Ասում Քանաքեռ-Զեյթունի թաղապետի բոլոր թեկնածուները
Սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի կունենան թաղապետի ընտրություններ: Ի՞նչ են խոստանում համայնքում իրենց քարոզարշավն արդեն վաղուց սկսած երեք անկուսակցական ու հիմնական թեկնածուները:
Սկսենք, թերեւս, գործող թաղապետ Ռուբեն Սինոյանից: Երեկ համայնքում կատարած մեր շրջայցի ժամանակ մենք այդպես էլ գործող թաղապետի քարոզչական պաստառները չտեսանք:
Երեկվա դրությամբ, Ռ. Սինոյանն անգամ քարոզչական բուկլետներ չէր տարածել: Թե որքանով է դա պայմանավորված շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե Ռ. Սինոյանը կարող է այս անգամ չվերընտրվել թաղապետի պաշտոնում, փորձեցինք պարզել վերջինիս նախընտրական շտաբի ներկայացուցիչներից: Այստեղից մեզ փոխանցեցին, որ թաղապետը վստահ է իր վերընտրության մեջ եւ չընտրվելու հեռանկարի մասին որեւէ խոսք չկա: Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա՝ առայժմ Ռ. Սինոյանի գովազդային 7 րոպեանոց հոլովակները ցուցադրվում են ԱԼՄ հեռուստաընկերությամբ: Սեպտեմբերի 10-ից հետո թաղապետը ակտիվ քարոզչություն կծավալի համայնքի բնակիչների հետ հանդիպումների տեսքով, կտարածվեն նաեւ նրա նախընտրական-քարոզչական բուկլետները:
Իսկ քանի դեռ գործող թաղապետն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, հիշեցնենք, թե նա ինչ էր խոստացել իր նախորդ ընտրության ժամանակ: Իսկ դա դժվար թե ոգեւորիչ լիներ կենցաղային հիմնախնդիրների լուծման կարոտ այդ համայնքի բնակիչների համար: Գործող թաղապետն այն ժամանակ խոստացել էր մասնավորապես «զարգացնել Հայրենիք-Սփյուռք կապը, համագործակցելով «Կենաց ծառ» կերպարվեստի հիմնադրամի հետ, համայնքի տարածքում անցկացնել քանդակի միջազգային սիմպոզիում, մեծ շուքով նշել Քանաքեռի Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի հիմնադրման 135-ամյակը, ԳԱԱ հետ միասին հիմք դնել զեյթունագիտությանը» եւ այլն: Որպես 2000-2002թթ. պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանք, պարոն Սինոյանը մատնանշել էր նաեւ այն, որ Մոնրեալում բացվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ներկայացուցչություն, որը սակայն չէր թեթեւացրել համայնքի բնակիչների կենցաղային խնդիրները: Ստեղծվել էր նաեւ համայնքային կենտրոնացված գրադարան՝ Քանաքեռի եւ Զեյթունի մասնաճյուղերով, որի տնօրենն, ի դեպ, թաղապետի կինն է: Թե ի՞նչ կխոստանա գործող թաղապետն իր համայնքի բնակիչներին այս անգամ՝ պարզ կլինի հաջորդ շաբաթ:
Թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանի նախընտրական կարգախոսը խիստ ինքնատիպ է՝ «Ինքնակառավարումը գործարարի ձեռքում»: Իր՝ «Համայնքի եռամյա զարգացման ծրագիրն» այս թեկնածուն պատկերացնում է այսպես՝ «Անապահով խավի սոցիալական խնդիրների արագ ու արդյունավետ լուծում», որն, ըստ թեկնածուի, ենթադրում է՝ «աջակցություն համայնքում ապրող պատերազմի եւ աշխատանքի վետերաններին, ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին» եւ «նրանց ներգրավումը հասարակական կազմակերպություններում»: Ընդ որում, այդ հարցերով, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններում ներգրավելով, ըստ Ա. Քոթանջյանի, պետք է զբաղվի թաղապետարանի սոցիալական բաժինը: Թեկնածուն մտադիր է «կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ օգնելով համայնքի բնակիչներին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար», «առանձին ծրագրով իրականացնել բարեկարգման աշխատանքներ՝ համայնքի ողջ տարածքով», այդ թվում՝ բարեկարգել բակերն ու վերանորոգել շենքերի մուտքերը, տանիքները, ստեղծել խաղահրապարակներ՝ ապահովել դրանք անհրաժեշտ գույքով՝ «աջակցել քաղաքացիներին՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում», իսկ թե դա ի՞նչ է նշանակում՝ թեկնածուն ինքը, գուցե, կմանրամասնի բնակիչների հետ իր հանդիպումների ժամանակ:
Համայնքում առաջադրված մյուս հիմնական թեկնածուն Վալերիկ Հարությունյանն է: Նրա նախընտրական կարգախոսն է՝ «Անհրաժեշտ են փոփոխություններ»: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար: «Առաջին հերթին պետք է անել այն, ինչ պարտավոր է անել թաղապետը, ինչը նրան պարտադրում է անել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Ուրեմն, ավելորդ է խոստանալ արդյունավետ ծախսել համայնքի ֆինանսական միջոցները, վերանորոգել տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգել եւ ասֆալտապատել փողոցները, պահպանել կանաչապատ տարածքները, ժամանակին կազմակերպել աղբահանումը, բնակիչների կարիքներին ծառայեցնել համայնքային սեփականությունը: Դա թաղապետի պարտականությունն է: Պատկերացրեք մի բժիշկ, որն ընդունվելով աշխատանքի, խոստանում է բուժել հիվանդներին: Ուրեմն չեմ խոստանում այն, ինչ պարտավոր եմ անել, եթե ընտրվեմ համայնքի ղեկավար: Համոզված եմ, որ նույնիսկ ներկա բյուջեն հնարավորություն է տալիս անել ավելին, եթե այն օգտագործվի արդյունավետ: Պետք է կրճատել թաղապետարանի ուռճացված աշխատակազմը եւ հաճախ անիմաստ գործուղումների ծախսերը եւ ազատված միջոցները ծախսել համայնքի զարգացման նպատակին»:
Վ. Հարությունյանը իր ծրագրային դրույթում նաեւ առաջնային է համարում համայնքի համար լրացուցիչ միջոցների հայթայթումը եւ համայնքային բյուջեի համալրման տարբեր աղբյուրներ է նշում՝ վկայակոչելով ԱԺ ընդունած օրենքներից մեկը, որով իրավաբանական անձնացից գույքահարկի եւ հողահարկի գանձման իրավունքը փոխանցվել է համայնքներին. «Բոլոր ջանքերը գործադրելու եմ, որպեսզի արագ ձեւավորվի այդ հարկերը հավաքագրող թաղապետարանի համապատասխան ստորաբաժանումը, գործի արդյունավետ, եւ արդեն հաջորդ տարի համայնքի բյուջեն զգալիորեն կաճի»: Թաղապետի համոզմամբ, համայնքը նաեւ զարգացման ծրագիր պետք է ունենա, այդ թվում նաեւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ, որոնք նպաստում են ՀՀ համայնքների զարգացմանը: Նրա ասելով, դրան հասնելու համար անհրաժեշտ է միայն այդ կազմակերպություններին համոզիչ ծրագիր ու առաջարկ ներկայացնել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ