Լրահոս
Օրվա լրահոսը

Ով

Սեպտեմբեր 08,2005 00:00

Ով սպանի՝ ով ամբաստանվի Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հաջորդաբար շարունակվեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու կուրսանտների սպանության գործերի լսումները: Ինստիտուտի կուրսանտ Գեւորգ Խնկոյանի սպանության գործով երեկվա դատաքննությունը սկսվեց մեղադրյալ Բաբկեն Երոյանի պաշտպան Հայկ Ալումյանի ճառով: Նա ասաց, որ թեեւ, ըստ մեղադրողի, իր պաշտպանյալը ընդունել է մեղքը, բայց ինքը տրամագծորեն հակառակ կարծիքի է: Պաշտպանն ասաց, որ մեղադրող կողմը հիմնվել է ընդամենը կես տող երկարությամբ մեղադրանքի վրա: Եզրակացության մեջ նշվում է. «Բ. Երոյանը անձնական կարիքների համար կուրսանտներից պարբերաբար գումարներ է պահանջել եւ ստացել»: Հ. Ալումյանն այս մեղադրանքը հակադարձեց այսպես. «Երոյանն ասել է, որ գումարներ է հավաքել, բայց՝ ընդհանուր կարիքների համար (վերանորոգում, գույքի ձեռքբերում): Բացի այդ, գործին կցված է կուրսանտներից հավաքված գումարների ցուցակը, ինչը նշանակում է, որ դա հաշվետվություն է»՝ նախատեսված ինչ-որ մեկին կամ անձանց ներկայացնելու համար: Ալումյանը միջնորդեց դատարանին՝ անմեղ ճանաչել Բ. Երոյանին եւ կայացնել արդարացման դատավճիռ: Խուլիգանական դրդումներով սպանության մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալի՝ Վլադիմիր Հովհաննիսյանի պաշտպանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալները հրաժարվեցին ճառի իրենց իրավունքից: Միայն մեղադրյալ՝ ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Կարեն Պողոսյանն ընդունեց իր մեղքը՝ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունքի փաստը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խաչիկ Ալեքսանյանն իր ճառում նշեց, որ նախաքննությունը կատարվել է բացահայտ բացթողումներով եւ դատավարական մի շարք հոդվածների խախտումներով եւ պնդեց, որ գործն ուղարկվի լրացուցիչ քննության: Նրա փոխանցմամբ, նախաքննության ընթացքում չի կատարվել խնդրո առարկա զենքի (որով կատարվել է սպանությունը) դատահետքաբանական փորձաքննություն: «Նախաքննության մարմինը՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը, ի դեմս քննիչ Սարգիս Սարգսյանի, ի սկզբանե երկու ամիս անընդմեջ գործն ուղղորդել է այնպես, թե իբր կատարվածը ինքնասպանություն է: Հետո՝ փաստերի ճնշման տակ, գործը վերածվել է սպանության»,- ասաց Խ. Ալեքսանյանը: Ինչպես նա, այնպես էլ ամբաստանյալների պաշտպանները գտնում են, որ մեղադրյալի աթոռին չեն տեսնում իրական հանցագործին: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել