Լրահոս
Օրվա լրահոսը

Տրիտոնը «ներգաղթել է» Հայաստան

Սեպտեմբեր 08,2005 00:00

Տրիտոնը «ներգաղթել է» Հայաստան Իսկ բնապահպան գերատեսչությունը չի ուզում գրանցել նրան մեր բնաշխարհի կենդանացանկում ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնը մողեսի նմանությամբ երկկենցաղ, ատամնավոր մեջքով կենդանի է, բնակության հիմնական վայրը՝ Կրասնոդարի երկրամաս, տեղ-տեղ հանդիպում է նաեւ Վրաստանի արեւմտյան շրջանում: Սակայն 1993-ին, բոլորի համար անսպասելի, տրիտոնը հայտնվեց Թումանյանի տարածաշրջանի Ճիլ գոլ անհոսք փոքրիկ ջրամբարում: Մոտիկ գյուղերի երեխաները դրանց բռնում-վաճառում էին՝ գորտի շերեփուկների փոխարեն: «Ես ինքս էլ, գորտերի ինչ-որ տեսակ փնտրելիս պատահաբար հանդիպեցի ինձ անհայտ այս երկկենցաղին, հետաքրքրվեցի նրանով եւ մինչ օրս էլ զբաղված եմ փոքրասիական տրիտոնի ճակատագրով»,- «Առավոտին» պատմեց բնապահպանության համակարգի նախկին աշխատակից, կենդանասեր Սահակ Անթանեսյանը: Այդ օրվանից նա իր նախաձեռնությամբ սկսում է հատուկ ուշադրության տակ պահել լճակը, իսկ մեկ տարի անց՝ նաեւ Վրաստանի հետ սահմանամերձ Չանախչի գետակը, որտեղ նույնպես ի հայտ էր եկել երկկենցաղը: Սակայն տրիտոնների որսը շարունակվում էր, նրանց քանակը՝ նվազում: Տրիտոնի որսով սկսել են զբաղվել նաեւ պարսիկները, որոնք արտահանում էին՝ ինչ-որ դեղամիջոցի պատրաստման համար: Սահակը, կենդանու բազմացումն ապահովելու նպատակով՝ ստիպված մի քանի զույգ տեղափոխում է նույն կլիմայական պայմաններով մեկ այլ տարածք՝ Ջիվանք եւ Ջվալներ կոչվող հանդամասերի «գյոլեր», որտեղ հնարավոր էր արգելել տրիտոնի որսը: Այս ընթացքում տրիտոնների պաշտպանը զեկուցագրերով բազմիցս դիմել է բնապահպանության նախարարություն՝ կենդանու բնակատեղիները հատուկ պահպանվող տարածքներ դարձնելու եւ նրանց որսն արգելելու խնդրանքով: Սակայն պաշտոնյաներն առանձնակի ուշադրություն չեն դարձրել խնդրին, թեպետ պարբերաբար եթերով հայտարարել են, որ՝ «տրիտոնի պաշտպանության հարցը պետք է լուծենք»: Բնապահպանական տեսչության պետերից մեկը՝ Նորայր Փահլեւանյանը, 1999-ին կենդանուն ներառեց արգելված որսատեսակների ցանկ՝ 20000 դրամ տուգանքաչափով, սակայն մեկ տարի անց, նրա աշխատանքից ազատվելուց հետո, տրիտոնը դուրս մնաց ցանկից: Այժմ էլ կենդանական աշխարհի մասին օրենքում եւ իրավական որեւէ այլ ակտում այս երկկենցաղը հիշատակված չէ: Կարծես գոյություն չունի: Այնինչ՝ փոքրասիական տրիտոնով արդեն մի քանի տարի է՝ հետաքրքրվում են արտերկրի կենդանաբանները եւ գիտնականները: Մասնավորապես արտերկրի լաբորատորիաներից մեկում Հայաստանից արտահանված փոքրասիական տրիտոնի վրա կատարված փորձերի արդյունքում 18-20 սմ-անոց տրիտոնի երկարությունը անցել է 1 մետրից: «Փորձերը անցկացվում են Յուրայի դարաշրջանի բնակլիմայական պայմաններով լաբորատորիաներում: Տրիտոնների աճը դեռ չի կանգնել, ու ինչքան նրանք մեծանում են, այնքան նմանվում են դինոզավրերից հետո ի հայտ եկած ստեգոցեֆալ կոչվող երկկենցաղներին: Ու եթե մի փոքր երեւակայական մոտենանք, չի բացառվում, որ այս տրիտոնները դինոզավրերի հետնորդները լինեն, որոնք մոլորակի կլիմայական փոփոխության հետեւանքով փոխել են արտաքինը»,- մեկնաբանեց Սահակը, փորձերի մնացած մանրամասները թաքցնելով՝ «առայժմ գաղտնիք է»: Նրա ասելով, արդեն մի քանի միջազգային կառույցներ պատրաստ են ֆինանսավորել տրիտոնի բազմացման իր ծրագիրը, եթե տրիտոնի «խաթեր» բացած իր «Ունիէկոֆոր» ՍՊԸ-ի կառավարմանը արգելոցի տեսքով տրամադրեն տրիտոնի ներկայիս երկու բնակատեղիները: Այս խնդրանքով նա խմբագրություն էր ներկայացրել բաց նամակ՝ ուղղված երկրի վարչապետին եւ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել