ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նուբարաշեն համայնքի թաղապետի թեկնածու Մ. Հովհաննիսյանը ծնվել է 1979-ին, Նուբարաշենում (գործարարի ընտանիքում): Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ստացել ֆիզիկական կուլտուրայի դասատուի, ազատ ըմբշամարտի մարզչի որակավորում: Զինծառայությունն ավարտելուց հետո, 2002-ին շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտում՝ ստանալով բակալավրի աստիճան: 2002-04թթ. Մ. Հովհաննիսյանը աշխատել է Նուբարաշենի թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ, իսկ 2005թ. աշխատում է Արաբկիրի փոխթաղապետի օգնական՝ մինչեւ Նուբարաշեն համայնքի թաղապետի թեկնածու առաջադրվելը: Ամուսնացած է: – Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ առաջնային հիմնախնդիրներ ունի Նուբարաշեն համայնքը, որ ընտրվելուց հետո պետք է անպայման լուծեք, որոնք չեն արվել գործող թաղապետի օրոք: – Համայնքի լուրջ հիմնախնդիրն եմ համարում աղբահանությունը, որը պետք է լիարժեք կատարվի: Երիտասարդների եւ մեծահասակների համար ստեղծել զբաղմունք՝ տարբեր փուլերով, խաղերի կազմակերպումից մինչեւ սպորտային միջոցառումներ: Ներկայումս սպորտային ոչ մի խմբակ չունենք, մշակույթի տունն էլ ավերակ վիճակում է: Երիտասարդության ջանքերով ուզում ենք հիմնել «Երիտասարդական խորհուրդ», որը մինչ այժմ չի եղել: Այն իր մեջ պետք է ներառի մշակութային, սպորտային եւ այլ ոլորտներ, մի խոսքով՝ կազմակերպի հասարակական միջոցառումներ: Մարդկանց տնամերձ հողեր են բաշխվել, մարդիկ հնարավորություն չունեն տուն կառուցելու եւ ապրում են վագոններում, ունեն լուրջ խնդիր՝ ջրի եւ հոսանքի հետ կապված: Ունենք հրշեջ ծառայություն, որը ջուր չունի: Ճիշտ է, այն պատկանում է Արտակարգ իրավիճակների վարչությանը, բայց թաղապետը կարող է օրենքի շրջանակներում օգտագործելով որոշակի լծակներ, օժանդակել նրանց: Կնշեմ նաեւ, որ թիվ 11 փողոցից ներքեւ ապրող բնակչությունը ոռոգման ջրից զրկված է, եւ այս խնդիրը նույնպես պետք է լուծել: Ունենք բնակելի տարածք, որը ամբողջովին պատկանում է պաշտպանության նախարարությանը: Բնակչությունը ունի վերելակի սուր խնդիր: Թաղապետը պետք է լուծի այդ խնդիրը: Չանվանակոչված փողոցներ ունենք, որը կարելի է կոչել մեր արժանահիշատակ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների անունով, իսկ փոխարենը մեզ մոտ փողոցները համարակալված են: Իմ ծրագրերում կա նաեւ բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգման խնդիր: – Սարսափելի անմխիթար եւ անբարեկարգ վիճակում է տանիքների խնդիրը, մինչեւ 4-րդ հարկ ջուր է կաթում: – Եվ վերջապես, իմ կարեւոր խնդիրներից ու ծրագրերից մեկն այն է, որ «մեր համայնքում ոչ մի հացի կարոտ մարդ չլինի»: Սփյուռքում ունենք բազմաթիվ նուբարաշենցիներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել ցանկացած հարցում, եթե ընտրվեմ թաղապետ: – Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, գնում է լուրջ մրցակցություն ձեր եւ երկու թեկնածուների միջեւ: Առո՞ղջ եք համարում այդ մրցակցական դաշտը: – Մեր կողմից մրցակցությունը, անխոս, արդար է: Իմ կողմնակիցները բոլորը լիբերալ են եւ հեղափոխական հայացքով ոչ մեկը չկա: Ես շա խիստ եմ այդ հարցում եւ վերահսկում եմ, որ ոչ մի տգեղ քայլ չլինի, եւ պետք է քաղաքակիրթ նորմերին համապատասխան կարգ ու կանոն պահպանվի եւ նույնն էլ պահանջում եմ հակառակ թեկնածուներից, որի արդյունքում միայն կլինի արդար, մաքուր ընտրություն: – Ձեր նկատմամբ մինչ օրս ճնշումներ եղե՞լ են: – Ոչ: – Ըստ ձեզ, պարոն Հովհաննիսյան, ժողովուրդը, համայնքը ինչպե՞ս է տրամադրված ձեր թեկնածությունը առաջադրելուն: – Կարծում եմ եւ հավատացած եմ, որ համայնքը ինձ շատ լավ գիտի եւ բավականին հարգանք վայելում եմ, քանզի իմ մարդասիրական վերաբերմունքը բնակիչների նկատմամբ միշտ էլ եղել է, նախքան իմ թեկնածությունն առաջադրելը: – Ո՞րն է կյանքում կիրառելի այն սկզբունքը, կարգախոսը, որ պահանջում եք շրջապատից, այլ կերպ ասած՝ մարդ անհատի մեջ ո՞ր գիծն եք ավելի կարեւորում: – Պահանջկոտությունը, աշխատասիրությունը: Ցանկացած պետական աշխատանքում ղեկավարը պետք է լինի ժողովրդական եւ ունենա պետական մտածողություն: – Որքանո՞վ եք կարեւորում Հայրենիք-Սփյուռք կապը եւ սահմանափակվելու եք միայն սփյուռքահայ գործարարների՞ աջակցումով: – Անչափ շատ եմ կարեւորում Հայրենիք-Սփյուռք կապը եւ գտնում եմ, որ նրանք պարտական են աջակցելու սեփական հայրենիքին, քանզի որտեղ էլ իրենք լինեն, սա իրենց հողն ու ջուրն է: Բայց ինչքան էլ նրանք օգնեն, պետք է մեր հույսը մեզ վրա դնենք, ոտքի հանելով նաեւ նուբարաշենցի գործարարներին, քանզի սա մի համայնք է, ուր բոլորը իրար ճանաչում են եւ նման է մի մեծ ընտանիքի: Պատրաստեց ՇՈՂԵՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ R