Լրահոս
Օրվա լրահոսը

Անճարի

Սեպտեմբեր 07,2005 00:00

Անճարի թատերախումբը՝ հայաստանյան բեմերում Լիբանանի Համազգայինի «Պարույր Սեւակ» մասնաճյուղի Անճարի «Լուսարձակ 40» թատերախումբը հայաստանցի հանդիսատեսի դատին կհանձնի Լեւոն Շանթի «Ճամբուն վրայ» գործը: Հանդիպեցինք թատերախմբի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Ռոբերտ Առաքելյանին: – Թատերախումբն առաջին անգամ է Հայաստանում, ո՞ւմ հրավերով եք ժամանել: – Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի հրավերով ենք եկել: Երկու ներկայացում պիտի խաղանք սեպտեմբերի 8-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 11-ին՝ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում: Ծնունդով Դսեղ գյուղից եմ, գտնում եմ՝ թատերական ներկայացումներ խաղալը մարզերում նույնիսկ պարտադիր է: Դսեղում թատրոն չկար, բայց Երեւանից դրամատիկական, իսկ Վանաձորից՝ Հովհաննես Աբելյանի անվան թատրոնները հյուրախաղերով գալիս էին շրջաններ, նաեւ մեր գյուղ էլ էին գալիս, ես մեծ դերասաններ էի տեսնում բեմի վրա: Այստեղից էլ սերս դեպի թատրոնը: 1984-ին Հրաչյա Ղափլանյանը կուրս էր հավաքում գեղարվեստաթատերական ինստիտուտում, ես, որ անընդհատ մրցույթից դուրս էի մնում՝ որոշեցի ուժերս մեկ անգամ եւս փորձել: Ու, փառք աստծո, ստացվեց: 1988-1993 թթ. աշխատել եմ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում: – Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Լիբանանում: – Դեպքերի բերումով: 1993-ի հունվարի 2-ին, թողնելով մեր զարդարված տոնածառը, գնացինք Լիբանան: Մտածում էինք 1 ամսից կվերադառնանք, բայց եկանք 4 տարի հետո: Հայաստանում այնպիսի տարիներ էին, որ թատրոնները ընդամենը մի քանի ամիս էին աշխատում: Իսկ Լիբանանում, անկախ իմ կամքից, ստեղծվել էր աշխատանքի նոր դաշտ, որը դարձյալ հայկական էր ու հայ սերնդի համար: – Դառնանք Անճար ավանի թատերախմբին եւ նրա հետ կապված ձեր գործունեությանը: – Թատերախումբը հիմնվել է 1979-ին, երբ տոնում էին Անճարի հիմնադրման 40-ամյակը: 1993-ից մինչեւ այսօր ես եմ այդ թատերախմբի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը: Բեմադրել եմ ինչպես օտար, այնպես էլ հայ հեղինակների գործեր: – Հայաստանում ներկայացնելու եք Շանթի «Ճամբուն վրայ» գործը: Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հատկապես այս ստեղծագործությունը: – «Ճամբուն վրայ» գործը Շանթի չբեմադրված գործերից է: Հիմնականում բեմադրվել է նրա «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլը», «Հին աստվածները»: Կարծում եմ՝ չբեմադրվելու պատճառը ոչ թե գեղարվեստական արժանիքների պակասն է, այլ խորհրդային տարիներին Հայաստանում չհրատարակված լինելը: Գիտեք, որ Սփյուռքի համար Հայաստանն է գրական աղբյուրը, եւ այստեղի հրատարակություններից ենք բոլորս օգտվում: Շանթը այս գործը գրել է 100 տարի առաջ, սակայն այն մինչեւ հիմա էլ չի կորցրել իր հրատապությունը, կարծես մեր օրերի համար գրված լինի: Հերոսը՝ Վահրամը, որ ազատամարտիկ է, ուզում է մեկնել երկիր: Պոլսում նա հանդիպում է Մարիին, որ դառնում է իր սիրելին: Ծնվում է մի գեղեցիկ սիրավեպ, ու Վահրամը կանգնում է երկընտրանքի առջեւ՝ կամ հայրենիքը, որ վտանգի մեջ է, կամ՝ սերը: Վահրամը որոշում է անպայման մեկնել հայրենիք, իսկ Մարին անձնասպան է լինում: Բոլորովին վերջերս մեր ազատամարտիկները մեկնում էին Արցախը պաշտպանելու, նրանք էլ ունեին սիրած աղջիկներ ու կանայք… – Ձեր թատերախմբում պրոֆեսիոնալ դերասաննե՞ր են խաղում: – Պրոֆեսիոնալներ չունենք, բայց տքնում ենք պրոֆեսիոնալների նման: Աշխատանքի սկզբունքները հետեւյալն են՝ կարեւորը բեղ-մորուք կպցնելը, բեմ բարձրանալը եւ մասխարա բաներ անելը չէ: Իրենք գիտեն, որ տեսարանների վրա պետք է երկար աշխատեն, հղկվեն-կոփվեն: Թատերախումբը համալրվում է դպրոցներից: Վերջին 10 տարիներին Լիբանանի կրթական նախարարի հրամանով բոլոր դպրոցներում թատրոնի դասաժամեր եմ մտցվել: Պարտադիր չէ, որ բոլորը լավ դերասան դառնան: Ովքեր դերասան չեն դառնում, գոնե լավ հանդիսատես են դաստիարակվում: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել