Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՅԱՆԻՆ ԿԿՊՑՆԵ՞Ն ՍԵՐԺԻՆ

Սեպտեմբեր 08,2005 00:00

Վերջին տարիներին որեւէ կուսակցության պառակտումը կամ մասնատումը ընդունված է համարել իշխանությունների ձեռքի գործը: Համոզմունքը, որ գործող իշխանությանը ձեռնտու է քանդել եւ քայքայել ընդդիմադիր դաշտը, շարունակում է մնալ օրակարգում, սակայն «Հանրապետություն» կուսակցությունից սեփական կամքով հեռացած Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարեցին, որ իրենց քայլը ոչ ոք չի համարձակվի կապել իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի անվան հետ:

Ալբերտ Բազեյանը նույնիսկ չթաքցրեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներից մեկն իմանալով, որ հեռացման մասին որոշումն անբեկանելի է, զգուշացրել է. «Այդ քայլին եթե գնացիք, Սերժին կկպցնեն ձեզ»: Սակայն պարոն Բազեյանը վստահ է, որ նման բան չի կարող լինել, քանի որ, նախ՝ այդպես չէ, եւ հետո՝ ինքը հինգ տարի է արդեն որեւէ շփում չի ունեցել պաշտպանության նախարարի հետ. «Կարող եք գնալ եւ հարցնել Սերժ Սարգսյանին, հինգ տարի մենք իրար հետ որեւէ բանի շուրջ խոսե՞լ ենք ընդհանրապես, խոսե՞լ ենք իրար հետ, թե՞ ոչ, կարող եք գնալ, տղամարդավարի իրեն հարցնել: Այնպես որ, այս շահարկումները մեջտեղից հանեք, մեզ ոչ ոք չի կարող ուղղորդել կամ թելադրել: Ես կուրորեն որեւէ մեկի հետեւից չեմ գնացել եւ ոչ էլ պատրաստվում էի գնալ Արամ Սարգսյանի հետեւից: Ես փորձել եմ իրենց պատվար, թիկունք լինել, բայց զգում եմ, որ ճանապարհը, ցավոք սրտի, այլ է»:

Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են կուսակցության տարածքային կազմակերպությունների 75, եւ սկզբնական կազմակերպություների 50 տոկոսը, սա նշանակում է, կուսակցության, ըստ էության, քայքայում: Սակայն Ալբերտ Բազեյանը այս թվերի հրապարակումից հետո շտապեց ասել. «Ես չէի շտապի նման տոկոսային հարաբերություններ նշել, հավանաբար այդ հարցում ավելի լավատեղյակ է Վաղարշակ Հարությունյանը: Մենք որեւէ նպատակային, կրկնում եմ՝ որեւէ նպատակային աշխատանք չենք իրականացնում «Հանրապետություն» կուսակցությունից մարդկանց հանելու համար»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել