Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆինանս» բառը փոխարինենք «դժվարությունով»

Սեպտեմբեր 10,2005 00:00

Խնդրեց
աշխարհի ցանկացած պետության համար թանկ հաճույք համարվող օպերայի ու բալետի Երեւանի
թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի
եւ բալետի ակադեմիական թատրոնը այսօր կբացի 72-րդ թատերաշրջանը: Ըստ ձեւավորված ավանդույթի,
այս թատերաշրջանն էլ կբացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Նախօրեին հանդիպեցինք
թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին: Նա զրույցի սկզբում տեղեկացրեց, որ այսուհետեւ
կառավարությունից տարեկան մեկ ներկայացման համար նախատեսված գումարը (18 մլն դրամ)
որոշել են տրամադրել որեւէ հայ կոմպոզիտորի օպերա կամ բալետ բեմադրելուն. «2006-ին
կիրականացնենք հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը:
Թատրոնի գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանը ձեռնամուխ կլինի Խաչատրյանի «Դիմակահանդես»
ներկայացման աշխատանքներին»: Մեր դիտարկմանը, թե մեկ օպերա եւ մեկ բալետ՝
18 մլն դրամով, հաստատ չի իրականացվի, պարոն Հովհաննիսյանը խնդրեց չխոսել ֆինանսից.
«Արդեն անհարմար եմ զգում արտահայտելու այն միտքը, որ ամեն ինչ կախված է ֆինանսից:
Փառք Աստծո, գիտեք արդեն, որ թատրոնի ներսում անցկացված մրցույթների արդյունքում
բարձրակարգ արվեստագետներով համալրվել են բալետի արտիստների, մեներգիչների խմբերը,
նվագախումբը: Մի խոսքով, ամեն ինչ ընկել է իր տեղը: Եկեք զրույցի ընթացքում «ֆինանս»
բառի փոխարեն օգտագործենք «դժվարություն» բառը: Թատերաշրջանի բացումից մի քանի օր
հետո կմեկնենք Տավուշի մարզ: Այս միջոցառումն արդեն ավանդական է՝ հիմնադրված Թատերական
գործիչների միության կողմից»: Սեպտեմբերի 27-ից մեկնարկելիք «Համերգներ հայ-գերմանական
հանդիպման շրջանակներում» շարքը կեզրափակվի հոկտեմբերի 4-ին, Ազգային օպերային թատրոնում:
«Մեր թատրոնի երգչախմբի, նվագախմբի, մենակատարների եւ Հայդելբերգի համալսարանի երաժշտական
բաժնի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանց Վասերմանի ղեկավարած հիշյալ համալսարանի «Կապելլա Կարոլինա»
երգչախմբի կամերային կազմի մեկնաբանմամբ կհնչի Բրամսի «Գերմանական ռեքվիեմը»: Ահա
այսպիսի միացյալ ծրագրով հանդես կգանք»,- ներկայացրեց տնօրենը: Հիշեցնենք, որ Երեւանի
օպերային թատրոնում անցյալ թատերաշրջանում դիրիժոր Ֆրանց Վասերմանը ղեկավարեց Վերդիի
«Տրավիատա» օպերան: Այս թատերաշրջանում օպերային թատրոնը ունի երկու փառատոնային
հրավեր՝ Հունաստանից եւ Բանգկոկից: Թեեւ պարոն Հովհաննիսյանը զգուշացրել էր, որ «ֆինանս»
բառը չօգտագործենք, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ֆինանսական ի՞նչ ծախսերով
պետք է իրականացվի Երեւանի օպերային թատրոնի մասնակցությունը հիշյալ փառատոներին:
Տնօրենը հայտնեց, որ մինչեւ հրավիրող կողմը իր պայմանները պաշտոնապես չտեղեկացնի
իրենց, ինքն այսօր ոչինչ ասել չի կարող. «Նման հեղինակավոր փառատոներին մասնակցելու
համար, հավատացնում եմ, կանենք ամեն ինչ: Ինչո՞ւ չէ, կդիմենք նաեւ մշակույթի նախարարության
օգնությանը»: Կ. Հովհաննիսյանը նշեց, որ Բանգկոկի փառատոնային հանձնաժողովի ներկայացուցիչը
Երեւանում դիտել է «Տրավիատան», հետեւաբար. «Վերդիի այս օպերան են ցանկանում տեսնել
փառատոնում: Իսկ հույների ցանկությունը միանշանակ է՝ տեսնել Խաչատրյանի «Գայանեն»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել