Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 10,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երեսունմեկերորդ

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ

Մացոն իր դարակներից մեկից բարձ ու հնամաշ մի շինել հանեց, ու ես պառկելով Մացոյի թախտին՝ էդ հնամաշ շինելը փռեցի վրաս ու եթե էդ պահին ի վիճակի լինեի մտածել, կմտածեի, որ մեր կյանքում, ճիշտ է, անըմբռնելի ու անմեկնաբանելի բաներ քիչ չեն լինում, բայց ամենաանըմբռնելին հենց ինձ պատահեց, եւ, իհարկե, դուք եւս ի վիճակի չեք հասկանալ ու մանավանդ բացատրել, թե ինչպե՞ս կարող է պատահել, որ էն գլխից խրոնիկ գլխացավ ունեցող մեկի գլխացավը բանակի մի ամբողջ տարվա անտերուդուս կյանքի ընթացքում ոչ մի անգամ չբռնի ու բռնի էդ անտերուդուս կյանքի ամենավերջին օրը՝ ամենաիսկական կյանքի շեմին, երբ, թվում է, գլխացավ ու որեւէ այլ վտանգ այլեւս չեն սպառնում:

Ես էդ մտածում էի հաջորդ իսկ առավոտ՝ Բաքվի «ԸֆՐՏՒսՏՑ» հյուրանոցի մեր համարում, ու նաեւ հիմա եմ հիշելով զարմանում, իսկ էն պահին, երբ Մացոյի աֆիցերսկիում գլխացավս արդեն ընդհուպ մոտեցել էր ինձ, ես Մացոյի թախտին պառկած՝ հայացքս պատած մշուշի միջով ընդամենը նշմարում էի Վալերի՝ գլխիս մերթ մոտեցող ու մերթ հեռացող հսկայական թաթը, ու նաեւ Վալերի ֆշշոցն էի լսում, եւ ուրիշ ոչինչ չեմ հիշում, որովհետեւ երեւի Վալերի հենց էդ ֆշշոցների շնորհիվ քնեցի:

Արթնացա Վալերի ու Մացոյի ձայներից: Սկզբում չհասկացա՝ որտեղ եմ գտնվում ու որտեղ եմ զարթնել, բայց հետզհետե մտքիս մեջ հստակորեն վերականգնվեցին նախորդ օրվա Կարավանի տան ընթրիքը, Լարիսա Իվանովնան, արաղն ու գլխացավս, եւ երբ հայացքս առաստաղից տեղափոխեցի տղերքի կողմ, Վալերն ասաց.

– Բարլուս, ախպե՛ր: Գլխացավդ անցա՞վ:

– Հա. ոնց որ չկա,- ասացի ես:

– Ձելը մասծերա բայիցա,- ասաց Վալերը:

– Վալերը գլխացավդ ընենց չհանեց, որ հետք մնար,- ասաց Մացոն:

– Մերսի, Վալեր ջան,- ասացի ես:

– Մեր ձեռից էլ էդ ա գալի, Արմո՛ ջան,- ասաց Վալերը:

– Ժամը քանի՞սն ա,- պառկածս տեղից հարցրի ես՝ հանկարծ հիշելով, որ տուն ենք գնալու:

– Հինգ անց կես ա,- ասաց Վալերը:- Ես ու Մացիկը մտածում էինք՝ քեզ զարթնացնե՞նք, թե՞ թողենք մի քիչ էլ քնես:

– Ի՞նչ քնել, ա՛յ Վալեր. հո խայտառակ չե՞նք,- գոռացի ես:

Ես գոռացի՝ «հո խայ տառակ չե՞նք», որովհետեւ, ինչպես արդեն ասել եմ, առանձին վերցրած մեր էդ զորամասի բարի ու գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ զորացրվածներն էդ զորամասը լքում էին առավոտվա ուղիղ վեցին՝ էդպիսով հնարավորինս նվազեցնելով ու հնարավորինս չավելացնելով իրենց ծառայության ժամկետը, եւ առանձին վերցրած մեր էդ զորամասի սպայակազմն էլ էր էդ բարի ու գեղեցիկ ավանդույթն ի գիտություն ընդունում, ու զորացրվողների փաստաթղթերը նախորդ օրն արդեն վերջնական տեսքի էին բերվում ու նախօրոք հանձնվում էին Խկկ-ի հերթապահին, եւ մեր էդ զորամասի բարի ու գեղեցիկ ավանդույթն անգիր գիտեին նաեւ Սումգայիթի բոլոր տաքսիստները, որ դեմբելսկի սեզոնի ողջ ընթացքում առավոտվա ուղիղ վեցին արդեն հայտնվում էին մեր Խկկ-ի դիմաց: Ու էդ հանգամանքներն էին պատճառը, որ ես տեղիցս վեր թռչելով՝ գոռացի.

– Ի՞նչ քնել, ա՛յ Վալեր. հո խայտառակ չե՞նք:

– Կամաց թռի, ախպե՛ր. գլխացավդ հազիվ եմ հանել,- ասաց Վալերը:

– Հըլը կես ժամ կա,- ասաց Մացոն.- ես վայրկենական ձվածեղ կսարքեմ ու կոֆե կեփեմ:

– Կոֆեն մեզ վայ թե դզի, Մացի՛կ,- ասաց Վալերը:

Երբ Վալերն ասաց՝ «կոֆեն մեզ վայ թե դզի», ես միայն այդ ժամանակ գլխի ընկա, որ տղերքը գիշերը չեն քնել:

– Չեք քնե՞լ,- հարցրի ես:

– Չէ,- ասաց Վալերը.- Մացոյի հետ սաղ գիշեր ասում-խոսում էինք:

– Թե՞ իմ պատճառով չեք քնել,- հարցրի ես:

– Քու պատճառն էլ կար,- ասաց Վալերը.- մտածում էինք՝ հանկարծ ավելի չվատանաս: Հիմի գույնդ ոնց որ տեղն ա էկել:

– Հա՛, հիմի ոնց որ լավ եմ,- ասացի ես՝ գլուխս ցնցելով:

– Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ,- ասաց Վալերը:- Էդ գլո՞ւխդ խի ես թափ տալի:

– Գլխացավիս հետքը վաբշե չկա,- ասացի ես:- Գլուխս որ թափ եմ տալի՝ հեչ ցավ չեմ զգում. ըտենց եմ ստուգում՝ ցավը լրի՞վ ա անցել, թե՝ չէ:

– Վալերը գլխացավդ ընենց չի հանել, որ ցավ զգաս,- ասաց Մացոն՝ ձվերը կոտրելով ու լցնելով թավայի մեջ:

– Փաստորեն ինձ փրկել ես, Վալե՛ր,- ասացի ես:

– Քեզ փրկեց, բայց ինքը քաշվավ,- ասաց Մացոն:

– Ո՞նց քաշվավ,- զարմացա ես:

– Ինքը քու գլխից ցավը հանեց, բայց գլխացավդ իրան անցավ,- ասաց Մացոն:

– Հիմի գլուխդ ցավում ա՞, Վալե՛ր,- հարցրի ես:

– Հիմի արդեն չի ցավում,- ասաց Վալերը:

– Բայց ցավում էր, հա՞,- հարցրի ես:

– Մի մոմենտ ցավաց, բայց մի քանի վարժությունից հետո անցավ:

– Ի՞նչ վարժություն,- հարցրի ես:

– Յոգայի հատուկ վարժություններ են,- ասաց Վալերը.- էդ էլ մե՛ր մասնագիտությունն ա:

– Բա մասնագիտությունդ բոքսը չի՞,- հարցրի ես:

– Բոքսն ինձ ապագա չի,- ասաց Վալերը:- Մինչեւ հիմի որ Սայուզի չեմպիոն չեմ դառել, էլ դժվար թե դառնամ: Բուժական ֆիզկուլտուրայի գծով մի վախտ ահագին խորացել էի: Մի քիչ լուրջ որ զբաղվեմ, երեւի էդ գծով ասպիրանտուրա փորձեմ:

– Գլխացավս որ չանցկացնեիր, կորած էի,- ասացի ես:

– Ես հիմնականում քեզ քնացնելու ուղղությամբ էի աշխատում,- ասաց Վալերը:- Վսյո ժե, գլխացավի ամենաուժեղ դեղը քունն ա:

– Զարմանում եմ, որ քնել եմ. գլխացավս որ սկսվում ա, վաբշե աչքիս քուն չի գալի,- ասացի ես:

– Որ էդքան գլխացավիցդ խոսաս՝ էլի կսկսվի,- ասաց Մացոն:- Ավելի լավ ա՝ ձվածեղ ուտեք:

– Ձվածեղն էղա՞վ,- զարմացա ես:

– Էդ էլ մե՛ր մասնագիտությունն ա,- հպարտացավ Մացոն:

– Բա կոֆե չես դնո՞ւմ, Մացի՛կ,- հարցրեց Վալերը:

– Կոֆեն դրած ա,- ասաց Մացոն:- Դուք մինչեւ ձվածեղի հախից գաք, կոֆեն պատրաստ կըլնի:

– Արագացնե՛նք,- ժամացույցին նայելով՝ ասաց Վալերը:- Ամենաուշը վեցին հինգ պակաս պիտի Խկկ-ում ըլնենք:

– Քսան ա պակաս,- ժամացույցին նայելով՝ ասաց Մացոն:- Կհասցնե՛ք. հանգիստ կերեք:

– Հեչ ուտելս չի գալի,- ձվածեղը փորձելով՝ ասաց Վալերը:- Էդ կոֆեն ոնց որ թշշում ա, Մացի՛կ:

– Բերում եմ,- ասաց Մացոն:

Մացոյի պատրաստած էդ բանակային վերջին սուրճը ո՛չ միայն ընտիր ու սքանչելի էր, այլեւ՝ միանգամայն սթափեցնող, ու ես, սթափվելով, էդ ամենավերջին պահին միայն հասկացա, որ դա հենց էն պահն է, որը ես ու մեր տղերքը մի տարի շարունակ ամեն օր ու ամեն վայրկյան երազել էինք, ու հիմա, ընդհուպ մոտեցած էդ, ուրեմն, երազին, առանձնապես ուրախ չէինք՝ ո՛չ ես եւ ո՛չ էլ Վալերը, եւ մեջներս նույնիսկ տխրության պես մի բան կար, ու հիմա մտածում եմ, որ երեւի գլխացավս ու Վալերի անքնությունն էին պատճառը, որ մեր էդ ամենավերջին պահերին առանձնապես ուրախ չէինք, բայց երեւի դրանք միակ պատճառները չէին, ու, ինչքան հիշում եմ, մեջներս ափսոսանքի պես ինչ-որ բան էլ կար, ու էդ տեսակ զգացողություն մեկ էլ ունեցել էի Ժիրոյի հետ մեր ծովափնյա օրերի ամենավերջին պահերին, բայց եթե էն ժամանակ ծովափնյա թեթեւ ու սքանչելի կյանքից էինք հեռանում, դժվարանում եմ ասել, թե ինչից էինք հեռանում ես ու Վալերը յոթանասունհինգ թվականի նոյեմբերի քսանութի էդ մութ առավոտյան:

Երեւի, այնուամենայնիվ, կոնկրետ ու որոշակի կյանքից էինք հեռանում, մեր իսկ կյանքից էինք հեռանում, ու եթե էս ասածս ճիշտ ու ճշգրիտ չէ, պատճառն այն է, որ ես իմ ու Վալերի էդ վերջին օրվա անհասկանալի վիճակը երեսուն տարվա հեռվից եմ փորձում պատճառաբանել ու մեկնաբանել եւ այլ կերպ չեմ էլ կարող վարվել, որովհետեւ ես ու Վալերն էն ժամանակ ոչ կարող էինք էս բաները մտածել եւ ոչ էլ ուզում էինք մտածել. էն ժամանակ մենք ջահել էինք եւ ջահելավարի ուրախանում ու ջահելավարի էլ տխրում էինք՝ առանց հիմնավորելու ու պատճառաբանելու մեր ուրախությունն ու մեր տխրությունը, ու չնայած մեր էդ վերջին օրվանից ուղիղ քսան օր առաջ ամենից շատ հենց ես ու Վալերն էինք զարմացել զորացրվող Գրիշի անտրամադիր ու անհեթեթ վիճակից, բայց ահա մենք ինքներս էինք զորացրվում եւ առանձնապես ուրախ չէինք ու բացարձակապես չէինք ցնծում, եւ մեր էդ վերջին պահերի վիճակն ու տրամադրությունը հենց քսան օր առաջվա Գրիշի տրամադրությունն ու վիճակն էին հիշեցնում, ու մեր էդ ամենավերջին առավոտվա անհուն տխրությունը միայն իմ գլխացավով ու Վալերի անքնությամբ բացատրելն էլ բուն ճշմարտությունից խուսափելու մի ձեւ է, եւ իմ գլխացավն ու Վալերի անքնությունը մեր անհուն տխրության բազում պատճառներից ընդամենը մեկնումեկը կարող էին լինել, եւ ոչ թե՝ բուն ու հիմնական պատճառները, որովհետեւ, հիշում եմ, իմ գլխացավից ու Վալերի անքնությունից առաջ էլ մենք առանձնապես ուրախ չէինք, եւ ուրախ չէինք անգամ Կարավանենց տնական ընթրիքի ամբողջ ընթացքում, ու եթե ասեմ, որ Լարիսա Իվանովնայի անակնկալ պաչիկից առանձնապես ուրախացա, ձեզ խաբած կլինեմ, որովհետեւ այն պահին, երբ Կարավանի աժդահա կողակիցը միանգամայն անսպասելի գրկեց ու համբուրեց ինձ, ես ընդամենը մի բան էի մտածում՝ հանկարծ զամպալիտը չտեսնի, ու երբ Կարավանն արդեն չէր տեսել, ու մենք արդեն բարեհաջող ճողոպրել էինք իրենց տնից, էլի ուրախ չէինք, իսկ ավելի ճիշտ՝ էլի տխուր էինք, եւ հիմա, որ ավելի եմ խորանում մեր էդ ամենավերջին օրվա տխրության ու տխրության պատճառների մեջ, էլի ու էլի վերադառնում եմ իմ էն մտքին, որ մեր էդ անհուն տխրության ակունքը բոլոր կողմերից մեզ շուրջկալած անորոշությունն էր, այսինքն՝ մենք միանգամայն անտեղյակ էինք, թե ինչ կա-չկա զորամասի պարիսպներից անդին, եւ հիմա, որ էսպես խորանում եմ, սկսում եմ նաեւ մտածել, որ նոյեմբերյանցի Գրիշն էլ էր երեւի իր վերջին օրն էդ նույն պատճառով տխուր ու անհանգիստ, եւ իր տխրության ու անհանգստության պատճառը բնավ էլ իր դեմբելսկի կոստյումի անկատարությունը չէր, այլ այն, որ ինքը եւս, ինչպես ահա Վալերն ու ես, զորացրվելով ու տուն վերադառնալով, չգիտեր՝ ինչի՞ց պիտի սկսի ու ի՞նչ պիտի սկսի, եւ միակ բանը, որ գիտեինք, այն էր, որ Հայաստանում մեզ սպասողներ կան, եւ դա մեզ համար ուրախանալու ու ցնծալու բավարար հիմք չէր:

Մենք խմեցինք մեր սուրճերը, Մացոյի հետ մտանք իմ արհեստանոց, վերցրինք մեր ճամպրուկները, եւ էդ պահին Մացոն ինձնից ու Վալերից խլեց ճամպրուկներն ու ասաց. «Տվեք ի՛նձ. ձեր վրա հալ չկա»:

Արհեստանոցիցս մինչեւ Խկկ ընդամենը երկու ոտ տեղ էր, ու մեր էդ թեթեւ ճամպրուկներն առանձնապես ծանր բեռ չէին, ու Մացոն մեր ճամպրուկները մեզանից խլելով՝ իր վերջին պատիվն էր մեզ տալիս ու վերջնական պատվի էր մեզ արժանացնում առնվազն Խկկ-ի հերթապահի առաջ, որը նայելով պատի ժամացույցին՝ արագ-արագ կնքեց ու ստորագրեց մեր փաստաթղթերը, որովհետեւ վեցին ընդամենը քսանհինգ վայրկյան էր պակաս, ու մենք վայրկյանների ճշտությամբ դուրս թռանք Խկկ-ի սրահից:

Երբ ես ու Վալերը Խկկ-ի սրահից գնդակի պես դուրս նետվեցինք, մեր բաժին տաքսին ու մեր բաժին տաքսիստը խավարի մեջ մեզ էին սպասում, եւ ես ու Վալերը ճանապարհից առաջ մի րոպեի չափ նստեցինք դրսի նստարանին, որը հենց էդ նպատակով էլ նախատեսված էր, ու մեր էդ ամենավերջին րոպեի ընթացքում նախ Մացոն մեզ իրենց տան հեռախոսի համարը տվեց, որ զանգենք ու տնեցիներին ասենք՝ «Մացոն էնտեղ թագավորի պես ա», ու հետո, հանկարծակի հիշելով, ես արհեստանոցիս բանալին տվի Մացոյին, որ զամպալիտին տա:

Ես ու Վալերը հերթով գրկախառնվեցինք Մացոյի հետ, հերթով Մացոյին հրաժեշտ տվինք, եւ Մացոն տխուր ժպտալով՝ ասաց. «Հեչ դարդ չանեք, տղերք ջան. վեց ամսից էլի մեջքներիդ կայնած եմ»:

Երբ մեր տաքսին մոտենում էր Սումգայիթին, Վալերի աչքերն արդեն փակ էին, ու չնայած ես արթուն էի, Սումգայիթը վերստին չտեսա, ավելի ճիշտ՝ ինչպես Կարավանի վիլիսից Սումգայիթն առաջին անգամ տեսել էի, էդպես էլ կար՝ համատարած մշուշ ու խավար:

Ես Սումգայիթն առաջին անգամ տեսա ութսունութի ապրիլին հեռուստացույցով՝ Բորովիկի հաղորդման ժամանակ, ու առ էսօր բարդութավորված եմ, որ Աստված ինձ հատկապես էդ անիծյալ վայրում ծառայեցրեց:

Երբ մեր տաքսին մոտեցավ Բաքվի օդանավակայանին, ես Վալերին արթնացրի, ու մենք մեր տաքսիստին շնորհակալություն հայտնելով՝ հաշվիչի ցուցմունքից ուղիղ երեք ռուբլի ավել վճարեցինք, որովհետեւ էդպես էր ընդունված:

Սկզբում ուզում էինք մեր ճամպրուկները հանձնել օդանավակայանի պահասենյակ, բայց ես Վալերի կիսաբաց աչքերին նայելով՝ առաջարկեցի օդանավակայանի հյուրանոցում համար վերցնել ու մի քիչ հանգստանալ:

Մեզ ասել էին, որ զինվորականներիս համար հյուրանոցային պրոբլեմներ գոյություն չունեն, եւ, ուրեմն, ցանկացած հյուրանոցի դուռ մեր առաջ բաց է, բայց, ինչպես քիչ անց պարզվեց, դա էնքան էլ էդպես չէր, եւ օդանավակայանի «ԸֆՐՏՒսՏՑ» հյուրանոցի ադմինիստրատորը ոչ մի կերպ չէր համաձայնվում մեզ սենյակ տալ, բայց երբ Վալերն ասաց, որ օդանավակայանի տնօրենին կբողոքենք, եւ մանավանդ երբ ես բացատրեցի, որ ընդամենը մինչեւ երեկոյան վեցն ենք հյուրանոցում մնալու, ադմինիստրատորի դեմքը միանգամից պայծառացավ, եւ նա սիրով վերցրեց մեր զինգրքույկները:

Տեղավորվելով մեր երկտեղանոց համարում՝ մենք հարկի հերթապահին խնդրեցինք, որ երեկոյան վեցին արթնացնի մեզ:

Դեռեւս առավոտվա յոթն էր, ու դեռեւս մութ էր, ու մենք սենյակի լույսը հանգցնելով՝ անմիջապես քնեցինք, եւ երբ ես արթնացա՝ դեռեւս երեքն էր, ու Վալերը դեռեւս քնած էր, ու ամենակարեւորը՝ արդեն լույս-լույս էր, եւ երբ լուսամուտից նայեցի՝ քաղաքացիական հագուստներով լիքը մարդիկ այսուայն կողմ էին գնում ու գալիս, եւ դա կյանքն էր, եւ Վալերի խռմփոցի տակ լուսամուտից ինձ կամաց-կամաց սկսեցի նախապատրաստել կյանքին՝ մանրամասն զննելով եւ ուսումնասիրելով այն:

Լուսամուտից այն կողմ թեեւ Ադրբեջանն ու Բաքուն էին, բայց դեմքերը հիմնականում ռուսական էին, այսինքն՝ կյանքը միանգամայն բնականոն էր շարունակվում, որովհետեւ մեր զորամասում էլ, ուր մի ամբողջ տարի ծառայել ու ապրել էի, ադրբեջանցիներ համարյա չկային, ու եղած մի քանիսն առանձնապես եղանակ չէին ստեղծում ու աչքներիս համարյա չէին երեւում, որովհետեւ հայերիցս քանակով քիչ էին, իսկ որակի մասին չեմ խոսում, քանի որ որակի մասին արդեն հանգամանորեն ասել ու խոսել եմ:

Ձեզանից ոմանք հիմա հանգստացած շունչ են քաշում՝ արդեն հարյուր տոկոսով համոզվելով, որ ես ահա-ահա վերջացնում եմ բանակային կյանքիս էս ահագին ձգձգված պատմությունը, եւ իսկապես՝ եթե նույնիսկ շատ ուզեմ, այլեւս անկարող եմ էդպես ձգձգելով շարունակել, որովհետեւ ինձանից ընդամենը երկու ժամ հետո Վալերը զարթնեց, եւ իր զարթնելուց էլ ընդամենը երեք ժամ անց մեր ինքնաթիռն արդեն վերջնականապես պոկվեց Ադրբեջանի ու Բաքվի գետնից:

Այնպես որ, ձեզանից ոմանք շատ էլ ճիշտ են անում, որ հանգստացած ու թեթեւացած շունչ են քաշում, բայց ձեզանից ամենաանհամբերներն ու ամենամիամիտները հանգստացած ու թեթեւացած շունչ քաշելով՝ միանգամայն այլ իմաստով են սխալվում. նրանք չարաչար սխալվում են՝ կարծելով, թե ես բանակիս էս հիշողություններն ու պատմություններն ավարտելով ու սպառելով՝ ավելի հետաքրքիր բաներ եմ սկսելու պատմել ու հիշել:

Ձեզանից ամենամիամիտները երեւի հենց նրանք են, ովքեր իրենց ծաղկուն տարիքում բանակից ճողոպրելով ու բանակային կյանքից խուսափելով՝ կարծել են, թե մի շատ ահավոր ու սարսափելի բանից են խուսափել ու ճողոպրել, մինչդեռ իրականում ընդամենն իրենց իսկ կյանքից են խուսափել ու ճողոպրել, իսկ ավելի կոնկրետ՝ խուսափել ու ճողոպրել են իրենց փայ ժամանակի մեջ նախանշված մի շատ որոշակի փուլից, որն ինչպես հիմա՝ երեսուն տարի անց է պարզվում, ոչ թե պարզապես կյանք էր, այլ՝ Աստծո կողմից ինձ ու մեր նվագախմբի տղերքին շնորհված միանգամայն ալտերնատիվ կյանք, ու եթե կյանքի էդ ալտերնատիվ հատվածն էդքան սարսափելի ու էդքան անդուր լիներ, ես դժվար թե էսքան երկար ու էսքան սրտանց վերհիշեի էդ ամեն ինչն ու դժվար թե էսքան հանգամանորեն, մանրամասնորեն ու վերստին կամավոր վերապրեի էն ամենը, որ մի անգամ արդեն ապրել էի:

Ես նամակով մերոնց տեղեկացրել էի, որ քսանութին կամ քսանիննին Երեւանում կլինեմ, ու օրը ճշգրիտ չէի նշել, որ մերոնք չչարչարվեն ու չգան հասնեն օդանավակայան: Վալերն ընդհա՛նրապես իր գալու մասին տնեցիներին չէր նախապատրաստել, որովհետեւ մինչեւ նախավերջին օրն ինքն էլ հաստատ համոզված չէր, որ ինձ հետ նույն օրն իրեն էլ ազատ կարձակեն:

Մեր ճամպրուկները շատ թեթեւ էին, ու մենք դրանք բագաժ չէինք հանձնել: Ես ու Վալերը ճամպրուկները ձեռքներիս ինքնաթիռից իջանք ու մտանք սպասասրահ, եւ անմիջապես տաքսիստներն ու փափախչիները կալմեջ արին մեզ, որովհետեւ զինվոր տուն հասցնելը տաքսիստների ու փափախչիների համար չափազանց եկամտաբեր գործ էր, քանի որ տաքսիստներն ու փափախչիները զորացրվածներին տուն հասցնելով՝ զորացրվածների ծնողներից ու հարազատներից մեծ մաղարիչներ էին պոկում, եւ ես ու Վալերն էդ մասին նախապես տեղյակ լինելով՝ արդեն փափախչիների հետ բազարի մեջ էինք մտել, որովհետեւ չէինք ուզում մեր ծնողների վրա չափից ավելի թանկ նստել, ու, մինչ տաքսիստների ու փափախչիների շուրջկալի մեջ մեր բազարն առաջ կտանեինք, հանկարծ մեկը հետեւիցս ձեռքերով աչքերս փակեց ու էդպես ահագին ժամանակ փակած պահեց եւ երբ հարցրեց՝ «կարա՞ս ասես ով ա», ես իմ քեռի Գոքորի ձայնն իսկույն ճանաչելով՝ աղաղակեցի՝ «Գոքո՜րը»:

Քեռիս, ինչպես քիչ անց պարզվեց, ոչ թե ինձ դիմավորելու էր եկել, այլ իր ռուս ընկերուհուն՝ Իրինային էր Մոսկվա ճանապարհում, ու Իրինան՝ մի իսկական գեղեցկուհի, Գոքորից մի քիչ հեռու խեղճ-խեղճ կանգնած էր եւ, ըստ երեւույթին, լացած էր, որովհետեւ աչքերը լավ կարմրած էին եւ, ըստ ամենայնի, Գոքորի հետ հրաժեշտն Իրինան շատ ծանր էր տանում, եւ դա միանգամայն հասկանալի ու շատ բնական էր, որովհետեւ էդ թվերին իմ քեռի Գոքորը դեռեւս ազապ էր, եւ իր համար Մետաքսի ու Նար-Դոսի ամենաընտիր աղջկերքն ուղղակի խելքահան էին լինում:

Ես Գոքորին ու Վալերին իրար հետ ծանոթացրի, հետո Գոքորն ինձ ու Վալերին Իրինայի հետ ծանոթացնելով՝ ինձ ասաց.

– Էս խի՞ խաբար չէիր արել, որ էս ռեյսով ես գալու:

– Ես էլ մտածեցի՝ ինձ դիմավորելու ես էկել,- ասացի ես:

– Որ խաբար արած ըլնեիր՝ պարզ չի՞, որ կգայի,- ասաց Գոքորը:

– Ուզում էինք տնեցիներին սյուրպրիզ անենք,- ասաց Վալերը:

– Հիմի էդ սյուրպրիզն իրար հետ կանենք,- ասաց Գոքորը.- հես ա էս աղջկան ճամփու կդնենք ու իրար հետ էդ սյուրպրիզը կանենք:

– Ավտոյով ե՞ս, Գո՛ք,- հարցրի ես:

– Հա,- ասաց Գոքորը:- Հորնումորդ բախտը բերեց. էս փափախչիներն ամենաքիչը հիսուն մանեթ իրանցից պլոկելու էին:

– Լավ ա, որ ավտոյով ես,- ասացի ես.- սկզբում Վալերին Սարի թաղ կիջացնենք, հետո նոր կէթանք մեր տուն:

– Հարց չկա,- ասաց Գոքորը.- պետք ըլնի՝ Սարի թաղը կբերենք Վալերի մոտ: Սպասեք էս աղջկան հորով-մորով անեմ, հետո նոր հանգիստ ձեզանով կզբաղվեմ:

– Հա՛. իրանո՛վ զբաղվի,- ասացի ես:

– Մի հատ մտնեմ սպրավըչնի՝ տենամ կարա՞մ տուն զանգեմ. իրանց խաբար անեմ, որ էկել ես,- ասաց Գոքորը:

– Մերոնց ե՞ս ուզում զանգես,- ասացի ես:- Մերոնց մի՛ ասա. թող իրանց համար սյուրպրիզ ըլնի:

– Ձերոնց չեմ զանգում,- ասաց Գոքորը.- մերո՛նց եմ ուզում իմաց անեմ, որ էթան ձեր յան:

– Ձերոնց ասա, որ նախօրոք մերոնց բան չասեն,- ասացի ես:

– Լավ,- ասաց Գոքորը, հետո Իրինայի ականջին ինչ-որ բան ասաց ու մտավ տեղեկատու խցիկ:

– Արմո՞, էս Գոքորը քեռիդ ա, հա՞,- հարցրեց Վալերը:

– Հա,- ասացի ես:- Իրան ճանաչում ե՞ս:

– Իրան ո՞վ չի ճանաչում,- ասաց Վալերը.- էն երեսունիրեք-երեսունիրեք դեղին «Զրո վեցերից» մեկն իրանը չի՞:

– Իրանն ա,- ասացի ես:

– Սաղ աշխարհն ա իրանց ճանաչում,- ասաց Վալերը:

Էդ տարիներին Երեւանում ջիփեր չկային, ու հանգավոր համարանիշերով ավտոմեքենաներն էլ առանձնապես շատ չէին, ու դրանցից երեքն իմ քեռի Գոքորին եւ իր ընկերներ Հակոբիկին ու Օնոյին էին պատկանում, ու էդ երեք միագույն ու միանման «Զրո վեցերն» իրարից ընդամենը համարանիշերի կողքի ռուսերեն տառերով էին տարբերվում. մեկը 33-33 ԸԺխ էր, մյուսը՝ 33-33 ԸԺկ, եւ իմ քեռի Գոքորինը՝ 33-33 ԸԺի, ու երեքն էլ միաժամանակ ու միասին էին հայտնվում զանազան թաղումներում ու հարսանիքներում ու երեքն էլ ավտոշարասյուների առջեւից կողք-կողքի, դանդաղ ու հանդիսավոր ընթանում էին, ու իրենք՝ երեք ջահել, ազատ ու ազապ տղերք, միանգամայն հասցնում էին առաջնորդել մայրաքաղաքի գրեթե բոլոր նշանակալի թաղումներն ու հարսանիքները եւ ժամանակ առ ժամանակ էդպիսի առիթներով Թիֆլիս էլ էին հանկարծակի ու շտապ մեկնում ու իրենց համար էդ թվերին մանավանդ Երեւանում էդպիսի առիթները շատ-շատ էին, եւ Գոքորն ու իր երկու ընկերներն առիթը բաց չէին թողնում զարդարելու երեւանյան շատ թե քիչ երեւելի թաղում կամ հարսանիք՝ էդպիսով, ուրեմն, հերթական անգամ հասարակությանը ցուցանելով իրենց հրաշալի եռյակի ողջ հմայքն ու իմաստը, եւ էլի եմ ասում, էդ թվերին էդպիսի առիթները հատկապես էին շատ, որովհետեւ էդ թվերին մորս հորաքրոջ որդի Ավթանդիլյան Սերգեյն Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, ու, փաստորեն, Գոքորն ու իր երկու ընկերները նաեւ հարսանիքների ու թաղումների գծով էին Սերգեյ Սեմյոնիչին սպասարկում, եւ Գոքորենց էդ երեք դեղինների հետ կապված լավագույն պատմությունը մորս աչքի տեսածն ու մորս պատմածն էր: Մայրս, ուրեմն, մի անգամ ավտոբուսով աշխատանքի գնալիս պատուհանից տեսնում է Գոքորենց դեղին «Ժիգուլիները», ու էդ պահին ավտոբուսի պատուհանից դուրս են նայում նաեւ մորս դիմաց նստած մի կին ու էդ կնոջ հազիվ տասը տարեկան տղան, ու երբ էդ տղա երեխան ավտոբուսի պատուհանից տեսնում է Գոքորենց դեղին «Ժիգուլիները», մորը ցույց է տալիս ու ճչում. «Մա՛մ, մա՛մ, տե՛ս՝ թաղման ավտոնե՜րը»:

Մայրս էդ պատմությունը հաճախ էր հիշում ու պատմում, ու մենք իր էդ պատմության վրա մի կուշտ ծիծաղում ու հռհռում էինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել