Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃՃՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

Սեպտեմբեր 08,2005 00:00

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 83.2 հոդվածում
նշված է. «Հեռարձակող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության
ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամների
կեսն ընտրվում է ԱԺ-ի, իսկ կեսը նշանակվում ՀՀ Նախագահի կողմից»: Երեւանի
մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս»-ը, «Հետաքննող
լրագրողներ» կազմակերպությունը եւ այլք դեռ հուլիսի 27-ին էին այս առնչությամբ հանդես
եկել հայտարարությամբ, որում նշված էր. «ՀՌԱՀ-ի ձեւավորմանը նախագահի եւ խորհրդարանի
հավասարաչափ մասնակցությունը որեւէ էական բան չի ավելացնում այդ մարմնի անկախության
երաշխիքներին, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդհանրապես անտեսվում
է: Ավելին, Սահմանադրության մեջ հիշյալ մարմնի ձեւավորման հիմնարար մեխանիզմների
ամրագրումը սահմանափակում է ՀՌԱՀ-ի անդամներին կոնկրետ օրենքով նշանակելու տարբերակների
շրջանակը եւ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման խոչընդոտներ ստեղծում»: Հայտարարության
հեղինակները կոչ էին արել ԱԺ պատգամավորներին՝ «մշակել ընդհանուր դրույթներ, որոնք
կապահովեն հասարակական նշանակության ոլորտները կարգավորող տարբեր տեսակի անկախ մարմինների
(այդ թվում՝ ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի) ձեւավորմանը խորհրդարանի մասնակցությունը, կամ Սահմանադրության
փոփոխությունների նախագծից պարզապես հանել մեկ կոնկրետ մարմնի (ՀՌԱՀ-ի) ձեւավորման
կոնկրետ մեխանիզմներ սահմանող ցանկացած դրույթ»: Հուլիսի 28-ին հայտարարությամբ
հանդես եկավ նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա
գնահատականով՝ ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման շուրջ
նախագծում «առաջարկվող մեխանիզմներն ամենեւին չեն նպաստում խնդրի լուծմանը»: Լարիսա
Ալավերդյանը նշել էր, թե նախագծով անդրադարձ է կատարվել միայն ՀՌԱՀ անդամների նշանակման
կարգին. «Մինչդեռ պակաս կարեւոր չէ նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
կազմավորման հարցը, որն ի սկզբանե նույնպես եղել է օրակարգում»: Պաշտպանի
մոտեցումներն անտեսվեցին, ինչպես նաեւ՝ Հայաստանի լրագրողական կազմակերպությունների
առաջարկները: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սեպտեմբերի 1-ին ընդունվեց
այս մասով առանց որեւէ փոփոխության: Թեեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը քննարկումների
ընթացքում խոստացավ, որ սահմանադրական փոփոխություններից հետո «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասին» օրենքում կվերանայվեն Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի
կարգավորիչ լիազորությունները եւ կփոխանցվեն ազգային հանձնաժողովին: Սահմանադրական
իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այս առնչությամբ հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը
բազմիցս մտահոգություն է արտահայտել, թե ՀՀՌԽ խորհրդի կազմը քաղաքական նկատառումներով
է ընտրված եւ ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո.
«Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին մի քանի անգամ կոչ է արել փոխել այդ կարգը։
Ի պատասխան՝ իշխանություններն ասել են, որ գործող սահմանադրությունը խոչընդոտում
է դրան։ Սակայն առաջարկված նախագիծը նույնպես չի լուծում այս հարցը»։ Երեւանի
մամուլի ակումբը եւս այս առնչությամբ հանդես է եկել մեկնաբանություններով: ԵՄԱ-ն
համարում է, թե Սահմանադրության ԶԼՄ-ներին առնչվող փոփոխությունների առնչությամբ
բազմաթիվ էական հարցեր են մնում. նախ՝ «Հատկապես ի՞նչ անկախ մարմին եւ ի՞նչ առաքելությամբ
է ձեւավորվելու 83.2 հոդվածի համաձայն», եւ հետո՝ «Ինչո՞ւ սահմանադրական բարեփոխումների
հեղինակները նման համառությամբ պաշտպանեցին միայն մի անկախ մարմնի ձեւավորման գաղափարը:
Կա՛մ նրանք համարում են, թե հանրային հեռարձակումն ընդհանրապես կարիք չունի նման
մարմնի, կա՛մ էլ միեւնույն մարմինը պիտի կարգավորի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր
ընկերությունների գործունեությունը»: ԵՄԱ-ն նշում է, որ եթե առաջինն է՝ ապա նրանց
որոշումը հակասում է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Իսկ եթե
երկրորդն է, ուրեմն՝ մտադիր են փոխել հեռուստաոլորտի կարգավորման օրենքով ամրագրված
ամբողջ մոդելը. «Փոխել, իհարկե, կարելի է, եւ բացառված չէ, որ անգամ ցանկալի է, սակայն
նախ պետք է պատկերացնել, թե ինչն՝ ինչով: Այս առումով՝ հանելուկ է մնում, թե որտեղ,
երբ եւ ում կողմից է քննարկվել այս փոփոխության անհրաժեշտությունը: Վերջին 8 տարիներին
հեռարձակման օրենսդրությունը եղել է Հայաստանում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միջազգային
եւ տեղական համաժողովների, սեմինարների ու խորհրդակցությունների բանավեճերի առարկա:
Բայց դրանցից եւ ոչ մեկում չի արծարծվել ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի միաձուլման հարցը»: Այս
իրավիճակն, ըստ ԵՄԱ-ի, կասկած է առաջացնում, որ հերթական անգամ մոտեցումների անորոշությունը
կօգտագործվի ի վնաս խոսքի ազատության. «ԶԼՄ-ների մասով սահմանադրական բարեփոխումները
ստեղծում են հակասական ու խճճված իրավիճակ եւ արդեն այսօր կարելի է պատկերացնել,
թե ինչ հիվանդագին է լինելու օրենքի փոփոխման գործընթացը»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել