Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐՆ

Սեպտեմբեր 08,2005 00:00

«ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱՉԱՓ Է ԴԱՐՁԵԼ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Նախ իմ եղբայրը, հետո ես՝ երկար ճանապարհ ենք անցել պարոն Բազեյանի հետ եւ դրանից ելնելով՝ նրա ասած տեսակետներին եւ նրա անձին վերաբերող որեւէ մեկնաբանություն ես չեմ անի: Պարոն Բազեյանի ասածները ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Տեսակետները, որոնք հայտնվել են, ես չեմ կիսում, եւ ասածները չեմ պատրաստվում մեկնաբանել: «Հանրապետություն» կուսակցությունը իր առաջ ունեցել է երկու խնդիր՝ օր առաջ ազատվել այս իշխանություններից, եւ երկրորդը, բոլոր այն քաղաքական կազմակերպությունները, կուսակցությունները, ինչո՞ւ չէ, նաեւ երկրները, որոնք կողմ են փոփոխություններին, մեր բարեկամներն են, բոլոր նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին, ովքեր մտածում են, որ եղածը պետք է մնա, ովքեր ընտրում են փակուղի՝ իրենց անգործությունը արդարացնելու համար, մեր հակառակորդներն են»,- երեկ «Արդարություն» դաշինքի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Իրակա՞ն են այն թվերը, որ ներկայացվեցին Վաղարշակ Հարությունյանի կողմից երկու օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ, այսինքն՝ իրո՞ք «Հանրապետությունը» Ալբերտ Բազեյանի հետեւից լքել է տարածքային կառույցների 75 եւ սկզբնական կազմակերպությունների 50 տոկոսը: Արամ Սարգսյանի ներկայացմամբ՝ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում. «Նման թվերը շատ հեռու են իրականությունից: Մենք մոտակա շաբաթների ընթացքում այցելելու ենք մեր կուսակցության սկզբնական կառույցները՝ համագումարին նախապատրաստվելու համար, ձեզ նույնպես (լրատվամիջոցներին-Մ. Ե.) հրավիրում ենք եւ դուք հնարավորություն կունենաք անձամբ համոզվել, որ ասվածը ճիշտ չէ: Ասեմ, որ պարոն Բազեյանը, անկախ վերջին մեկ տարվա իր պասիվությունից կամ կուսակցության գործերին քիչ մասնակցությունից, լուրջ հեղինակություն ուներ կուսակցության շարքերում եւ հասարակության մեջ, եւ շատ բնական է, որ կգտնվեին մարդիկ եւ կան մարդիկ, որոնք կիսում են պարոն Բազեյանի կատարած քայլի պատասխանատվությունը: Ես իրենց ամբողջությամբ հասկանում եմ եւ որեւէ մեղադրանք չունեմ: Բայց ակնհայտ է նաեւ, որ մարդիկ քաղաքական կուսակցություններ են մտնում գաղափարական հենքերից ելնելով, նաեւ՝ որոշակի անձանց համակրանքով, եւ այնպես չի, որ կուսակցությունում միայն պարոն Բազեյանին են համակրում, քաղխորհրդի շատ անդամների էլ են համակրում: Պետք է ասեմ, որ սկզբնական կազմակերպության նախագահի հեռանալը դեռ չի նշանակում կառույցի ամբողջական փլուզում, եւ երրորդ, պիտի ասեմ, ինչը շատ տխուր է, որ շատ կառույցների ղեկավարներ իրենց հեռանալու մասին լուրը լսել էին հեռուստատեսությունից: Ես շնորհակալություն պիտի հայտնեմ մեր ժողովրդին, վախն էր աշխատել, թե՞ սատարելու ցանկությունը, բայց մեր գործընկերների վերջին երկու-երեք օրվա հակաքարոզչությունը լուրջ դրական ազդեցություն է թողել, եւ մարդիկ, ովքեր այլ դեպքերում երբեք չէին ցանկանա կուսակցական դառնալ, այսօր դիմում են մեր կուսակցության անդամ դառնալու խնդրանքով»: Պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցության հետ կատարվածում իշխանությունները դերակատարություն ունեն, Արամ Սարգսյանն ասաց. «Ես չէի ուզենա որեւէ բան կապել կամ չկապել, հերքել եւ այլն, պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման բաները պատահականություն չեն լինում եւ եթե պատահական լիներ, մեկնաբանություններ կտայի: Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների պառակտումը օրինաչափություն է, մենք առաջինը չենք, վերջինը չենք, պետք չի ողբերգություն սարքել դրանից, պետք չի շոուներ սարքել, առավել եւս, ես գտնում եմ, որ բամբասանքը որպես սիրելի զբաղմունք՝ կանանց է բնորոշ եւ չէի ուզենա այդ դաշտ մտնել»: Արամ Սարգսյանը չուզեց պատասխանել նաեւ Ալբերտ Բազեյանի կողմից հնչեցրած այն մեղադրանքին, որ, իբր, Արամ Սարգսյանը եւ մյուսներն են հանդիպումներ ունենում վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ, հաճոյախոսություններ անում իշխանական կուսակցություններից մեկի հասցեին. «Ես նորից եմ կրկնում, մեղադրելն իրենց իրավունքն է, կան մարդիկ, ովքեր կարող են այդպես մտածել, գնահատողը հասարակությունն է, իսկ հասարակությունն այսօր մեր կուսակցություն է գալիս եւ շատ ակտիվ, եւ բացարձակ այլ գնահատականներ է տալիս, ես աշխատում եմ այդ գնահատականները մեղմել, որովհետեւ ես այդ մարդկանց հետ ճանապարհ եմ անցել եւ որեւէ վատ բան այդ մարդկանց մասին ինձանից չեք լսի»: Եթե Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշի ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես Արամ Սարգսյանի բացակայությունները անհարգելի համարել, ի՞նչ է անելու վերջինս, այս հարցին ի պատասխան Արամ Սարգսյանը որոշեց «թասիբի» գցել խորհրդարանին. «Եթե օրենքը այդքան պաշտպանող ազնիվ տղերք են, թող ինձ դնեն եւ հեռացնեն, ես միանշանակ ասում եմ իրենց, այդքան ուժեղ են, ունեն այդ հնարավորությունը, նույնիսկ թասիբի եմ գցում, թող դնեն եւ հեռացնեն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել