Ժողովուրդը
հաղորդակից է հոգեւոր տոներին Սեպտեմբերի 8-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում
է Սբ. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է
տոնական սբ. պատարագ: Ըստ Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանից ստացված
հաղորդագրության, Սբ. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ «Աստվածաշունչ» մատյանում,
այն մեզ է փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ: Կույսի ծնողները՝ Հովակիմն
ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ Աննան ամուլ էր: Եվ մի օր,
երբ Աննան պարտեզ է իջնում աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում,
որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում
Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր
զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին՝ հայտնելով
բարի լուրը: Սբ. կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին
արժանանալու համար եւ իր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում՝ բաժանելով աղքատներին:
Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն՝ լուսավորված:
Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ
պատվեց լինելու Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար,
սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն՝ քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված
առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի
մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր եւ ամեն մի հայ աղջիկ,
որ պատրաստվում է մայր դառնալ: Հայ եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով
տոնում է սեպտեմբերի 8-ին: Իսկ սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին
կնշի իր հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որի հաջորդ օրը մեռելոց է: Այս
տոնը Խաչին նվիրված տոների մեջ ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից
խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Պարսից Խոսրով արքան մեծաքանակ
զորքով 614 թվականին մտնում է Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում:
Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. նրանք մտնում են Ս. Հարություն տաճարը
եւ վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը: 628 թվականին բյուզանդական զորքերը
Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են ելնում պարսիկների
դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաեւ հայկական զորախումբը: Տիրոջ օգնությամբ բյուզանդացիները
հաղթում են, եւ Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը, այնուհետեւ՝
Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ: Լ ՇԱՀԲԱԶՅԱՆ