Հարցազրույց դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ
Շուտով մեկնարկող «Արմմոնո» շեքսպիրյան փառատոնին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարեն Ջանիբեկյանը: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է թողնել բեմը:
– Սեպտեմբերի 13-ին, միջազգային փառատոնի շրջանակներում դուք հանդես կգաք «Լիր արքայի հուշերը» մոնոներկայացմամբ, որ բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը…
– Այո, այդպես է: Իմ «Լիր արքայի հուշերը» երկար պատմություն ունի: Սկզբում այն «Լիր խեղկատակ» էր կոչվում, հետո, երբ ռեժիսորը՝ Հրաչյա Ղազարյանը փոխվեց, Լիրից մի շրջան հրաժարվեցի: Այնուհետեւ Հակոբ Ղազանչյանի հետ 10 օրում այն բեմադրեցինք ու ներկայացման անունն էլ փոխեցինք:
– Փառատոնի բոլոր 14 ներկայացումները բեմադրված են բացառապես Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա կամ մոտիվներով: Նույնը վերաբերում է նաեւ «Լիր արքայի հուշերին»: Ինչքանո՞վ է հոգեհարազատ ձեզ Լիրի կերպարը:
– Ամեն մարդ կյանքի վերջում փորձում է անդրադառնալ իր արկածներին, հաղթանակներին ու պարտություններին, եւ երբ վերլուծում է իր կյանքի դրաման՝ մեկ խեղկատակի տեքստով, մեկ ինքն իր հետ, մեկ էլ արքայի պես է խոսում: Հարցն այն է, թե որքանո՞վ է մարդ հարմարվում իր վիճակին: Ներկայացման ասելիքն այն է, որ Լիրը համակերպվել է, իսկ ցանկացած համակերպում վատ է:
– Իսկ դուք էությամբ համակերպվո՞ղ եք…
– Ես չեմ համակերպվում, բայց կռիվ էլ չեմ տալիս, որովհետեւ դրանից օգուտ չկա: Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, այսպես ասած՝ միայնակ գայլ եմ:
– Ի՞նչ են տալիս նման փառատոները հայ արվեստագետներին:
– Ինձ առաջին անգամ են հրավիրում նման փառատոնի: Հակոբ Ղազանչյանը պատճառ եղավ եւ ոգեւորեց, որ Լիր խաղամ: Ես էլ համաձայնեցի, մանավանդ Սունդուկյանի թատրոնում ոչինչ չեմ անում: Մտածեցի՝ այն տարիքում եմ, որ արժի փորձեմ Լիրը որպես Էսքիզ: Ո՞վ գիտի, գուցե վաղը-մյուս օրը Վահեն (նկատի ունի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին- Գ. Հ.) տեսնելով՝ կուզենա Լիր բեմադրել մեր թատրոնում: Ի դեպ, Վահե Շահվերդյանի հետ պայմանավորվածություն ունեմ խաղալու Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» պիեսում, որտեղ ժամանակին հայրս՝ Գուրգեն Ջանիբեկյանն էր գլխավոր դերակատարը: Իսկ ես այդ ներկայացման մեջ խաղում էի հայրիկիս հավատարիմ ծառայի դերը: Այդ պիեսի միջոցով այժմ ուզում եմ շնորհակալությունս հայտնել հորս, ուզում եմ ապրեցնեմ նրան ինձ հետ, հիշեցնել նրա մասին: Թե չէ ժողովուրդը հիշում է, կառավարությունը՝ ոչ: Նրա 110-ամյակն էր, անցավ-գնաց, ոչ ոք բանի տեղ չդրեց:
– Յուրաքանչյուր դերասան ունի իր երազած դերը, դուք ինչի՞ մասին եք երազել:
– Իմ Կարապի երգը կլինի «Մայրամուտից առաջ» պիեսը: Դրանով ես կավարտեմ իմ ստեղծագործական կյանքը ու կխզեմ կապերս բեմի հետ: Որոշել եմ գնալ գյուղ՝ Գառնի… բնության մեջ, բնությանը մոտիկ, ես ու իմ շունը: Մի երկու փեթակ ու հնդկահավ կպահեմ, կջրեմ ծառերս, կբեջարեմ ու էլ ոչ մի կապ քաղաքի հետ չեմ ունենա:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ