Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԵՔ»

Սեպտեմբեր 10,2005 00:00

Ընդդիմությանը
կոչ է անում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ազգային միաբանություն»
եւ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարան կվերադառնան երկուշաբթի
սկսվող քառօրյայից, այդ մասին «ԱՄ»-ն որոշում կընդունի արդեն այսօր կայանալիք իր
նախագահության նիստում, իսկ «Արդարությունը» երկուշաբթի օրը՝ խմբակցության նիստում:
Սակայն երկուսն էլ շարունակում են պնդել, որ այս վերադարձը ամենեւին չի նշանակում
բոյկոտի դադարեցում, այլ՝ այդ քայլով կատարում են իրենց ընտրողների, հասարակության
պահանջը, այն է՝ գնալ եւ կոալիցիային «նեղը» գցել: Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին
խնդրեցինք գնահատել ընդդիմության վերադարձը: Ըստ նրա՝ «Կարեւոր է, որ մարդիկ տեսան,
որ իրենց աշխատանքի վայրը խորհրդարանն է, եւ սա նույնքան իրենց աշխատանքի վայրն է,
որքան կոալիցիայինը եւ մյուսներինը: Սա միակ պետական մարմինն է, որը լիարժեքորեն
եւ ընդդիմությանն է, եւ իշխանությանը: Մյուս կողմից, այն բանի գիտակցումը, որ ընդդիմության
միակ ֆունկցիան հասարակության առաջ այլընտրանքային մոտեցումներ ներկայացնելն է, սա,
կարծում եմ, նույնպես ներկայացվել է: Այլ խնդիր կա՝ վերադարձը հիմնավորելու խնդիրը:
Այստեղ ճիշտ չի, որ մարդիկ կաշկանդումներ ունենան, բարդույթավորվեն, ի վերջո, կարեւորը
ճիշտ որոշումն է: Տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների
կողմից արդեն հնչում են գնահատկաններ այս կապակցությամբ, որոնք փորձում են հոգեբանական
ճնշում գործադրել ընդդիմության պատգամավորների վրա, որ, իբր, ձեր պահանջները չի կատարվել,
բայց դուք վերադառնում եք, սակայն, կարծում եմ, աշխատանքի վայրի հետ կապված, գալու
եւ աշխատելու հետ կապված անիմաստ է պահանջներ դնել, այլ բան, որ աշխատելով կարող
ես պահանջներ դնել, տեսակետներ ներկայացնել, բայց աշխատանքը խորհրդարանում պայմանավորել
ինչ-ինչ պահանջներով՝ սա անհասկանալի է: Ընդդիմության պատգամավորները ի վերջո դա
ճիշտ գնահատեցին եւ, հավանաբար, կվերադառնան խորհրդարան»: ԱԺ փոխնախագահի կարծիքով,
չարժե, որ իր վերադարձի համար ընդդիմությունը անիմաստ եւ ավելորդ բացատրություններ
հնարի, որ իբր գնալու են եւ պատռելու են կոալիցիայի դեմքը եւ այլն. «Սրանք,- ըստ
Տիգրան Թորոսյանի,- ավելի ընդգծում են այդ մարդկանց հոգեբանական իրավիճակը, ավելի
ճիշտ է՝ շատ հանգիստ գալ եւ աշխատել այնտեղ, ուր ուղարկել է նրանց հասարակությունը
եւ որեւէ մեկը իրենց որեւէ պահանջ եւ մեղադրանք ներկայացնել չի կարող»: Տիգրան
Թորոսյանին ուղղեցինք նաեւ Ղարաբաղի հիմնահարցին նվիրված հերթական նիստերին վերաբերող
մի քանի հարց: Ի՞նչ կարելի է սպասել սեպտեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Ղարաբաղի
խնդրով ԵԽ ԽՎ 1416 բանաձեւի 5-րդ կետի համաձայն ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի
եւ սեպտեմբերի 13-ին՝ քաղաքական հանձնաժողովի նիստերից: Պարոն
Թորոսյանի ներկայացմամբ՝ որեւէ արտառոց կամ սենսացիոն բան չի կարելի ակնկալել այս
նիստերից. «Օրակարգը արտաքինից բավականին գրավիչ է, որովհետեւ հրավիրված են Մինսկի
խմբի համանախագահները, ԵՄ ներկայացուցիչ Հեյկի Տալվետիեն, Հայաստանի եւ Ադրբեջանի
արտգործնախարարությունների ներկայացուցիչներ, գուցե կմասնակցի նաեւ ԵԱՀԿ Ղարաբաղի
հարցով զեկուցողը՝ Գորան Լենմարկերը: Այս առումով, իհարկե, նիստը կարող է գրավիչ
թվալ, սակայն ակնհայտ է, որ նիստը ավելի շատ տեղեկատվական է լինելու»: Որեւէ արտառոց
բան կամ սենսացիոն հայտարարություն, ըստ Տիգրան Թորոսյանի, այդ նիստից չի սպասվում,
քանի որ ուղարկված օրակարգում նման բան չկա, եւ հանձնաժողովի լիազորությունների շրջանակն
էլ ամենեւին բաց չէ: Սակայն մեկ այլ խնդիր կա, որի մասին պարոն Թորոսյանը եւ էլի
մի շարք գործիչներ խոսում են, բայց խնդիրը դեռ չի լուծված. դա այն է, որ նախքան Ղարաբաղի
հարցով որեւէ բանաձեւի կամ նախագծի շրջանառության մեջ դնելը, հարկավոր է ունենալ
կուտակված փաստեր, դրանք ի մի բերել, որը հնարավորություն կտա, ըստ պարոն Թորոսյանի,
ներկայացվելիք բանաձեւից հաջողություն ակնկալել. «Այս տեսակետից, կարծում եմ, չափազանց
կարեւոր է, որ լինի փաստերի հավաքածու, որում արձանագրված կլինեն Ադրբեջանում հակահայկական
հիստերիայի, քարոզչության փաստերը եւ այդ երկրից հնչող պատերազմի սպառնալիքները:
Երկուսն էլ ակնհայտորեն հակոտնյա են այն մոտեցումներին, որոնք առաջարկվում է 14 16
բանաձեւով՝ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»: Մենք
նկատեցինք, որ այս մասին արդեն վաղուց խոսվում է, սակայն առայժմ ոչ ոք չի ստանձնել
այդ գործը կատարելու պատասխանատվությունը, ի վերջո, ո՞վ է անելու դա: Ըստ Տիգրան
Թորոսյանի՝ Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունները. «Ենթադրում
եմ՝ արդեն զբաղվում են, եւ անհրաժեշտ պահին կտրամադրեն այդ հավաքածուները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել