Երեկ
Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հաջորդաբար շարունակվեցին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու կուրսանտների սպանության գործերի
լսումները: Ինստիտուտի կուրսանտ Գեւորգ Խնկոյանի սպանության գործով երեկվա
դատաքննությունը սկսվեց մեղադրյալ Բաբկեն Երոյանի պաշտպան Հայկ Ալումյանի ճառով:
Նա ասաց, որ թեեւ, ըստ մեղադրողի, իր պաշտպանյալը ընդունել է մեղքը, բայց ինքը տրամագծորեն
հակառակ կարծիքի է: Պաշտպանն ասաց, որ մեղադրող կողմը հիմնվել է ընդամենը կես տող
երկարությամբ մեղադրանքի վրա: Եզրակացության մեջ նշվում է. «Բ. Երոյանը անձնական
կարիքների համար կուրսանտներից պարբերաբար գումարներ է պահանջել եւ ստացել»: Հ. Ալումյանն
այս մեղադրանքը հակադարձեց այսպես. «Երոյանն ասել է, որ գումարներ է հավաքել, բայց՝
ընդհանուր կարիքների համար (վերանորոգում, գույքի ձեռքբերում): Բացի այդ, գործին
կցված է կուրսանտներից հավաքված գումարների ցուցակը, ինչը նշանակում է, որ դա հաշվետվություն
է»՝ նախատեսված ինչ-որ մեկին կամ անձանց ներկայացնելու համար: Ալումյանը միջնորդեց
դատարանին՝ անմեղ ճանաչել Բ. Երոյանին եւ կայացնել արդարացման դատավճիռ: Խուլիգանական
դրդումներով սպանության մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալի՝ Վլադիմիր Հովհաննիսյանի
պաշտպանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Ամբաստանյալները հրաժարվեցին ճառի իրենց իրավունքից: Միայն մեղադրյալ՝ ինստիտուտի
սպա, դասակի հրամանատար Կարեն Պողոսյանն ընդունեց իր մեղքը՝ անփույթ ու անբարեխիղճ
վերաբերմունքի փաստը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խաչիկ Ալեքսանյանն
իր ճառում նշեց, որ նախաքննությունը կատարվել է բացահայտ բացթողումներով եւ դատավարական
մի շարք հոդվածների խախտումներով եւ պնդեց, որ գործն ուղարկվի լրացուցիչ քննության:
Նրա փոխանցմամբ, նախաքննության ընթացքում չի կատարվել խնդրո առարկա զենքի (որով կատարվել
է սպանությունը) դատահետքաբանական փորձաքննություն: «Նախաքննության մարմինը՝ Երեւանի
կայազորի զինվորական դատախազությունը, ի դեմս քննիչ Սարգիս Սարգսյանի, ի սկզբանե
երկու ամիս անընդմեջ գործն ուղղորդել է այնպես, թե իբր կատարվածը ինքնասպանություն
է: Հետո՝ փաստերի ճնշման տակ, գործը վերածվել է սպանության»,- ասաց Խ. Ալեքսանյանը:
Ինչպես նա, այնպես էլ ամբաստանյալների պաշտպանները գտնում են, որ մեղադրյալի աթոռին
չեն տեսնում իրական հանցագործին: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ