Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնա՞լ, թե՞ չգնալ, սա չէ խնդիրը

Սեպտեմբեր 08,2005 00:00

«Արդարությունը» տատանվում է

«Արդարություն» դաշինքի երեկվա նիստում այդպես էլ չքննարկվեց խորհրդարան վերադառնալու եւ Աժ ամբիոնն ընդդեմ կոալիցիայի օգտագործելու հարցը: «Արդարություն» խմբակցությունն այդ հարցը հավանաբար կքննարկի երկուշաբթի կայանալիք խմբակցության նիստում: Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի մեկնաբանությամբ, հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ ուրբաթ, ԱԺ հերթական նստաշրջանից առաջ քննարկվելու է ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցը եւ իրենք գտան, որ ճիշտ չի լինի մասնակցության հարցը քննարկել այդ նիստից առաջ. «Դաշինքի նիստից առաջ մենք եկանք համաձայնության, որ այսօր (երեկ-Մ. Ե.) չենք անդրադառնա Աժ աշխատանքներին մեր մասնակցության մասին հարցին: Ես չեմ կարծում, որ այդ հարցն այսօր չքննարկելը կարող է մեր երկրի համար կործանարար հետեւանքներ ունենալ: Հարցը զուտ տեխնիկական է, եւ չեմ կարծում, որ դա այնքան հրատապ եւ անհրաժեշտ հարց է, որ մենք դրան անդրադառնանք Աժ այս նստաշրջանը սկսվելուց առաջ: Ուրբաթ օրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է մեր բացակայությունների հետ կապված խնդիրը, եւ որպեսզի սակավամիտները եզրակացություններ չկատարեն, որ դրանից դրդված մենք այսօր քննարկում ենք մեր մասնակցել-չմասնակցելու հարցը, այդ տեխնիկական հիմնավորմամբ, մենք հարցին կանդրադառնանք դաշինքի հետագա նիստերի ընթացքում»:

Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ հայրենի ընդդիմությունը այնքան խոհեմ կգտնվի, որ խորհրդարան վերադառնալու որոշում չի կայացնի: Դրա համար նա երկու պատճառ է վկայակոչում: Նախ՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելիս ընդդիմությունը մի շարք պահանջներ էր առաջադրել, որոնցից եւ որեւէ մեկը մինչ այսօր չի բավարարվել, ապա՝ երկրում լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, եւ ընդդիմությունը պետք է պահպանի իր կարծր դիրքորոշումը: Հ. Հովհաննիսյանի համոզմամբ, երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը պարարտ հող է նախապատրաստել վերջնական արդյունքի համար: Իսկ որպես այդպիսին, Հովհաննես Հովհաննիսյանը վկայակոչում է հարկադրված ժողովրդավարական բարեփոխումները:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել