«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԵՎԻՑ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ» Կարծում է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը «Հայաստանի խնդիրն այն է, որ քարոզվում է հեղափոխական ճանապարհ, որը նսեմացնում է հեղափոխական նպատակները: Շատ նպատակներ, որոնք հիմնովին կփոխեին մեր կյանքը, կարելի էր իրականացնել ավելի պարզ ճանապարհով: Բայց երբ առաջ է քաշվում մեթոդը՝ նպատակներն արդեն դեր չեն խաղում: Բազում կուսակցություններ բավականին լուրջ նպատակներ են հետապնդում՝ չցանկանալով ցնցումներ, վայրագ եւ բուռն զարգացումներ: Մեզանում չկա՝ «այո, բայց…»-ից «ոչ, բայց…»-ի սահման»,- իր ղեկավարած «Արժանապատվություն» կուսակցության պասսիվությունն այսպես է բացատրում Լյուդմիլա Հարությունյանը: Մինչ օրս կուսակցությունը որեւէ դիրքորոշում չի արտահայտել վերջին շրջանում մեր առօրյայի բաղկացուցիչը դարձած սահմանադրական փոփոխությունների առիթով: Դիտարկմանն ի պատասխան, տիկին Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչությունը որոշել է հարցի վերաբերյալ կարծիք ձեւավորել՝ ելնելով շարքերի մոտեցումներից՝ շրջանային եւ մարզային ժողովների արդյունքում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ մարդիկ անտեղյակ են քննարկվող հարցին: «Սահմանադրությունը վերեւից չի ստեղծվում: Մեզ մոտ վերեւից է իջնում՝ դրա համար էլ չի աշխատում: Սահմանադրությունը կուսակցական պայքարի առարկա չի: Այդ հարցին ավելի լուրջ եւ հանգիստ պետք է մոտենալ»,- ասում է Լ. Հարությունյանը: Նրա անձնական կարծիքով, առաջարկվող փաստաթղթով երկիրը մի փոքր ավելի ամուր է կանգնում կիսանախագահական համակարգին, բայց թղթի վրա գրված գեղեցիկ արտահայտություններն ամրագրող մեխանիզմներ չկան: Ըստ այդմ, մեր զրուցակիցը բավականին լուրջ վերապահումներ ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առիթով. «Ես կուզենայի իմանալ, թե մեր երկրում վերջապես ո՞վ է պատասխանատու ընտրությունների համար: Չեմ հավատում, որ այս հանձնաժողովներով փոքրիշատե նորմալ ընտրություններ կլինեն մեզ մոտ»: ՏԻՄ ընտրությունների առիթով՝ «այդ ընտրությունների հետ իշխանությունը մի խնդիր է կապում՝ ստեղծել հիմքեր ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար: Բա ժողովուրդը ի՞նչ հույսեր է կապում»,- հարցնում է տիկին Հարությունյանն ու արձանագրում. «Ժողովուրդը չի հասունացել՝ հասկանալու համար, որ համայնքն ամենակարեւոր բանն է, իշխանությունն էլ չի հասունացել հասկանալու համար, որ երկիրն առանց համայնքի՝ ոտքի չի կանգնի: Հայաստանում համընդհանուր ապագաղափարականացումն արդեն չարիք է դարձել: Առաջին տարիներին, երբ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա որակվեց, ես հասկանում էի, որ ազգայնականությունից անցնում ենք միջազգայնականացման: Հիմա դա էլ է վերացել: Դառնալով ապագաղափարախոսական երկիր՝ Հայաստանը կորցրել է շարժման ուղղությունը: Ինչո՞ւ այս հարցը չի բարձրաձայնվում եւ չի կարեւորվում այսօր»: «Մեր ժողովրդի համար դարձել է սովորական՝ գնալ, պարտվել, օտարվել, վերադառնալ: Ունենանք այնքան կամք, որ ընտրելու իրավունքը վերցնենք օլիգարխներից ու կլաններից եւ ժողովրդին տանք: Մեր փորձը պիտի մեզ ավելի իմաստուն դարձներ, ոչ թե հախուռն ամբոխի վերածեր: Սա է պատճառը, որ մարդիկ հանրահավաքների չեն գնում: Որովհետեւ այլեւս չեն ցանկանում հախուռն ամբոխ լինել, ուզում են իրենց երկրի տերը դառնալ՝ հասկանալով, թե ի՞նչ է կատարվում այդ երկրում: Մենք Վոլտեր եւ Ռուսսո ենք թարգմանել, իսկ հիմա դարձել ենք գավառական ու իշխանություն-ընդդիմություն թատրոնին ենք նայում: Պետք է վերադառնանք մեծ մշակույթին»,- ասում է Լյուդմիլա Հարությունյանը: Ընդդիմության մեծամասնության կողմից առաջարկվող ելքը՝ սահմանադրական հանրաքվեի վերածումն անվստահության հանրաքվեի, մեր զրուցակիցը պարզունակ մոտեցում է համարում, քանի որ օրենսդրորեն ամրագրված չէ, որ «ոչ»-ի դեպքում իշխանությունը պետք է հեռանա: Իսկ իշխանության խոհեմությանը անգամ տիկին Հարությունյանը չի ապավինում: Ուստի առաջարկում է սպասել հերթական ընտրություններին եւ օրինական ճանապարհով հասնել հարցերի լուծման: Այլապես՝ «Հայաստանը չի կարող հեղափոխությունից հեղափոխություն գնալ, Հայաստանը պիտի օրենք ունենա, օրենքով իշխանություն փոխի, օրենքով իշխանությունից պահանջի: Ես համոզված չեմ, որ հիմա այս իշխանավորների փոխարեն այլոց նստեցնենք այդ աթոռներին՝ նույն բանը չեն անի: Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է ազգակցական, կուսակցական, թաղային կլանների ֆիասկոյով: Դրա համար սահմանադրական քննարկումները պետք է ենթադրեն լուրջ գաղափարախոսական քննարկումներ, որոնք այլընտրանքները ցույց կտան: Մենք ունենք այդ պոտենցիալը, բայց քննարկումների որակն ու ոճն էլ ԱԺ-ի կողմից մոնոպալացված է: «Դեմ»-երն էլ, «կողմ»-երն էլ իշխանության բաժանման խնդիր ունեն: Հիմնական քննարկողը պիտի ժողովուրդը լինի, որը դեռ դիտորդ է»,- կարծում է նա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ