Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՇՎԵՆ

Սեպտեմբեր 08,2005 00:00

ԿՆՇՎԵՆ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԸ ԵՎ ԽԱՉՎԵՐԱՑԸ Ժողովուրդը հաղորդակից է հոգեւոր տոներին Սեպտեմբերի 8-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական սբ. պատարագ: Ըստ Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանից ստացված հաղորդագրության, Սբ. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ «Աստվածաշունչ» մատյանում, այն մեզ է փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ: Կույսի ծնողները՝ Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ Աննան ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան պարտեզ է իջնում աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին՝ հայտնելով բարի լուրը: Սբ. կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար եւ իր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում՝ բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն՝ լուսավորված: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն՝ քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր եւ ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալ: Հայ եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: Իսկ սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի իր հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որի հաջորդ օրը մեռելոց է: Այս տոնը Խաչին նվիրված տոների մեջ ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով 614 թվականին մտնում է Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. նրանք մտնում են Ս. Հարություն տաճարը եւ վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը: 628 թվականին բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են ելնում պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաեւ հայկական զորախումբը: Տիրոջ օգնությամբ բյուզանդացիները հաղթում են, եւ Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը, այնուհետեւ՝ Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ: Լ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել