Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 08,2005 00:00

ՆՎԵՐ Է, ԲԱՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ Երեկ «Հույսի ավանի» 5-6 բազմանդամ ընտանիքներ իրենց անչափահաս ու հաշմանդամ երեխաների հետ նախագահականի առաջ բողոքի ցույց էին անում՝ հույս ունենալով, որ իրենց բնակարանները կսեփականաշնորհվեն: Այդ բնակարանները «Հույսի ավան» թաղամասում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել է «Դիակոնիա» ընկերությունը՝ պայմանով, որ նրանց կարգավիճակը բարելավվելու դեպքում բնակիչներն այն ազատեն: Մինչդեռ ցուցարարները բողոքում էին, որ բնակարանի սեփականության վկայական չունենալու պարագայում իրենք իրենց «փշերի վրա» են զգում: Բնակիչների ներկայացմամբ՝ «Դիակոնիայի» տնօրինությունը իրենց մշտապես «ստարտի վրա» է պահում. «Համ ասում են այդ բնակարանները ձեզ նվիրատվություն ենք արել, համ էլ երբ սեփականության վկայական ենք ուզում՝ սպառնում են, թե երբ ուզենք ձեզ կհանենք: Պատճառաբանում են, որ տունը անչափահաս երեխաների համար են մեզ տվել, փաստորեն վաղը, երբ նրանք դառնան չափահաս՝ մեզ կհանեն: Մենք փաստաթուղթ ենք ուզում, որ խղճներս հանգիստ ապրենք: Թե չէ՝ ոնց որ կալանավոր լինենք, մեր տարածքում ոչ մի փոփոխություն անելու իրավունք չունենք: Յուրաքանչյուր ընտանիք 6-7 անչափահաս երեխա ունի, սակայն թույլ չեն տալիս, անվտանգ լինելու համար, գոնե մեր բակի ցանկապատը ավելացնենք կամ սովից չմեռնելու համար ընտանի կենդանիներ պահենք, կամ բանջարանոցը ցանկապատենք, որպեսզի շները չտրորեն»: «Դիակոնիայի» փոխնախագահ Վազգեն Համբարձումյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Բնակարանները անապահովներին տրվել են անվարձահատույց եւ պայմանով, եթե հարստանան՝ պետք է դուրս գան: Մի պայման էլ կա՝ փոփոխություններ անելու եւ վաճառքի իրավունք չունեն, ու բողոքելն էլ անիմաստ է»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել