ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Այսպես է գնահատում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն այն իրավիճակը, որ ստեղծվել է «Ընտրական օրենսգրքի» շուրջ:
Ընտրացուցակները մնացել են անտեր
ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցչի գնահատականով՝ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններով վերացվել են այնպիսի լիազորություններ, որ այլեւս անհնարին է դառնում վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ:
Նախկին «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ընտրողների ցուցակները կազմում էին համայնքի ղեկավարները, իսկ Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահսկողություն էին իրականացնում «ընտրողների ցուցակները կազմելու եւ վարելու նկատմամբ», ԿԸՀ-ն նաեւ սահմանում էր «ընտրողների ցուցակներն ստուգելու եւ ճշտելու կարգը»: Այս բոլոր դրույթները դուրս են մնացել նոր «Ընտրական օրենսգրքից»: Ըստ կատարված փոփոխությունների՝ ընտրացուցակների վերջին երկու օրինակները տպագիր տեսքով եւ էլեկտրոնային կրիչով ընտրություններից 2 օր առաջ տրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովին: «Եվ որն է զավեշտը՝ տեղամասային հանձնաժողովները էլեկտրոնային կրիչից օգտվելու հնարավորություն չունեն, քանի որ համակարգիչներ ունեն միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը: Մինչդեռ վերջիններս զրկված են ընտրացուցակներ ունենալու իրավունքից:
Ցուցակների համար այլեւս որեւէ մարմին չի կրում պատասխանատվություն՝ դրանք կազմողը Ոստիկանության վիզաների եւ գրանցման վարչությունն է: «Իսկ վերահսկողություն ոչ մեկը չի իրականացնում»,- ընդգծեց ԿԸՀ անդամը:
Հանձնաժողովի անդամները՝ ուղեկցորդուհիներ
Նախկին օրենսգրքի համաձայն՝ հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց արգելվում էր քվեարկության դժվարություններ ունեցող ընտրողի փոխարեն ստորագրել ցուցակում եւ նրա հետ միասին մտնել քվեախցիկ: «Արդարության» ներկայացուցիչն այս արգելքը համարում է արդարացված. «Կա ընտրության գաղտնիություն, հանձնաժողովի անդամն ու վստահված անձը նաեւ ունեն իրենց նախընտրած թեկնածուները»:
Իսկ այժմ «ԸՕ»-ում արված փոփոխության համաձայն՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ (սենյակ) հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ»: Այսինքն՝ հանձնաժողովի անդամներին արգելված չէ քվեախցիկ մտնելը: Ըստ Ֆելիքս Խաչատրյանի՝ «Այս պայմաններում հանձնաժողովի 1 անդամը կարող է 20-40 հոգու ուղեկցել քվեախցիկ՝ քվեարկելու… Տվյալ դեպքում նա կատարելու է ուղեկցորդուհու՝ «ստյուարդեսսայի» դեր»:
Հավերժ ընտրատարածքներ
Նախկին օրենսգրքով ընտրատարածքները ձեւավորվում էին յուրաքանչյուր համապետակա
ն ընտրությունից 95 օր առաջ՝ մարզպետների ներկայացրած ընտրողների թվին համապատասխան: Սակայն այդ դրույթը եւս հանվել է «ԸՕ»-ից եւ ընտրատարածքները լինելու են անփոփոխ՝ անկախ ընտրողների թվի փոփոխությունից: «Խախտումներով ու պատվերով ընտրատարածքներ ձեւավորեցինք, եւ վե՛րջ՝ քանի գոյություն ունի այս «Ընտրական օրենսգիրքը», էլ չենք կարող փոխել դրանք»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը: Նաեւ հայտարարեց, թե 20 ընտրատարածք ձեւավորվել է «ԸՕ»-ի խախտումով: Ըստ օրենքի, ընտրողների թվի տարբերությունն ընտրատարածքների միջեւ չպետք է գերազանցի 5578-ը կամ հանրապետությունում տվյալ պահին առկա ընտրողների ընդհանուր թվի եւ ընտրատարածքների թվի հարաբերության 10%-ը: Մինչդեռ 20 ընտրատարածքներում այդ տարբերությունը 15%-ից բարձր է, իսկ 17-ում՝ 10%-ից բարձր:
Փնթիությո՞ւն, թե՞…
«Ընտրական համակարգն աղավաղվում է դիտավորյա՛լ կերպով, որ «պղտոր ջրում» ձկներ կարողանան որսալ»,- վստահ է Ֆելիքս Խաչատրյանը՝ աչքի առաջ ունենալով նաեւ օրենսգրքի «խոտան» հրատարակությունները, որոնք լի են թերություններով:
Միտումնավոր մոտեցման մի վկայություն էլ ԿԸՀ որոշումներն են: Մի օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում, երբ ընտրվում են համայնքի ղեկավարը եւ ավագանին, առաջինի քվեարկության արդյունքներն ամփոփելիս, ըստ ԿԸՀ որոշման, ավագանու անդամների վստահված անձինք պետք է դուրս գան ընտրատեղամասից: Սակայն ըստ «ԸՕ»-ի՝ ոչ ոք իրավունք չունի վստահված անձանց դուրս հրավիրել քվեարկության սենյակից: «Պատկերացնո՞ւմ եք՝ ավագանու քվեարկության քվեատուփը գտնվում է այնտեղ, իսկ վստահված անձին հրավիրում են դուրս 2-4 ժամով»,- ասաց ԿԸՀ անդամը՝ նախադեպերը հաշվի առնելով, համոզված լինելով, թե ինչ կկատարվի առանց հսկողության մնացած քվեատուփի հետ: Նույնը նաեւ կնիքների առնչությամբ ԿԸՀ որոշմանն է վերաբերում. դրանք այսուհետ 7 օր կարող են մնալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Ուստի ավելի մեծ հնարավորություն կա քվեարկության արդյունքները համապատասխանեցնելու արձանագրությանը:
«Ընտրական օրենսգրքում» առկա հակասությունների եւ անճշտությունների շուրջ Ֆելիքս Խաչատրյանը 16 կետից բաղկացած որոշման նախագիծ էր ներկայացրել ԿԸՀ, որ վերջինս դիմի կառավարությանը եւ այն օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի «ԸՕ»-ում փոփոխություններ անելու վերաբերյալ: Սակայն հանձնաժողովի անդամներից միայն երկուսը «կողմ» քվեարկեցին, իսկ 7-ը չքվեարկեցին ընդհանրապես. «Ուղղակի ամաչեցին դեմ քվեարկել,- ասաց պրն Խաչատրյանը:- Եվ պատճառաբանությունն այն էր, թե փորձարկենք «ԸՕ»-ն, նոր… Բայց եթե հակասություններն ակնհայտ են ու դրանք կարող են ճակատագրական լինել ցանկացած ընտրության համար՝ ի՞նչը փորձարկենք: Դա նույնն է, եթե կամուրջի մի հենասյունը ճաքած է, ասենք՝ հլը մի տանկային շարասյուն անցկացնենք՝ տեսնենք, թե կպահի՞, չի՞ պահի…»: Ֆելիքս Խաչատրյանը կրկին է ներկայացնելու որոշման նախագիծ: ԿԸՀ նիստը հավանաբար տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ