Լրահոս
Օրվա լրահոսը

Տրիտոնը «ներգաղթել է» Հայաստան

Սեպտեմբեր 08,2005 00:00

Իսկ բնապահպան գերատեսչությունը չի ուզում գրանցել նրան մեր բնաշխարհի կենդանացանկում

ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնը մողեսի նմանությամբ երկկենցաղ, ատամնավոր մեջքով կենդանի է, բնակության հիմնական վայրը՝ Կրասնոդարի երկրամաս, տեղ-տեղ հանդիպում է նաեւ Վրաստանի արեւմտյան շրջանում: Սակայն 1993-ին, բոլորի համար անսպասելի, տրիտոնը հայտնվեց Թումանյանի տարածաշրջանի Ճիլ գոլ անհոսք փոքրիկ ջրամբարում: Մոտիկ գյուղերի երեխաները դրանց բռնում-վաճառում էին՝ գորտի շերեփուկների փոխարեն: «Ես ինքս էլ, գորտերի ինչ-որ տեսակ փնտրելիս պատահաբար հանդիպեցի ինձ անհայտ այս երկկենցաղին, հետաքրքրվեցի նրանով եւ մինչ օրս էլ զբաղված եմ փոքրասիական տրիտոնի ճակատագրով»,- «Առավոտին» պատմեց բնապահպանության համակարգի նախկին աշխատակից, կենդանասեր Սահակ Անթանեսյանը:

Այդ օրվանից նա իր նախաձեռնությամբ սկսում է հատուկ ուշադրության տակ պահել լճակը, իսկ մեկ տարի անց՝ նաեւ Վրաստանի հետ սահմանամերձ Չանախչի գետակը, որտեղ նույնպես ի հայտ էր եկել երկկենցաղը: Սակայն տրիտոնների որսը շարունակվում էր, նրանց քանակը՝ նվազում: Տրիտոնի որսով սկսել են զբաղվել նաեւ պարսիկները, որոնք արտահանում էին՝ ինչ-որ դեղամիջոցի պատրաստման համար: Սահակը, կենդանու բազմացումն ապահովելու նպատակով՝ ստիպված մի քանի զույգ տեղափոխում է նույն կլիմայական պայմաններով մեկ այլ տարածք՝ Ջիվանք եւ Ջվալներ կոչվող հանդամասերի «գյոլեր», որտեղ հնարավոր էր արգելել տրիտոնի որսը:

Այս ընթացքում տրիտոնների պաշտպանը զեկուցագրերով բազմիցս դիմել է բնապահպանության նախարարություն՝ կենդանու բնակատեղիները հատուկ պահպանվող տարածքներ դարձնելու եւ նրանց որսն արգելելու խնդրանքով: Սակայն պաշտոնյաներն առանձնակի ուշադրություն չեն դարձրել խնդրին, թեպետ պարբերաբար եթերով հայտարարել են, որ՝ «տրիտոնի պաշտպանության հարցը պետք է լուծենք»: Բնապահպանական տեսչության պետերից մեկը՝ Նորայր Փահլեւանյանը, 1999-ին կենդանուն ներառեց արգելված որսատեսակների ցանկ՝ 20000 դրամ տուգանքաչափով, սակայն մեկ տարի անց, նրա աշխատանքից ազատվելուց հետո, տրիտոնը դուրս մնաց ցանկից: Այժմ էլ կենդանական աշխարհի մասին օրենքում եւ իրավական որեւէ այլ ակտում այս երկկենցաղը հիշատակված չէ: Կարծես գոյություն չունի:

Այնինչ՝ փոքրասիական տրիտոնով արդեն մի քանի տարի է՝ հետաքրքրվում են արտերկրի կենդանաբանները եւ գիտնականները: Մասնավորապես արտերկրի լաբորատորիաներից մեկում Հայաստանից արտահանված փոքրասիական տրիտոնի վրա կատարված փորձերի արդյունքում 18-20 սմ-անոց տրիտոնի երկարությունը անցել է 1 մետրից: «Փորձերը անցկացվում են Յուրայի դարաշրջանի բնակլիմայական պայմաններով լաբորատորիաներում: Տրիտոնների աճը դեռ չի կանգնել, ու ինչքան նրանք մեծանում են, այնքան նմանվում են դինոզավրերից հետո ի հայտ եկած ստեգոցեֆալ կոչվող երկկենցաղներին: Ու եթե մի փոքր երեւակայական մոտենանք, չի բացառվում, որ այս տրիտոնները դինոզավրերի հետնորդները լինեն, որոնք մոլորակի կլիմայական փոփոխության հետեւանքով փոխել են արտաքինը»,- մեկնաբանեց Սահակը, փորձերի մնացած մանրամասները թաքցնելով՝ «առայժմ գաղտնիք է»: Նրա ասելով, արդեն մի քանի միջազգային կառույցներ պատրաստ են ֆինանսավորել տրիտոնի բազմացման իր ծրագիրը, եթե տրիտոնի «խաթեր» բացած իր «Ունիէկոֆոր» ՍՊԸ-ի կառավարմանը արգելոցի տեսքով տրամադրեն տրիտոնի ներկայիս երկու բնակատեղիները:

Այս խնդրանքով նա խմբագրություն էր ներկայացրել բաց նամակ՝ ուղղված երկրի վարչապետին եւ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել