Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժը

Սեպտեմբեր 07,2005 00:00

Պատիժը խստացրին Պայմանական վաղաժամկետ ազատված կապիտանին վերադարձնելու են մեկուսարան ՀՀ քրեական եւ զինվորական գործերի վճռաբեկ պալատին վճռաբեկ բողոքով դիմել էր զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանը: ՊՆ N զորամասի ֆինանսական ծառայության պետ, կապիտան Աթաբեկ Գալոյանը դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ զորամասի գումարները վատնելու եւ յուրացնելու համար: Կրելով սահմանված պատժի կեսը՝ 2 տարի 9 ամիս 6 օր, պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասից 2 տարի 8 ամիս 24 օր շուտ: Բացի այդ, անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի դատավճռով որոշվել էր հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության բռնագանձել 31.713.435 դրամ, իբրեւ հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Սակայն զինդատախազությունը գտնում է, որ նրան ազատելը սխալ է եւ դատարանից պահանջում է վերադարձնել Ա.Գալոյանին ազատազրկման վայր: Զինդատախազության կարծիքով՝ դատապարտյալի նկատմամբ «պատժի չկրած մասի փոխարինումը ավելի մեղմ կկիրառվեր այն դեպքում, երբ նա օրինակելի վարքագծով եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցեր իր ուղղված լինելը»: Արդյունքում թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարանները վճռեցին Ա. Գալոյանին վերադարձնել մեկուսարան: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Գալոյանին պայմանական վաղակետ ազատելու հարցը, եզրակացրել է. «Ինչ վերաբերում է ՊՆ 31.713.435 դրամի չափով պատճառված վնասից մինչ այսօր ընդամենը նրա կողմից 20.000 դրամի չափով վերականգնվելուն, ապա դատարանը գտնում է, որ դրանով դատապարտվածը ցանկանում է մոլորության մեջ գցել դատարանին եւ արհեստականորեն տպավորություն ստեղծել այն մասին, որ ինքը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ պատճառված վնասը հատուցելու նպատակով»: Բարձրագույն կրթությամբ, 2 անչափահաս երեխայի հայր Ա. Գալոյանը պնդում է. «Նորից անազատության մեջ գտնվելով՝ վնաս է հասցվում ոչ միայն պետությանը, այլեւ այն երկու անչափահաս երեխաներին, ովքեր 2,5 տարի անհայր մեծանալով, դեռեւս այդքան ժամանակ էլ պետք է սպասեն ինձ»: Վերջինս իրեն մեղսագրված 750.000 դրամի յուրացման կապակցությամբ «Առավոտին» հայտնեց. «Ես ոչ թե յուրացրել եմ, այլ դատաքննությունների ժամանակ չեմ կարողացել հիմնավորել, թե զորամասի ինչ կարիքների համար եմ դրանք օգտագործել»: Ա. Գալոյանը համաձայն չէր եւ առարկում էր ԶԴ բողոքի այս ձեւակերպմանը, ըստ որի, նյութական վնասի չվերականգնելը վկայում է իր ոչ օրինակելի վարքագծի մասին: Սեպտեմբերի սկզբին Վճռաբեկը նույնը թողեց դատավճիռը: Ա. Գալոյանին մեկուսարան «կուղեկցեն», որով կխախտվի Սահմանադրության հոդվածներից առաջնահերթը. «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Սակայն ո՞ր երկրում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել