Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃՃՎԱԾ

Սեպտեմբեր 08,2005 00:00

ԽՃՃՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Սահմանադրական փոփոխությունների նախագծի 83.2 հոդվածում նշված է. «Հեռարձակող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամների կեսն ընտրվում է ԱԺ-ի, իսկ կեսը նշանակվում ՀՀ Նախագահի կողմից»: Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս»-ը, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը եւ այլք դեռ հուլիսի 27-ին էին այս առնչությամբ հանդես եկել հայտարարությամբ, որում նշված էր. «ՀՌԱՀ-ի ձեւավորմանը նախագահի եւ խորհրդարանի հավասարաչափ մասնակցությունը որեւէ էական բան չի ավելացնում այդ մարմնի անկախության երաշխիքներին, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդհանրապես անտեսվում է: Ավելին, Սահմանադրության մեջ հիշյալ մարմնի ձեւավորման հիմնարար մեխանիզմների ամրագրումը սահմանափակում է ՀՌԱՀ-ի անդամներին կոնկրետ օրենքով նշանակելու տարբերակների շրջանակը եւ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման խոչընդոտներ ստեղծում»: Հայտարարության հեղինակները կոչ էին արել ԱԺ պատգամավորներին՝ «մշակել ընդհանուր դրույթներ, որոնք կապահովեն հասարակական նշանակության ոլորտները կարգավորող տարբեր տեսակի անկախ մարմինների (այդ թվում՝ ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի) ձեւավորմանը խորհրդարանի մասնակցությունը, կամ Սահմանադրության փոփոխությունների նախագծից պարզապես հանել մեկ կոնկրետ մարմնի (ՀՌԱՀ-ի) ձեւավորման կոնկրետ մեխանիզմներ սահմանող ցանկացած դրույթ»: Հուլիսի 28-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա գնահատականով՝ ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման շուրջ նախագծում «առաջարկվող մեխանիզմներն ամենեւին չեն նպաստում խնդրի լուծմանը»: Լարիսա Ալավերդյանը նշել էր, թե նախագծով անդրադարձ է կատարվել միայն ՀՌԱՀ անդամների նշանակման կարգին. «Մինչդեռ պակաս կարեւոր չէ նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմավորման հարցը, որն ի սկզբանե նույնպես եղել է օրակարգում»: Պաշտպանի մոտեցումներն անտեսվեցին, ինչպես նաեւ՝ Հայաստանի լրագրողական կազմակերպությունների առաջարկները: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սեպտեմբերի 1-ին ընդունվեց այս մասով առանց որեւէ փոփոխության: Թեեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը քննարկումների ընթացքում խոստացավ, որ սահմանադրական փոփոխություններից հետո «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կվերանայվեն Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի կարգավորիչ լիազորությունները եւ կփոխանցվեն ազգային հանձնաժողովին: Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այս առնչությամբ հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը բազմիցս մտահոգություն է արտահայտել, թե ՀՀՌԽ խորհրդի կազմը քաղաքական նկատառումներով է ընտրված եւ ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո. «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին մի քանի անգամ կոչ է արել փոխել այդ կարգը։ Ի պատասխան՝ իշխանություններն ասել են, որ գործող սահմանադրությունը խոչընդոտում է դրան։ Սակայն առաջարկված նախագիծը նույնպես չի լուծում այս հարցը»։ Երեւանի մամուլի ակումբը եւս այս առնչությամբ հանդես է եկել մեկնաբանություններով: ԵՄԱ-ն համարում է, թե Սահմանադրության ԶԼՄ-ներին առնչվող փոփոխությունների առնչությամբ բազմաթիվ էական հարցեր են մնում. նախ՝ «Հատկապես ի՞նչ անկախ մարմին եւ ի՞նչ առաքելությամբ է ձեւավորվելու 83.2 հոդվածի համաձայն», եւ հետո՝ «Ինչո՞ւ սահմանադրական բարեփոխումների հեղինակները նման համառությամբ պաշտպանեցին միայն մի անկախ մարմնի ձեւավորման գաղափարը: Կա՛մ նրանք համարում են, թե հանրային հեռարձակումն ընդհանրապես կարիք չունի նման մարմնի, կա՛մ էլ միեւնույն մարմինը պիտի կարգավորի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ընկերությունների գործունեությունը»: ԵՄԱ-ն նշում է, որ եթե առաջինն է՝ ապա նրանց որոշումը հակասում է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Իսկ եթե երկրորդն է, ուրեմն՝ մտադիր են փոխել հեռուստաոլորտի կարգավորման օրենքով ամրագրված ամբողջ մոդելը. «Փոխել, իհարկե, կարելի է, եւ բացառված չէ, որ անգամ ցանկալի է, սակայն նախ պետք է պատկերացնել, թե ինչն՝ ինչով: Այս առումով՝ հանելուկ է մնում, թե որտեղ, երբ եւ ում կողմից է քննարկվել այս փոփոխության անհրաժեշտությունը: Վերջին 8 տարիներին հեռարձակման օրենսդրությունը եղել է Հայաստանում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միջազգային եւ տեղական համաժողովների, սեմինարների ու խորհրդակցությունների բանավեճերի առարկա: Բայց դրանցից եւ ոչ մեկում չի արծարծվել ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի միաձուլման հարցը»: Այս իրավիճակն, ըստ ԵՄԱ-ի, կասկած է առաջացնում, որ հերթական անգամ մոտեցումների անորոշությունը կօգտագործվի ի վնաս խոսքի ազատության. «ԶԼՄ-ների մասով սահմանադրական բարեփոխումները ստեղծում են հակասական ու խճճված իրավիճակ եւ արդեն այսօր կարելի է պատկերացնել, թե ինչ հիվանդագին է լինելու օրենքի փոփոխման գործընթացը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել