Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՑ

Սեպտեմբեր 07,2005 00:00

ՎԵՑ ՄԱՐԶԱԲԱԶԱՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ Այս տարվա գարնանը կառավարության որոշմամբ մայրաքաղաքի վեց խոշոր մարզակառույցներում հիմնական նորոգում սկսվեց, որի ֆինանսավորման առյուծի բաժինը դրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի վրա: Սպորտի պետական կառույցի ու ՀԱՕԿ-ի ղեկավարությունն այս ամբողջ ընթացքում շինարարական աշխատանքները մշտապես պահել են ուշադրության կենտրոնում, պարբերաբար այցելել օբյեկտներ: Հերթական շրջայցը կատարվեց երեկ: Բոլոր մարզակառույցներում էլ շինարարությունը թեւակոխել է ավարտական փուլ: Շինարարները խոստանում են դրանք շահագործման հանձնել նախանշված ժամկետներում՝ իհարկե ապահովելով բարձր որակ: Ծախսվել են հսկայական դրամական ու նյութական միջոցներ, որպեսզի մեր առաջատար մարզիկները շուրջտարի նորմալ պայմաններում մարզվելու հնարավորություն ունենան, իսկ երեխաներն ու ազգաբնակչությունը կարողանան կոփել առողջությունը: Հասկանալի է, որ նման հնարավորություն ամեն անգամ չի ստեղծվում: Ու դա քաջ գիտակցում են նաեւ շինարարները, որոնք աշխատում են «այս ամենը նաեւ մեր երեխաների համար է» նշանաբանով: Հանրապետության մարզական ղեկավարները, մասնագետները գոհ մնացին արվող աշխատանքից: Այս անգամ նրանց հետ էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, որն իր տպավորությունները կիսեց «Առավոտի» հետ: – Այն, ինչ ձեզ հետ միասին տեսանք, ինձ ուրախացրեց: Հուսով եմ, որ արված գործը կնպաստի մեր մարզիկների ցուցանիշների բարձրացմանը, ավելի մեծ թվով երեխաների սպորտի մեջ ներգրավելուն: Եթե խոսելու լինենք մեծ սպորտի մասին, հայաստանցի մարզիկների մրցելույթների մակարդակն օլիմպիական խաղերում ոչ ոքի չպետք է զարմացնի, եթե նայելու լինենք նրանց մարզումային հնարավորություններին: Կարծում եմ՝ գումարները, որ հատկացնում ենք մարզաբազաների հիմնանորոգմանը, լիովին արդարացված են: Դա ոչ միայն սպորտի, այլեւ ազգաբնակչության առողջության, ազգային արժանապատվության համար է եւ հույս ունեմ, որ մենք մեդալներ կտեսնենք ամենաբարձրակարգ մրցումներում: Մենք այդ հնարավորությունն ունենք: – Հիմնադրամն այլ մարզական ծրագրեր ունի՞: Ասենք, Հայաստանի մարզերում: – Եկեք առայժմ այս մեկն ավարտենք: Սա մեզ համար նոր ու բավականին բարդ ծրագիր էր: Գումարը հատկացվել էր նպատակային, հատուկ մարզական կառույցները վերանորոգելու համար: Եթե բարերարները տեսնեն ու հասկանան, որ արդյունքներ կլինեն, կարծում եմ, շարունակություն կլինի: Համենայնդեպս, ես դա ուզում եմ: Ինչ վերաբերում է մարզերին, գիտեմ, որ կառավարությունն այնտեղ ծրագրեր ունի եւ իրականացնում է: «Հայաստան» հիմնադրամը մարզերում մարդկանց ամենօրյա կենսական խնդիրներով է զբաղվում՝ ջրատարներ, դպրոցներ, հիվանդանոցներ… – Մայրաքաղաքի համար որքա՞ն գումար եք հատկացրել: – Երկու միլիոն դոլարին համարժեք դրամից ավելի: – Սպորտ սիրո՞ւմ եք եւ որեւէ մարզաձեւով զբաղվե՞լ եք: – Մի քիչ լողով եմ զբաղվել, հետեւաբար սպորտ սիրում եմ: Շրջայցի ավարտին, երբ հանպատրաստից վերլուծվում էր տեսածը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մինչեւ հիմա դժգոհությունը հիմնականում պայմաններից էր: Այդ խնդիրներն աստիճանաբար լուծում ենք: Բայց նաեւ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ միասին որոշել ենք շուտով լրջորեն զբաղվել նաեւ կադրային հարցերով: Փոփոխություններ լինելու են: Ով չաշխատի՝ սպորտում տեղ չի ունենալու: Իսկ ով արդյունք տա՝ կգնահատվի շատ ավելի»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել