՛ք չի կարող կանչվել անձնական պատասխանատվության: Հենց այդպես է ստացվում, որ ազգի համար ամենավտանգավոր որոշումների համար այժմ պատասխան է տալիս ոչ թե սրիկան, որն իրականում պարտադրել է այդ որոշումը, այլ ամբողջ խմբակցությունը»: Սրանք ընդամենը հատվածներ են մի գրքից, որտեղ այս ամենին նվիրված է շատ ավելի ծավալուն մի գլուխ: Ուստի՝ կարող էինք շարունակել մեջբերումները: Սակայն վստահ ենք, որ ընթերցողներից շատերին այսքանն էլ է բավական, որ պատրաստակամություն հայտնեն ստորագրել այս գնահատականների ներքո: Վստահ ենք, որ նրանք հիմնավոր փաստարկներով կապացուցեն, թե այս ամենը հե՛նց Հայաստանի խորհրդարանի, հե՛նց մեր պատգամավորների ու կուսակցականների մասին է: Սակայն գաղտնազերծենք: Այս ամենն ասված է դեռ անցյալ դարում: Եվ մեջբերել ենք Ադոլֆ Հիտլերի «Իմ կյանքը» («Մայն կամպֆ») ստեղծագործությունից: Իսկ թե արդյոք նման խորհրդարաննե՞րը չեն ծնում ֆյուրերներ, թե՞ հակառակն է՝ բանավիճելու նյութ է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Թարգմանությունը նվիրում ենք խորհրդարանի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի մեկնարկին: