«ԳՈՐԾԻ ԴՆԵԼ ՄԵԽԱՆԻԶՄԸ» Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածուներից է գործարար Արայիկ Քոթանջյանը: Թեկնածուին սատարում է համայնքից ընտրված պատգամավոր Մանուկ Գասպարյանը: – Պրն Քոթանջյան, դուք գործարար եք, իսկ թաղապետի աշխատանքը ժամանակատար է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու պատասխանատու աշխատանքների համատեղումը՝ ժամանակի առումով: – Իմ ձեռնարկության աշխատանքները ես այնպես եմ մշակել ու կազմակերպել, որ յուրաքանչյուրն իր գործը գիտի: Եթե ես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում բացակայել, ամեն ինչ բնականոն հունով է ընթանում: Ես կարող եմ ամսվա մեջ 2-3 անգամ այցելել, հետեւել ու վերահսկել աշխատանքները: Նման մեխանիզմի ստեղծումը տարիների ձեռքբերում է: Ես իմ աշխատողներից շատերին էլ եմ, որպես մասնագետ, տարիների ընթացքում պատրաստել եւ այսօր հանգիստ վստահում եմ աշխատանքները: – Ձեր կենսագրականում նշվում է, որ որեւէ կուսակցության անդամ չեք եղել: Ինչո՞վ է դա պայմանավորված. սկզբունքորեն դե՞մ եք, թե՞ երբեւէ որեւէ կուսակցության գաղափարախոսություն համահունչ չի եղել Ձեր քաղաքական տեսակետների հետ: – Ճիշտն ասած, էլեկտրալամպերի գործարանում աշխատելու տարիներին եղել եմ կոմսոմոլի առաջին քարտուղար: Մի անգամ, երբ մեր ժողովներից մեկի ժամանակ բավականին ակտիվություն ցուցաբերեցի եւ մեր պարտկոմն իմացավ, որ ես բարձրագույն կրթություն ունեմ, ասաց. «Գիտես, մեր կուսակցությունը բանվորական կուսակցություն է»: Իսկ 1987թ., երբ նոր էր ձեւավորվում կոոպերատիվ շարժումը եւ ես հիմնադրեցի իմ ձեռնարկությունը, կոմկուսի առաջնորդներն իմ առջեւ խնդիր դրեցին: Արդյունքում ես, հավանաբար որպես կապիտալիզմի տարր, ազատվեցի կոմսոմոլի շարքերից եւ սկսեցի զբաղվել բիզնեսով: Այն ժամանակ ես 23 տարեկան էի եւ մի համարձակ քայլի դիմեցի. մեծ վարկ վերցրի եւ ստեղծեցի իմ ֆիրման, որն արդարացրեց իմ հույսերը: Դրանից հետո որեւէ կուսակցության անդամագրվելու ցանկություն եւ անհրաժեշտություն չի եղել: – Ո՞րն եք համարում համայնքի ամենահրատապ, առաջնակարգ լուծում պահանջող խնդիրը: – Առաջին հերթին պետք է գործի գցել համայնքապետարանի ամբողջ մեխանիզմը, որպեսզի պարզենք, թե որտեղ ինչ խափանումներ կան: Յուրաքանչյուր չլուծված խնդիր առաջնային է, քանի որ յուրաքանչյուր բնակիչ իր պրոբլեմն է համարում ամենակարեւորը: Պետք է բոլոր ճյուղերն աշխատեցնել, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն: Իսկ դրանք շատ են: – Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ հիշյալ մեխանիզմը կամ չի գործում, կամ լավ չի գործում: – Ինձ թվում է, գոնե վերջին երեք տարում, ընդհանրապես չի գործում: Իսկ մինչ այդ գործել է վատ: Աշխատանքներ սկսվել են կատարվել վերջին երեք ամսում, այն էլ՝ միայն ժողովրդի համար տեսանելի ու ցուցադրական աշխատանքներ: – Ձեր նախընտրական ծրագրում նշված է, որ պետք է առաջնակարգ լուծում տրվի անապահով խավի սոցիալական խնդիրներին: Բայց չէ՞ որ դա ամբողջ հանրապետության եւ գործող համակարգի խնդիրն է: Հնարավո՞ր է այն լուծել համայնքի շրջանակներում: – Բնականաբար, ես չեմ գալիս որպես բարեգործական հիմնադրամի նախագահ: Համայնքն ունի որոշակի գումար, որից մի մասը հատկացվում է ամենամսյա սոցիալական խնդիրների լուծմանը: Ես ուսումնասիրել եւ պարզել եմ, թե մինչ օրս ինչ կարգով է դա արվում. խնամի-ծանոթ-բարեկամ մեթոդով: Այն անապահով խավը, որը ունի հրատապ օգնության կարիք, սովորաբար մնում է ետին պլանում: Հանդիպել եմ մի քանի գործերի, որ, օրինակ, կա 700.000 դրամի վճարում, իսկ 5000 դրամի օգնության հարցը անգամ օրակարգ չի մտել: Այս ամենի բացատրությունը չկա: Իմ ընտրվելու դեպքում նախ պետք է ուսումնասիրենք մեր համայնքի ֆինանսական հնարավորությունները, եւ, ըստ այդմ, որոշակի գումար կհատկացնենք սոցիալական բաժնին, որն էլ անմիջականորեն կաշխատի ժողովրդի հետ: Բնակիչը, հնարավորության դեպքում, իր խնդրի լուծումը տեղում կստանա, ոչ թե անորոշության մեջ կսպասի օրեր, ամիսներ: Սոցիալական բաժինն ամսվա վերջում հաշվետվություն կներկայացնի ավագանուն ու թաղապետին: – Այսօր Ձեր համայնքում կա 74 ավագանու թեկնածու: Ինչո՞վ է պայմանավորված թեկնածուների այս մեծ թիվը: – Իմ կարծիքով, կոնկրետ մեր համայնքում ավագանու դերը հավասարվել է զրոյի, նրա վարկանիշն այնքան է իջեցված, որ գլուխ բարձրացնողն իրեն ավագանի է տեսնում: Ինձ թվում է, որոշ մարդիկ իրենց թիմը մեծացնելու համար խրախուսում են մեկը մյուսին՝ թեկնածություն դնել: Մինչդեռ այդ թեկնածուները չեն մտածում, որ իրենք ինչ-որ մեկի ձեռքին գործիք են, չեն մտածում, որ թաղապետը պետք է նախընտրի 15-ից ոչ ավելի թեկնածուի: Արդյունքում իրենք իրար դեմ են պայքարում: Այսինքն, որոշ մարդկանց կողմից գոնե մարդկային բարոյական կողմերը չեն պահպանվում: – Ո՞վ է Ձեր ամենաուժեղ մրցակիցը այս ընտրապայքարում: – Այդ մասին չեմ մտածել: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R