Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿՆԵՐԻ» ՄԻԱՑՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱ՞Ր Է

Սեպտեմբեր 10,2005 00:00

Մեկի
համար դա անհնար է, մյուսի համար՝ անհրաժեշտություն ՀՀ բուհերի՝ արդեն կենսաթոշակային
տարիքի ռեկտորների ազատման խնդրի հետ առօրեական է դարձել բուհերի օպտիմալացումը եւ,
մասնավորապես՝ Ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ Ճարտարապետաշինարարական համալսարանների
միացման հարցը։ 17 տարի առաջ այս երկու բուհերը բաժանվեցին, իսկ դրանից առաջ, ինչպես
բոլորիս հայտնի է, կար մեկ միասնական Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Արդեն քանի տարի
է՝ նորից նրանց միացման հարցն է բարձրացվում՝ առավելապես Պոլիտեխնիկի կողմից։ Մեզ
հետ զրույցում Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանը բավական
կտրուկ դիրքորոշում հայտնեց հարցի կապակցությամբ. «Միացումը հնարավոր չէ, մենք իրար
հետ ոչ մի կապ չունենք»։ Ըստ պրն Բեգլարյանի, Պոլիտեխնիկը մի անգամ արդեն իրենց ինստիտուտի
վրա ստեղծվել է։ «Եվ միայն բաժանումից հետո մենք համաշխարհային ճանաչում ձեռք բերեցինք։
Ճարտարապետաշինարարականն այսօր նախկին ԽՍՀՄ տարածքում միակ բուհն է, որի դիպլոմը
Ֆրանսիայի միջնորդությամբ Շենգենյան պետություններում ճանաչվում է (5 տարին մեկ անգամ
Ֆրանսիայում կառավարական հանձնաժողովը ճանաչում է դիպլոմները), պոլիտեխնիկինը, սակայն,
չի ճանաչվում։ Ես գիտեմ, որ նրանց ռեկտորը գուցե ուզում է, որ բուհերը միանան,
բայց ինձ այդ մասին չի ասում»։ Ճարտարագիտականի ռեկտոր Յուրի Սարգսյանը արձակուրդում
էր, եւ խնդրի մասին պարզաբանում տվեց ռեկտորի տեղակալ Սուրեն Աղբալյանը։ Նա կարծում
է, որ «միացումը դեռ ուշացրել ենք: Մոտեցումը, ընդհանուր առմամբ, ճիշտ է, պետական
բուհերը չպետք է ցրված լինեն, որքանո՞վ է ճիշտ՝ մի փոքր հանրապետության մեջ 2 նմանատիպ
բուհ ունենալ»։ Արեստ Բեգլարյանի հետ զրույցից, սակայն, տպավորություն ստեղծվեց,
որ նրա համար նույնիսկ վիրավորական է Պոլիտեխնիկի մասին խոսել՝ իբրեւ հավասարը՝ հավասարի,
ուր մնաց թե՝ նմանատիպ բուհեր համարեր։ «Միացումն ամեն ինչով մեզ կխանգարի,- ասում
է Ա. Բեգլարյանը:- Մենք մի կատեգորիայի չենք»։ Ա. Բեգլարյանը Պոլիտեխնիկից առանձնացրեց
միայն մեքենաշինական ֆակուլտետը. «միայն դա է, որ մեր չափ գծագրական պարապմունքներ
ունի»։ Ճարտարապետաշինարարականի ռեկտորը ասելիքն ամփոփեց նրանով, որ միացումը
2 բուհերի համաձայնությամբ պետք է լինի. «Վերջապես հայ ժողովուրդը կառուցողական արվեստի
մեծ պատմություն ունի, եւ եթե մի բուհ պետք է լինի, ապա դա պետք է լինի մերը»։ Սուրեն
Աղբալյանն էլ կարծում է, որ «առողջ գլոբալիզացիայի» արդյունքում պետք է ստեղծվի մեկ
բուհ, եւ դա պետք է կոչվի Ճարտարագիտական։ Հարցի առնչությամբ մեկնաբանությունից հրաժարվեց
Ճարտարագիտականի ռեկտորի մյուս տեղակալը՝ Հարություն Թերզյանը։ Պարզվում է՝ ռեկտորի
տեղակալը բուհերի միացման նպատակահարմարության մասին սեփական կարծիք արտահայտելու
համար տեղեկատվության պակաս է զգում. «Կարծիք ձեւավորելու համար ինֆորմացիա է պետք,
իսկ ինձ մոտ դրա պակասը կա»։ ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում
նշեց, որ ԱԺ-ի կողմից ընդունված՝ կրթության զարգացման պետական ծրագրի միջոցառումների
ցանկում կա բուհերի ռացիոնալիզացիա, որտեղ նախատեսված է բուհերը հնարավորինս խոշորացնել՝
համապատասխան մասնագիտությունների ցանկերը ճշգրտելով: «Այս առումով երեւի թե առաջին
քայլերից մեկը ճարտարագիտական բարձրագույն կրթությունը անհրաժեշտություն ունի վերանայման:
Այս 2 բուհերի մեկ շենքում տեղակայված լինելը, զուգահեռ ամբիոնների գոյությունը եւ
այլն, հարց են առաջացնում, թե ինչու դրանք պետք է գործեն որպես առանձին հաստատություններ:
Այս առումով բնական է, որ այդ հարցը կքննարկվի»: Ինչ վերաբերում է բուհերի որակական
տարբերությանը եւ Ճարտարապետաշինարարականի՝ աշխարհում հայտնի լինելու հանգամանքին՝
ի տարբերություն Պոլիտեխնիկի, ապա «ոչ թե բուհն իր իրականացրած ամբողջ կրթությամբ
աշխարհում հայտնի դարձավ, այլ դա վերաբերում է կոնկրետ մասնագիտության՝ ճարտարապետությանը:
Կրթությունը այս մասնագիտության գծով միշտ ունեցել է բարձր վարկանիշ, եւ շատերս ենք
ընդունում, որ դա հայ ժողովրդին գենետիկորեն տրված շնորհներից մեկն է: Ինչ վերաբերում
է որակի բարձրացմանը կամ ցածրացմանը, ես որպես գիտնական, կարծում եմ, որ ամեն մի
գիտական- մեթոդական նորույթ կամ նախաձեռնություն որակյալ է լինում այնքան, որքան
շատ եւ լայն քննարկման է դրվում, եւ քայլերը հիմնավորվում են քննարկման արդյունքներով:
Այնպես որ՝ մեկ բուհի շրջանակներում մասնագիտական կրթություն իրականացնելը շատ ավելի
մեծ հնարավորություններ կստեղծի քննարկումների: Սա տարօրինակ բաժանում էր, եւ ակնկալվող
որակ մենք չստացանք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել